ԱԺ-ն «ուշագրավ» է իր ծեծի միջադեպերով, Երեւանի ավագանին՝ հայհոյանքների

Ըստ երեւույթին մեր քաղաքական գործիչները լավ են սերտել 19-րդ դարի ֆրանսիացի մեծ մտածող Պոլ Վալերիի հետեւյալ խոսքերը․ «Քաղաքական պայքարի արդյունքը ուղեղներում շփոթ առաջացնելն է, ամենամեծ կարեւորության «խնդիրների» եւ արտակարգ միջոցառումների հասկացության կեղծումը։ Այն ամենը, ինչը գործնական քաղաքականությանն է վերաբերում, անհրաժեշտաբար մակերեսային է եւ ոչ խորը»։

Օրվա լրահոսին հետեւող քաղաքացին ամեն օր տեսնում է, թե ոչնչից աղմուկ ստեղծելու ինչ տաղանդով են օժտված մեր երեսփոխաններից եւ Երեւանի ավագանու անդամներից ոմանք։ Ասենք՝ մարդիկ տարիներով մոռացել էին ԱԺ-ում ծեծի դեպքերի մասին։ Դե վիրավորանքներ, կսմթոցներ միմյանց հասցեին ինչքան ասես լսում էին, նորություն չկար մեջը։ Իսկ ահա Արտաշես Գեղամյանը, որը ճամբարափոխությունից հետո մոռացվել էր եւ վայելում էր իր ՀՀԿ-ական մանդատը, հիշեցրեց իր մասին Նիկոլ Փաշինյանի հետ բախումով։ Գրեցին, անդրադարձան, մամուլը հիշեց ու թվարկեց մեկ առ մեկ 90-ականներից մինչ օրս տեղի ունեցած դեպքերը, մեր ԱԺ-ն համեմատեց ավելի քաղաքակիրթ երկրների խորհրդարանների հետ։ Արդյունքն ի՞նչ։ Դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր ծագել այն հարցը, թե ինչու է ՀՀԿ-ն Արտաշես Գեղամյանին տանում խորհրդարան, երբ հենց ՀՀԿ-ում Հարվարդի կամ Օքսֆորդի համալսարաններ ավարտած ջահել կադրերի պակաս կարծես թե չկա, որոնց ՕԳԳ-ն մի քանի տասնյակ անգամ ավելին է լալահառաչ ձայնով ելույթներ ունեցող Արտաշես Գեղամյանի ՕԳԳ-ից։ Պարզվեց, որ Արտաշես Մամիկոնիչը դեռ պետք է ՀՀԿ-ին։ Պետք է՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ելք»-ի վրա պատեհ-անպատեհ հարձակվելու համար։ Իսկ այս ընթացքում «Ելք»-ը հանդես եկավ եւ մի կարգին աղմուկ բարձրացրեց տարբեր նախաձեռնություններով, որոնք ուղղված էին խորհրդային անցյալից մեր պորտալարը կտրելուն եւ անցյալի մոռացված որոշ արժեքներ վերաիմաստավորելուն։ Կանխատեսելի էր, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալուն ուղղված նախաձեռնությունն էլ չի հանգեցնի ցանկալի արդյունքին, եթե ինը հոգով ճնշող մեծամասնության դեմ են դուրս գալիս՝ առանց փողոցում իրենց համակիրներին համախմբելու եւ գոնե այդ կերպ ԱԺ-ի վրա անդադար ճնշում գործադրելու։

Հիմա հասնենք Երեւանի նորաստեղծ ավագանուն, որտեղ նիստերն առանց սկանդալի չեն անցնում։ Է՛լ վիրավորանքներ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն լրագրողական ամենատես տեսախցիկների առջեւ, որոնք հավերժացնում են բոլոր ակնթարթները եւ կայծակնային արագությամբ տարածում համացանցում։

Ամեն օր Երեւանում երթեւեկում ես լցված-խցանված «Գազել»-ներով («Ելքն» էր, չէ՞ ազդարարում, որ Տարոն Մարգարյանի հուսահատության «Գազել»-ներից ելք կա), մարդիկ իրար կոկորդ են կրծում մի կերպ տեղավորվելու եւ դասից ու աշխատանքից չուշանալու համար, իսկ ահա տեսեք, թե Երեւանի ավագանիում ինչով են զբաղված, ինչպես են հայհոյում փոքրաթիվ ընդդիմությանը, որի ձայնն առանց այն էլ շատ քիչ հարթակներում է լսելի։ Վթարային շենքերի, խորհրդային տարիներից հետո վերանորոգում չտեսած դպրոցների ու մանկապարտեզների մասին, որտեղ ամեն օր երեխաներ են ոտք դնում, էլ չենք խոսում։

Մեկը չի՞ հարցնում, թե ՀՀԿ-ն կոնկրետ ինչ ակնկալիք ունի «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանից, որի արարքների մասին բազմիցս գրվել է, ի՞նչ է տալիս նրա ներկայությունը Երեւանի ավագանիում։ Իսկ ահա Անահիտ Բախշյանի ներկայությունն անհարմարություններ է պատճառում իշխող ՀՀԿ-ին, եւ նրա դեմն ինչ-որ կերպ առնել է պետք թեկուզ տարատեսակ «ծտերի» միջոցով։

Լավ, իսկ Երեւանի ավագանիում հայտնի չէ թե ինչ առաքելությամբ հայտնված Լեւոն Իգիթյանն ամեն անգամ բերանը բացելուց առաջ չի՞ մտածում, թե ինչպիսի հակազդեցության է արժանանալու, ինչպես է հերթական անգամ վարկաբեկում իրեն ու իրեն ավագանի դարձնող կուսակցությանը։ Վարկաբեկելը՝ վարկաբեկել, բայց շոուն ապահովված է։ Հերթական անգամ սոցցանցերում հայտնվում է Լեւոն Իգիթյանի ծաղրանկարը, նրան պատասխանում են այն բառապաշարով, որն ինքն է օգտագործում սովորաբար։ Հետո Երեւանի բոլոր քաղաքապետերի օրոք անփոփոխ փոխքաղաքապետ Կամո Արեյանն է մեջ ընկնում, փիլիսոփայում դրախտի կամ դժոխքի բաժին դառնալու մասին, եւ․․ վարագույրը փակվում է։ Սրտատրոփ սպասենք Երեւանի ավագանու հաջորդ նիստին, որը, չենք կասկածում, «անակնկալներով» չի զիջի նախորդներին։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X