Բալասանյանի 12 արձանները, Ղուկասյանի «Վարդանանքն» ու «Աշոտ Ողորմածը»

Գյումրիի ավագանու վերջին նիստին քննարկման դրվեց քաղաքի Աբովյան փողոցում հանրաճանաչ գյումրեցիների արձաններ տեղադրելու հարցը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հպարտացավ, որ մտահղացումն իրենն է, ինքն առաջարկել է, Հանրապետության նախագահն էլ խոստացել է, որ կֆինանսավորի: Քաղաքապետի խոսքերով՝ սա աշխարհի խոշոր քաղաքներում ընդունված երևույթ է. տուրիստները գնում են, նստում մեծերի արձանների կողքին ու զրուցում նրանց հետ: Ավագանու ընդդիմադիր անդամների կողմից առաջարկը միանշանակ չընդունվեց, որոշում կայացրեցին առաջիկայում հանրային լսումներ կազմակերպել՝ հաշվի առնելու եւ լսելու բնակչության կարծիքը: Սակայն մինչ կհրավիրվի հանրային լսում, քաղաքապետարանն արդեն հրապարակել է 17 հանճարների անուններ, որոնցից 12-ի արձաններն առաջարկում է տեղադրել Աբովյան ճեմափողոցում: Նրանք են՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազն ու Ավետիք Իսահակյանը, փիլիսոփա, գրող, երաժիշտ, պարուսույց, սցենարիստ Գեորգի Գյուրջիևը, ակադեմիկոսներ Սերգեյ Համբարձումյանը, Արտաշես Շահինյանը, Արմենակ Մնջոյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, կինոդրամատուրգ Էդմոն Քեոսայանը, վաստակավոր նկարչուհիներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները, քանդակագործ, ակադեմիկոս Սերգեյ Մերկուրովը, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը, կոմպոզիտորներ, վաստակավոր գործիչներ Արմեն եւ Նիկողայոս Տիգրանյաններն ու Խաչատուր Ավետիսյանը, գուսան Շերամը, Պոլոզ Մուկուչն ու մեծն բարերար Քըրք Քըրքորյանը: Միայն հանրային լսումներին կհստակեցվի, թե գյումրեցիները վերը նշվածներից ում արձանն առավել շատ կգերադասեն: Սակայն երիտասարդական որոշ կազմակերպություններ արդեն իսկ դեմ են արձաններ տեղադրելու գաղափարին: Զգուշացնում են, որ հասարակական լսումներին հանդես են գալու բոյկոտող պաստառներով՝ Գյումրին արձանախեղդ չանել:

Ուշագրավ է, որ Գյումրու ներկա եւ նախորդ քաղաքապետերն աչքի են ընկնում արձաններ կառուցելու առանձնահատուկ մոլուցքով: Ոմանց պնդմամբ՝ սա գումարներ փոշիացնելու լավագույն տարբերակ է: Աղքատության ճիրաններում հայտնված Հանրապետության երկրորդ քաղաքին արձա՞նն է, որ պետք է գեղեցկացնի: Գյումրին արձանախեղդ եղավ դեռ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք, ով տարվա մեջ մի քանի անգամ արձանի բացում էր տոնում: Գյումրու Վարդանանց հրապարակի «Վարդանանք» արձանախումբը նրա երազանքներից մեկն էր: Գյումրեցիների պատմելով՝ կերտելով 5-րդ դարի սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նրա զինակիցների կերպարները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ի դեմս նրանց տեսնում էր իրեն ու իր թիմակիցներին: Արձաններից Աշոտ Ողորմածի կերպարն էլ է նրա եսի հետ կապվում: Ղուկասյանը պատվիրեց Գյումրու կենտրոնական հատվածում կանգնեցնել Բագրատունյաց թագավորներից հենց նրան: Աշոտ արքան բարեգործ էր, ողորմած, քաղաքապետն էլ նրան չի զիջում իր բարի գործերով:

Գյումրիում արդեն իսկ շուրջ 100 արձան կա: Սամվել Բալասանյանի օրոք քաղաքում տեղադրվել է 3 արձան՝ աշուղ Սայաթ-Նովան, Գյումրվա Մուշուրբան եւ ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Վերածնունդը: Քաղաքապետը որոշել է ոչ միայն նախորդից հետ չմնալ, այլ նոր ռեկորդ սահմանել՝ միանգամից կանգնեցնելով 12 արձան: Միայն թե գյումրեցիների համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչ են անելու հանճարների այն նոր արձանները, որոնք արդեն իսկ տեղադրված են քաղաքի տարբեր մասերում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X