Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ազգովի խնդրանքի հերթը հասնում է Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդը» գրում է. «ԱՄՆ-ում որքան էլ քաղաքական ու պետական համակարգը նվազեցնի մարդկային գործոնը, ու իրադարձությունների զարգացման ընթացքը կապեն ինստիտուտների հետ, առանձին պաշտոնյաների դերակատարությունը շարունակում է զգալի մնալ: Դա առաջին հերթին վերաբերում է նախագահներին, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում պարզապես ակներեւ է: Նրա ընտրությունից ի վեր ամերիկյան քաղաքական ու վերլուծական շրջանակները խոսում են նրա պաշտոնանկության մասին, իսկ ներկայումս այդ թեման շահարկվում է առավել եւս՝ կապված նախագահի ներքին ու արտաքին հակասական քաղաքականության հետ:

Թեեւ նախագահի պաշտոնը եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների տարաբաժանումը Միացյալ Նահագներում էականորեն նվազեցնում է մարդկային գործոնն ու թույլ տալիս համակարգին վճռորոշ դեր պետակառավարման ասպարեզում, նախագահների դերակատարության նշանակությունը անհնար է թերագնահատել: Եթե նախագահի պաշտոնին բազմում են խելացի ու հստակ քաղաքական առաջնահերթություններ ունեցող անձինք, գործադիրի հաջողությունները առարկայականորեն են դրսեւորվում, իսկ պետական-կառավարման համակարգն էլ աշխատում է ժամացույցի պես: Սակայն եթե նախագահը չունի հստակ քաղաքականություն, ամեն օր ստիպված է զբաղվել առօրեական սկանդալներով, թշնամիներ որոնելով ու մեղավորությունը ինչ-որ մեկի վրա բարդելու փնտրտուքներով, համակարգի զարգացումն անխուսափելիորեն լճանալու է: Այսօր նման մի իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, երբ նախագահը ռազմավարական գործունեությունը փոխարինել է ամենօրյա եւ քաղաքականության մեջ կենցաղային բնույթի խնդիրներին լուծում տալու մարտավարությամբ: Այստեղ առանձնանում է նաեւ նախագահի քաղաքական առաջնահերթությունների հարցը՝ հանդիպելով լրագրողների, քաղաքական գործիչների ու մեկնաբանների հսկայածավալ քննադատությանը: Վերջինիս համաձայն՝ Թրամփը ԱՄՆ-ն նետել է մի անտանելի քաոսի մեջ՝ երկիրը թիրախ դարձնելով միջուկային զենքին տիրապետող պետությունների, առաջին հերթին՝ Հս. Կորեայի համար: Թրամփի նախկին ընկերներից Թոնի Շվարցը, որը այսօր դարձել է նրա ամենախիստ քննադատներից մեկը, հռետորական դիպուկ հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Թրամփը ավելի շուտ կպայթեցնի բոլորին, թե՞ իր նախագահությունը: Նախագահի քննադատները կոչ են անում ամերիկյան օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ շուտափույթ պաշտոնանկ անելու նրան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X