Իրավունք

Մարինե Թովմասյանի լիազորությունները, որպես Սեֆիլյանի պաշտպանի, դադարեցվեցին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին դատարանի հրահանգով նիստերի դահլիճ եկավ Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ նիստերին մասնակցելու հնարավորությունից հեռացված լինելու ժամկետը ավարտվեց։ Ներկայացել էր նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով չէր մասնակցում նիստերին Սեֆիլյանի բացակայության պատճառով, եւ այդ ընթացքում դատարանը Սեֆիլյանի համար հանրային պաշտպան էր ընդգրկել Մարինե Թովմասյանին։ Հայրապետյանն այսօր միջնորդեց իրեն ներգրավել որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան։ Մեղադրող կողմը չառարկեց։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, իսկ Սեֆիլյանի շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին։ Նիստին ներկաները ծափահարություններով ճանապարհեցին Թովմասյանին՝ վանկարկելով «հեռացիր»։

Նշենք, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին օրեր շարունակ պիկետներ էր անում՝ պահանջելով, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանության համար ներգրաված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հրաժարվի նրանց պաշտպանությունից։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանություն
X