Մարդու վրայից է գարշահոտություն գալիս

Ալավերդու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սասուն Խեչումյանը հայտնի է «Խոզնարած» մականունով, որն ստացել է խոզ պահելու համար։ Նա քաղաքապետարանում իրավաբան աշխատելու տարիներին գնել է անավարտ մանկապարտեզներից մեկի մի մասնաշենքը եւ առաջին հարկի սրահում 30-40 խոզ է պահում, իսկ երկրորդ հարկում ապրում է ընտանիքով։ Ներկայումս նա Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետն է։ Հիշեցնենք, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից ու սպանությունից հետո գործող քաղաքապետ, այդ միջադեպի հետ անուղղակի կապ ունեցող Կարեն Փարեմուզյանի առաջադրումը «սառույցին գրվեց»։ Խեչումյանը Լոռվա մարզպետի դասընկերն է եւ այժմ մրցակից չունի այս ընտրություններում, քանի որ նրանից բացի ինքն առաջադրվել է անկուսակցական Նիկոլայ Դավթյանը, որը, ըստ տեղացիների, ձեւական թեկնածու է։ Զրուցեցինք Խեչումյանի հետ։

- Ինչպե՞ս եք պատրաստվում ընտրություններին, անհետաքրքիր չէ՞ առանց մրցակցի։

  • Որ ճիշտն ասեմ՝ ինձ համար կարեւոր չէ, ես նույն սկզբունքներով էլ շարունակում եմ, ընտրողի համար ի՞նչ կապ ունի, ընտրողն սպասում է քարոզարշավին, քարոզարշավն էլ քաղաքակիրթ ճանապարհով կանենք, ի՞նչ է եղել։

- Եվ ի՞նչ եք պատրաստվում խոստանալ ալավերդցիներին, օրինակ՝ խոստանալո՞ւ եք, որ քաղաքակիրթ մթնոլորտ կձեւավորեք քաղաքում․ Ալավերդին անհանգիստ է, գիտեք՝ կլանային բախում եղավ, զոհ եւ այլն։

  • Խոսքը եթե վերաբերում է ծրագրային դրույթներին, քարոզարշավի ժամանակ կհրապարակվեն, դուք կիմանաք։

- Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը պատրաստվո՞ւմ եք փոխել։

  • Բարոյահոգեբանական մթնոլորտը… ես ըտենց խնդիր չունեմ, Ալավերդին ու ալավերդցին ինձ լավ են ճանաչում, իմ բարոյական եւ հոգեբանական կերպարին։

- Հիմա Ձեր բարոյական ու հոգեբանական կերպարին համարժեք մթնոլորտ կկարողանա՞ք ձեւավորել։

  • Ոչ թե պատրաստվում եմ, այլ այնպես եմ անելու, որ ալավերդցին Ալավերդին ավելի շատ սիրի։ Իհարկե, ալավերդցի ասելով՝ խոշորացված համայնքը նկատի ունեմ։

- Իսկ դժվար չի՞ լինի՝ հայտնի թիմեր կան, հին վեճ, վենդետա…

  • Դուք երեւի ինձ չեք ճանաչում, ես դժվարությունից չեմ վախենում, ես երկու բանից եմ վախենում՝ Աստծուց ու ժողովրդի դատից։ Ինձ համար մեծ պատիվ է ժողովրդին ծառայելը, ու ես 15 տարի ծառայել եմ իմ ժողովրդին՝ ե՛ւ համայնքային ծառայության մակարդակով, ե՛ւ քաղծառայողի։

- Փաստորեն, կարծում եք, որ համայնքի ղեկավարը կարող է քաղաքի մթնոլորտը փոխել, իսկ ինչո՞ւ նախկին ղեկավարները չեն կարողացել փոխել քաղաքի մթնոլորտը, եւ տարիներ շարունակ չլուծված վեճեր, բախումներ…

  • Եթե համայնքի ժողովուրդը տենա, որ իրա ղեկավարն իրա քաղաքը սիրում ա ու անմնացորդ ա սիրում ու պատրաստ ա իր համայնքին ու պետությանն անմնացորդ ծառայի, չեմ կարծում, որ ալավերդցին դա չգնահատի ու չփոխվի։ Ես ալավերդցուն ավելի լավ եմ ճանաչում, քան դուք։

- Նույնիսկ կրիմինալ թիմերո՞ւմ։

  • Ա՛յ հարգելիս, կրիմինալ թիմերի վերաբերյալ խնդրում եմ իրավասու մարմիններին հարցրեք։

- Բայց Դուք էլ եք պատրաստվում համայնքի ղեկավարում ստանձնել։

  • Դեռ թող տեսնենք՝ ընտրվո՞ւմ եմ, թե՞ չէ։

- Կան տեղեկություններ, որ այդ իրավասու մարմինները, խոսքը, օրինակ, ոստիկանության մասին է, ի դեմս պետի, նույնպես ենթարկվում են կրիմինալ բանակներին։ Վերջին դեպքերից հետո ասում էին, որ ոստիկանապետին հորդորել են 6-ից հետո դուրս չգալ տնից։

  • Ախր, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, Դուք ուզում եք, որ ես ընտրությունների՞ց խոսեմ, թե՞ ինչից։ Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի օրենքով վերապահված լիազորություններին, դուք նկատելի տարբերություն կտեսնեք կատարման առումով, դա կլինի հասարակական կարգի պահպանման ոլորտում, թե ուրիշ ոլորտներում։

- Իսկ ճի՞շտ է ասում ժողովուրդը, որ Դուք քաղաքապետարանում աշխատելիս մանկապարտեզի մասնաշենք եք սեփականաշնորհել ու հիմա այդտեղ եք ապրում։

  • Ա՛յ հարգելիս, դու արդեն ուրիշ բաներ ես խոսում, ես ինչ արել եմ, արել եմ օրենքի սահմանած կարգով։

- Այսինքն՝ օրինական ճանապարհո՞վ եք ձեռք բերել այդ շենքը։

  • Ես արդեն պատասխանեցի։

- Չեք հերքում՝ այսինքն։

  • Ոչ։

- Բնակվում եք մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում։

  • Խնդրում եմ բառերը ճիշտ օգտագործեք։

- Դե, նախատեսված է եղել մանկապարտեզի համար։

  • Լավ, հաջողություն։

- Ասում են՝ 2-րդ հարկում Դուք եք ապրում, 1-ինում խոզեր եք բուծում…

  • Հարգելիս, ամոթ ա, ցտեսություն… Ի՞նչ եք ուզում, աշխատող մարդուն ի՞նչ հարց եք տալիս, վա՞տ է, որ էս ժողովրդի համար ապրում ու ստեղծում եմ, բա էդ ի՞նչ հարց եք ինձ տալիս։

- Հարեւանները բողոքում են, թե Ձեր խոզերի գարշահոտությունը խանգարում է իրենց, Ձեզ չի՞ խանգարում։

  • Մարդու վրայից է գարշահոտություն գալիս, Դուք ինձ ասում եք՝ խո՞զ ես պահում, թե՞ չէ, հա՞։ Դուք պտի լավ զգաք, որ ես էդ մակարդակից եմ ժողովրդին հասկանում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X