ԱՄՆ-ն թուրքերի կողմից С-400 ռուսական համակարգի ձեռքբերումը համարում է խնդիր

Թուրքիայի որոշումը՝ կապված ռուսական զենիթա-հրթիռային С-400 համակարգ ձեռք բերելու հետ, հանդիսանում է խնդիր ԱՄՆ-ի համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, ամերիկյան կողմի ունեցած մտահոգությունը զուտ այն իրողության հետ է կապված, որ ռուսական զինատեսակը անհամապատասխան է ամերիկյան զինատեսակների հետ, որոնք այժմ օգտագործվում են Թուրքիայում: Washington Post պարբերականը, սակայն, իր հրապարակած հոդվածներից մեկում նշում է, որ Վաշինգտոնը անհանգստացած է ռուս-թուրքական հարաբերությունների սերտացմամբ:

Ըստ ամերիկյան պարբերականի, Թուրքիան ռեգիոնում հանդիսանում է ԱՄՆ առանցքային դաշնակիցը, եւ այս պայմաններում ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է բերել թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցման, ինչը ամենեւին չի բխում ԱՄՆ շահերից: Սրանով հանդերձ ամերիկյան կողմը չի փորձում գերկարեւորել Թուրքիայի նշանակությունը՝ համարելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը նաեւ թուրքերի շահերից չի բխում:

Մեկնաբանություն
X