Կապանում առաջադրված թեկնածուին սատարելու են իր իսկ հարգանքն ու հեղինակությունը

Խոշորացված համայնքներում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները դժվարացրել են նախկին գյուղական փոքր համայնքների ղեկավարների ընտրվելու հնարավորությունը, որոնցից շատերը նոյեմբերի 5-ի ընտրություններում նույնպես առաջադրվել են: Կապան խոշորացված համայնքում, օրինակ, Կապանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանից բացի, առաջադրվել է նախկին Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը: Հակոբյանի ընտրվելու շանսերը խոշորացված Կապանում չնչին են համարում՝ հաշվի առնելով այն, որ նրա մրցակիցն «ուժեղ իմունիտետ» ունի՝ վայելում է բարձրագույն իշխանության, ինչպես նաեւ մարզային ազդեցիկ ուժերի հովանավորությունը: Պատահական չէ, որ նրան Կապանում համարում են «ընտրված-պրծած», քանի որ իշխանությունը հոգացել է, որ ռեալ ընտրապայքար Սյունիքի մարզկենտրոնում չլինի:

Համեստ, պարկեշտ սյունեցու համբավ ունեցող Կարեն Հակոբյանն աշխատել է տեղի դպրոցի ուսուցիչ, Կապանի շրջանի Վերին Խոտանանի գյուղական խորհրդի նախագահ է եղել։ 1996-ի նոյեմբերի 10-ին ընտրվել, այնուհետեւ առայսօր անընդմեջ վերընտրվել է Վերին Խոտանանի ղեկավար։ Շուրջ 20 տարի համայնքապետ աշխատած 48-ամյա Հակոբյանը երեք դուստրերի հայր է, ՀՀԿ անդամ է, ինքնառաջադրվել է, չունի հարազատ կուսակցության աջակցությունը, որը վայելում է նրա մրցակից թեկնածուն: Մի խոսքով՝ ընտրապայքարի մեջ է մտել՝ «ձեռքերը թափ տալով»: Պարոն Հակոբյանին այս հանգամանքն ամենեւին չի կաշկանդում, եւ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, քանի որ առաջադրել է թեկնածությունը, պայքարի կեսից ետ չի կանգնի, կգնա մինչեւ վերջ: Նշենք, որ Կապանից 25 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքին պետբյուջեից տարեկան հատկացվում էր ընդամենը 3,5 մլն․ դրամ, մոտ 500 հազար դրամ էլ գոյանում էր գյուղում հարկային գանձումներից: Այստեղ բնակչության կեսից ավելին 70-ն անց մարդիկ են, գյուղը խմելու, ոռոգման ջրի, տրանսպորտի եւ բազում այլ խնդիրներ ունի: Տեղացիները հույս ունեն, որ խոշորացումը ծերացող ու դատարկվող իրենց համայնքի կյանքում դրական տեղաշարժ կարձանագրի եւ «մարդաշնորհքին ապրելու հույս կվառի»:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում ընտրություններին՝ չունենալով ՀՀԿ-ի աջակցությունը:

  • Ճիշտն ասած՝ ակնկալիքն այն է, որ ես էլ 20 տարուց ավել համայնքի ղեկավար եմ եղել (համայնքը, ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի, ընդամենը 295 բնակիչ ունի: Կապանում ընտրողների թիվը 35 հազար 98 է՝ խմբ.): Ունեմ իմ որոշակի ծրագրերը, մտածելակերպը: Այժմ էլ առաջադրվել եմ ու փորձում եմ իմ ծրագրերն իրականություն դարձնել:

- Իսկ Ձեր ծրագրերն ինչո՞վ են տարբերվում, օրինակ, Աշոտ Հայրապետյանի ծրագրերից: Ի՞նչ նոր բան եք ասելու Դուք, որ չի ասել Ձեր մրցակիցը, որ ընտրողներն էլ հանուն այդ նորության քվեարկեն Ձեր օգտին:

  • Ճիշտն ասած՝ մենք ոչ մեկս մեր ծրագրերը դեռ չենք ներկայացրել, որ մեկս մեկինն իմանանք: Հիմա շատ շուտ է էդ հարցերի համար:

- Կհամաձայնեք, որ այժմ ընտրությունը շատ ավելի դժվար է լինելու: Մի բան է, երբ Դուք փոքր համայնքի ղեկավարի պաշտոնի համար եք պայքարում, մեկ այլ բան է՝ խոշորացված համայնքի ղեկավարի:

  • Այո, այս անգամ ավելի դժվար է լինելու, չեմ հերքում: Արդեն իսկ նոր բնակավայր-համայնք է Կապանը, տարբեր բնակավայրեր ունեն, իրենց տարբեր մտածելակերպը, այսինքն՝ շատ դժվար է լինելու ընտրությունը, ինչ խոսք:

- Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել այդ դժվարություններին:

  • Կփորձենք հանդիպել ժողովրդին, մեր ծրագրերը ներկայացնել: Ժողովուրդն էլ թող ընտրի ում կցանկանա:

- Գաղտնիք չէ, որ ընտրություններում մեծ է տեղական հեղինակությունների ազդեցությունը: Խոսվում է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ֆավորիտ թեկնածուներն ունի եւ նրանց է աջակցելու ընտրություններում, անկախ այն հանգամանքից՝ ՀՀԿ-ն է առաջադրել նրանց, թե ինքնառաջադրվել են: Հետաքրքիր է՝ Դուք ունե՞ք աջակիցներ, հովանավորներ:

  • Ոչ մեկն ինձ չի հովանավորում, ես ինքնառաջադրվել եմ, ունեմ իմ հարգանքը, հեղինակությունը Կապանի տարածաշրջանում: Կներկայանամ կապանցիներին, իրենք էլ թող դատեն, ընտրեն ում կուզեն: Իսկ թե ով է ում հովանավորում, ինչու եւ ինչպես՝ ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ:

- Սուրիկ Խաչատրյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

  • Շա՜տ լավ:

- Հանդիպել-քննարկե՞լ եք այս ընտրություններում Ձեր առաջադրման հետ կապված հարցեր:

  • Չէ-չէ, ես ոչ մեկի հետ կապ չունեմ:

- Իսկ Վահե Հակոբյանի՞ հետ ինչ հարաբերություններ ունեք:

  • Նորմալ, շատ նորմալ, ես աշխատել եմ բոլոր մարզպետների հետ, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

- Ըստ լուրերի՝ այս ընտրություններում Վահե Հակոբյանը մտադիր էր առաջադրել իր նախընտրած թեկնածուին՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին, սակայն ՀՀԿ-ն նրան հավանություն չի տվել: Ասում են, որ Աշոտ Հայրապետյանն էլ Հակոբյանի սրտով չէ: Հնարավո՞ր է, որ գործող մարզպետը կոնտրքայլ անի՝ Ձեզ աջակցի այս ընտրություններում, որպես Աշոտ Հայրապետյանին այլընտրանք:

  • Ես տեղյակ չեմ նման խոսակցություններից, բայց ընդհանրապես իշխանության թեկնածուն Աշոտ Հայրապետյանն է: Դրան մեկնաբանելու ոչ մի խնդիր չկա:

- Հնարավո՞ր է, որ Վահե Հակոբյանը, այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես Ձեզ սատարի՝ մեծացնելով Ձեր շանսերը:

  • Չէ… չեմ կարող ասել: Շանսերի մասին խոսելու համար էլ դեռ շատ վաղ է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X