Քաղաքացիները մարզպետներից փող, առողջարանի ուղեգիր, բնակարան ու տնակ են խնդրում

Կառավարության անդամների հետ հանդիպում փնտրող հասարակության բողոքավոր կոնտինգենտը, ինչպես հայտնի է, որպես հանդիպման վայր՝ արդեն մի քանի տարի ծառայեցնում է կառավարության շենքի դիմացի մայթը եւ, որպես օր, ընտրում հինգշաբթին՝ կառավարության նիստերի օրը: Բազում խնդիրներ ունեցող, դարդուցավի տեր այդ մարդիկ «բողոքականի մշտական» ունեն եւ եթե հաջողում են բռնացնել հինգշաբթի օրերին նիստի շտապող կամ նիստից հեռացող կառավարության անդամներին, նրանց «պատվում են» թուքումուր տալով, անպատիվ խոսքեր ասելով, երբեմն՝ նաեւ անիծելով: Սակայն, երբ հաջորդ հինգշաբթի այդ մարդիկ կրկին հայտնվում են նույն վայրում, հուշում է, որ նրանց խնդիրները լուծում չեն ստացել:

Պետական մարմինները, մասնավորապես՝ նախարարությունները, մարզպետարանները, ինչպես հայտնի է, քաղաքացիների ընդունելության օրեր ու սահմանված կարգ ունեն: Կառավարություն-հասարակություն շփման այս ֆորմատը քաղաքացիներն օգտագործում են իրենց հուզող հարցերը բարձրաձայնելու եւ դրանց լուծում տալու ակնկալիքով:

Ընդունելության կարգի, օրվա, ինչպես նաեւ արդյունքների մասին, ըստ ամիսների, տեղեկատվություն կարելի է գտնել այդ մարմինների պաշտոնական կայքերում: Կայքերի այցելուներին մարզպետներն ու նախարարները ներկայանում են ընտիր հագնված, պերճ արդուզարդով ու դեմքի անհոգ արտահայտությամբ իրենց լուսանկարներով, սակայն քաղաքացիների ընդունելության արդյունքների մասին տեղեկանքները վկայում են հասարակության թշվառության մասին: Դատելով այդ տեղեկանքներից՝ հատկապես մարզերի բնակչությունը կքած է սոցիալական խնդիրների տակ, մարզպետարաններին է դիմում ամենատարբեր՝ տանիքի, վերելակի նորոգման, շինանյութ տրամադրելու, սպորտում երեխային հովանավորելու, պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու, վիրահատվելու, առողջարանի ուղեգրի, աշխատանքի տեղավորման, ավանդի փոխհատուցման, վարկ տրամադրելու եւ այլ անհավանական հարցերով:

Առաջին տեղում, իհարկե, դրամական աջակցության հարցն է: Բնակչությունը մարզային կառավարիչներից հիմնականում փող է խնդրում, թե ով ինչքան՝ չի կոնկրետացվում, սակայն խնդրանքները, ըստ տեղեկանքների, մեծամասամբ բավարարվում են: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնավորապես այս տարվա հունվարին 41 քաղաքացու է ընդունել, որոնցից 33-ը ֆինանսական օգնություն է խնդրել: Ապրիլին էլ տեղի է ունեցել 43 քաղաքացու ընդունելություն, որոնց ճնշող մեծամասնությունը դարձյալ ֆինանսական աջակցություն է խնդրել, խնդրանքը բավարարվել է: Օգոստոսին տեղի է ունեցել 59 քաղաքացու ընդունելություն, եւ դարձյալ մեծ մասը փող է խնդրել ու ստացել դրական պատասխան: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ հունվարին ընդունել է 63 քաղաքացու, որոնցից 34-ը դիմել է դրամական աջակցության, 28-ը՝ աշխատանքի տեղավորման հարցերով: Դրամական օգնության դիմումներից 31-ին տրվել է դրական լուծում: Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետն ընդունել է 76 քաղաքացու, որոնցից 62-ը՝ դրամական աջակցության խնդրանքով: 59-ին տրվել է դրական լուծում: Օգոստոսի 30-ի ընդունելության ժամանակ 89 քաղաքացուց 59-ը փող է խնդրել մարզպետից, 57 դիմում բավարարվել է, 2-ը՝ մերժվել: Լոռու մարզպետի մոտ այս տարվա ապրիլի 13-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ 3 քաղաքացի դիմել է տնակի, 3-ը՝ բնակարանի հարցով, բոլոր դիմումները մերժվել են: Մերժվել են նաեւ աշխատանքի տեղավորման խնդրանքները: Իսկ, ահա, սոցիալական 6 հարց բավարարվել է: Կոտայքի մարզպետին եւս քաղաքացիները դիմել են տարատեսակ խնդիրներով, հիմնականում՝ առողջապահական, բնակարանի, հողային եւ, իհարկե, ֆինանսական աջակցության։ Ֆինանսական հարցերով դիմումները մեծամասամբ բավարարվել են: Փետրվարին, օրինակ, եղել է 31 քաղաքացու ընդունելություն, որոնցից 10-ը մարզպետից ֆինանսական օգնություն է խնդրել հոսանքի պարտքի, բուժման, վիրահատության, տանիքի վերանորոգման համար եւ դրական պատասխան ստացել:

Հուլիսին մարզպետն ընդունել է 9 քաղաքացու, որոնցից 5-ը՝ առողջարանի ուղեգիր ստանալու հարցով, իսկ մեկը գումար է խնդրել: Սահմանամերձ Տավուշի մարզպետի մոտ, օրինակ, սեպտեմբերին տեղի է ունեցել 23 քաղաքացու ընդունելություն, 23-ն էլ ֆինանսական աջակցություն են խնդրել, բոլորը բավարարվել են: Օգոստոսին էլ նույն խնդրով դիմել է 15 քաղաքացի,15-ի հարցն էլ բավարարվել է:

Անդրադառնանք նախարարություններին, որոնց դեպքում այնքան էլ բնակչության սպասելիքները մեծ չեն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, օրինակ, 2017 թ. առաջին եռամսյակում ընդունելության համար դիմել է ընդամենը երկու քաղաքացի: Դիմել են բնակարանային խնդրով, որոնց տրվել է պարզաբանում (երկրորդ եռամսյակի տվյալները դեռեւս զետեղված չեն կայքում):

Առողջապահության նախարարության կայքում չորուցամաք մի տեղեկանք է զետեղված քաղաքացիների ընդունելության վերաբերյալ, ըստ որի՝ 29.08.2017-ին նախարար Ալթունյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը ներկայացել է 8 անձ՝ բոլորը բուժման հարցերով: Որոշում է կայացվել 5-ին աջակցել, 1-ին տրվել է պարզաբանում, 2-ն ուղեգրվել են գլխավոր մասնագետների մոտ՝ խորհրդատվության: Արտակարգ իրավիճակների նախարարություն էլ 2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում մուտքագրվել են 522 դիմում-բողոք եւ 668 հարցում, բոլորին պատասխան է տրվել: 2017 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից ստացվել են 94 առաջարկություն, դիմում եւ բողոք, բայց նախարարն ընդունել է ընդամենը 1 քաղաքացու: Ներկայացված թվերը խոսուն ապացույցն են երկրում առկա սոցիալական տխուր ու անփող վիճակի եւ այն բանի, որ նախարարություններն իրական կյանքից կտրված կառույցների են վերածվել, որոնք թեեւ հասարակության վճարած հարկերից են սնվում, բայց նույն հասարակության կյանքում ոչինչ չեն որոշում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X