Ինչո՞ւ է հայրենիքը նեղ պահերին մերը դառնում

Լեւոն Բաղրամյանը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Հրետանավոր է եղել, ծառայել է Ջաբրայիլում: Մեկ տարի էլ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Ամսի 1-ին դիրքերից նոր-նոր իջած են եղել, երբ կրկին բարձրանալու հրաման են ստացել:

Մայրը՝ Աննա Գրիգորյանը, առանց հուզվելու չի կարողանում հիշել այն օրերը, երբ ահուսարսափը սրտներին՝ լուրերի էին սպասում: «Ամեն զոհի հետ ես էլ էի մեռնում: Համացանցից դուրս չէի գալիս: Հենց զոհի մասին լուր էր լինում, առաջինն անուն-ազգանունն էի փնտրում..»։

Հրետանավոր Լեւոնը պատվով կատարել է իր առջեւ դրված մարտական առաջադրանքներն ու 2017թ. հունվարին շնորհակալագրերով վերադարձել տուն: Որոշել է շարունակել կիսատ թողած ուսումը եւ երբ իմացել է, որ պատերազմական գործողություններին մասնակցելու դեպքում ուսման վարձը զեղչվում է, շտապել է դիմում ներկայացնել Էջմիածնի զինկոմիսարիատին ու բուհի ղեկավարությանը:

«Զինկոմիսարիատից թղթերն ուղարկել են Ջաբրայիլ, որտեղից էլ պատասխանել են, թե, իբր, քառօրյայի ժամանակ Լեւոնենց հերթափոխն իջած է եղել դիրքերից, բայց չեն ասում, որ կռիվն սկսելուց մեկ ժամ անց էլ նորից բարձրացրել են: Չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի՝ երբ է դիրքեր բարձրացել՝ կրակոցներն սկսելո՞ւ պահին, թե՞ մեկ ժամ անց: Սա ի՞նչ պատճառաբանություն է»,- ասում է Լեւոնի մայրը: Տիկին Աննայի փոխանցմամբ՝ որդու հրամանատարը նույնիսկ իրենց տուն է եկել եւ վստահեցրել, որ Լեւոնի նկատմամբ ոչ միայն ուսման զեղչեր կկիրառվեն, այլեւ՝ առողջապահական: «Իրեն լրիվ հասնում է»,- ասել է:

«Խոսքով բոլորն էլ հաստատում են, բայց գործով փուչիկ են: Եթե հնարավորություններս ներեին՝ 575 հազար դրամ ուսման վարձն անտրտունջ կտայի, էս պետության հույսին չէի մնա: Էնքան աղքատ բյուջե ունեն, որ վախենում են կռվածների ուսման վարձը զիջեն՝ լրիվ սնանկանան: Իսկ երբ մեր անփորձ երեխաներին էին կրակի բերանը գցում, չէի՞ն ասում, որ նրանց ընտանիքներն էլ անդառնալի կորուստներ կարող են ունենալ: Ինչի իրենց երեխաների արյունն ավելի՞ կարմիր է, որ այդ օրերին թանկ-թանկ պահեցին, թե՞ նրանց մայր է բերել, իսկ մեր տղաներին գտել են... Եթե այս ամենը եվրոպական մի երկրում լիներ, մեր երեխաներին կմեծարեին, կհերոսացնեին: Իսկ սրանք նույնիսկ մի քանի կոպեկ զիջելն են շատ համարում»:

Լեւոնը եւս երկու եղբայր ունի: Ավագ եղբայրն էլ է ծառայել, իսկ կրտսերը դեռ դպրոցական է: Պետության վերաբերմունքից խաբված ու վիրավորված՝ տիկին Աննան ասում է, որ ամեն բան անելու է փոքր տղային բանակից ազատելու համար: «Թույլ չեմ տա, որ 3-րդ որդուս էլ օգտագործեն... Ես հասկանում եմ, որ ծառայությունն անձերի համար չէ, հայրենիքի համար է, բայց չեմ հասկանում, թե այդ հայրենիքն ինչու է հենց նեղ պահերին մերը դառնում... Էս պատերազմից մի բան էլ հասկացա. մեր իշխանությունները հայրենիքը պահելու մասին չէին մտածում, մտածում էին իրենց ունեցածը չկորցնելու մասին... Հազար ափսոս, որ այդքան զոհեր տվեցինք»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X