Հայաստանը մտավ ԵԱՏՄ՝ շատ ուրախ ենք, մի հատ էլ Արցա՞խը մտնի

Հարցազրույց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ։

- Պարոն Բադասյան, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւն օրերս Երեւանում խոսեց ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին՝ ասելով, որ դա կախված է Երեւանից, որը վետո դնելու իրավունք ունի: Ենթադրվում է, որ մեզ սա դուր չի գա, եւ այդ պարագայում մենք կարո՞ղ ենք ռուսներին ասել «ոչ»:

  • Վերջին տասը տարիների ընթացքում նման նախադեպ չի եղել: Օրինակները բազմաթիվ են եւ ամենաակնառուն՝ գազային օրենքը, երբ ՀՀ ԱԺ-ն «Գազպրոմի» հետ վավերացրեց, որ 30 տարի իրավունք չունի այլընտրանքային գազ օգտագործելու: Շատ նվաստացուցիչ է Հայաստանի համար, որ, եթե, ասենք, Հայաստանում գազի պաշարներ հայտնաբերվեն, Հայաստանը չի կարողանալու այն օգտագործել: Կամ էլ Հայաստանն այսօր գազն ստանում է Իրանից՝ 100 դոլարով, եւ 320 դոլարով տվել է ռուսին, որը մեր վրա վաճառում է 340-ով: Եվ մեր «բարեկամի» կողմից վաճառվող գազն ավելի թանկ է, քան իր հետ պատերազմող Ուկրաինայի համար: Հիմա հարց՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկա՞մն է, թե՞ ոխերիմ թշնամին: Եվ, ի վերջո, չպետք է մոռանալ, թե Հանրապետականն ու նրան սպասարկող մյուս ուժերն իրար հերթ չտալով ինչպես էին մտնում ԵԱՏՄ: Եվ նման բան չկա, որ Հայաստանից Ռուսաստանին վետո դնեն կամ ինչ-որ «ոչ» ասեն: Եվ այստեղ միայն հույսը ժողովուրդն է, որ ժողովրդական ընդվզումով ինչ-որ բան փորձեն անել: Կամ՝ հույս կա, որ պարզապես Ադրբեջանը չի մտնի ԵԱՏՄ-ի նման թալանչիական կազմակերպություն: ԵԱՏՄ-ն, որպես կառույց, իրավահավասարների միություն չէ, այնտեղ ամենանվաստ իրավունքներն ունի Հայաստանը, իսկ Ռուսաստանը միայն թալանչու դերում է. նախկինում, բացի այս 4 երկրներից, երրորդ երկրներից եկած բոլոր մաքսային հարկերը գնում էին մեր պետության բյուջե, հիմա գնում են ՌԴ բյուջե, որովհետեւ ինքն ընդհանուր գումարի տոկոսը Հայաստանին չի վերադարձնում: Ինչո՞ւ Ուկրաինան չմտավ՝ գիտենալով, որ Ռուսաստանը պատերազմ է սկսելու՝ Ղրիմը խլելու․ կորցրեց, բայց փրկվեց: Հիմա չեմ կարծում, որ եթե Հայաստանը մտավ այս թալանչիական կազմի մեջ, նույնը պետք է անի Ադրբեջանը:

- Այս հարցում, այսինքն, հույսներս պետք է դնենք Ադրբեջանի ու հայ ժողովրդի վրա:

  • Այո, այս մի հարցում՝ Ադրբեջանի ողջախոհության ու հայ ժողովրդի: Ինչո՞ւ։ Ադրբեջանը դժվար թե համաձայնի նման թալանին, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ խոսք տա, որ Ղարաբաղը տալու է, միեւնույն է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ, մեկ է՝ ինքը Ղարաբաղը չի ստանալու: Քանի որ իրականում Ղարաբաղը տվող կամ չտվողը մենք ենք՝ Արցախի ժողովուրդը՝ առաջին հերթին, եւ հայ ժողովուրդը:

- ՀՀԿ խոսնակը հավաստիացնում էր, որ դնելու են հաշվեն Հայաստանի «պլյուսներն» ու «մինուսները» եւ, հաշվի առնելով Հայաստանի շահը, կա՛մ կասեն ոչ, կա՛մ՝ այո:

  • Թե ինչ կասեն Գլազեւի մակարդակի 4-րդ, 5-րդ աստիճանի մարդիկ, դա 8-րդական է, բայց հարցն այն է, որ հայաստանյան իշխանությունները, եթե ոչ անգամ այս պաշտոնյան, այլ մի ռուս լրագրող եթե մի բան է ասում, փորձում են արագ կատարել:

- Կան մարդիկ, որ ասում են՝ մտնում էինք ԵԱՏՄ, Ղարաբաղն էլ հետը մտցնեինք, ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում:

  • Չի իմանում, մի հատ Սասունին հարցրեք՝ ի՞նչ է ԵԱՏՄ-ն, չի իմանա, Նիկոլ Փաշինյանը կիմանա:

- Այսինքն՝ էդ գինն էլ մեզ պետք չէ՝ Արցախով մտնել ԵԱՏՄ:

  • Դա նույնն բանն է, եթե ռուսներին թույլ տանք, դա հնարավորություն կտա ռուսներին զորքը մտցնել Արցախ, չի կարելի: Հիմա Հայաստանը մտավ՝ շատ ուրախ ենք, մի հատ էլ Արցա՞խը մտնի: Համ էլ՝ մի հատ Սասուն Միքայելյանին հարցրեք՝ համ ուզում են ԵԱՏՄ-ից դուրս գալ, մի հատ էլ Արցա՞խը մտցնել ԵԱՏՄ:

- Ասում էր՝ գոնե Արցախով մտնեինք:

  • Ի՞նչ է նշանակում՝ «գոնե»: Այսինքն՝ եթե մարդուն սպանում են, գոնե կոկորդից չխփեն:

- Դուք վստահ չե՞ք, որ Հայաստանը կարող է Վլադիմիր Պուտինին ասել «ոչ»:

  • Մենք կարող ենք ասել, իշխանությունը չի կարող:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X