Մեկ ժամ սպասեցինք նախարարի ընդունարանում, դուռը արհամարհական բացեց եւ դուրս եկավ․ Կարինե Թուխիկյան

«Զիպրեքսիա» դեղորայքից օգտվող հոգեկան խնդիրներ ունեցող անձինք կանգնած են լուրջ խնդրի առջեւ․ այս տարվա մարտի 17-ից դադարեցվել է այն ծրագիրը, որից օգտվում էր մոտ 300 շահառու։ Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեբուժության համաշխարհային օրը, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանի հետ գնացել են առողջապահության նախարարի մոտ՝ ընդունելության, սակայն նա չի ընդունել։

«Մեկ ժամից ավելի սպասեցինք իր ընդունարանում, հինգ քաղաքացու ընդունեց, իսկ մեր ընդունելության ժամանակ ինքը դուռն արհամարհական բացեց ու դուրս եկավ։ Ինքը գիտի մեր խնդիրների մասին»,- ասում է Կարինե Թուխիկյանը, որը մի քանի շահառուների հետ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս։ Թե ինչու է դադարեցվել ծրագիրը՝ նախարարությունը պատճառաբանում է փող չունենալով։ Սակայն հոգեկան խնդիրներ ունեցող անձինք էլ հիշեցնում են, որ հոգեբուժությունը պետք է իրականացվի պետպատվերով։

Կարինե Թուխիկյանը նշում է, որ իրենք 2014 թվականից պայքարում են, հասան այն բանին, որ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք այդ ծրագիրը հաստատվեց։ Իսկ ծրագիրը վերաբերում էր արտահիվանդանոցային բուժմանը «Զիպրեքսիա» դեղով «Նորք» հոգեբուժարանում։ Այդ ծրագիրը, ըստ Կարինե Թուխիկյանի, հաջողությամբ իրականացվել է 2015-16թթ․։ Իսկ այս տարի մարտի 17-ին այն դադարեցվել է։ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասել է, որ ինքը չի կարող 56 մլրդ դրամ բյուջեի մեջ տեղավորել 110 միլիարդ դրամի գործունեություն։
Կարինե Թուխիկյանը հիշում է, որ իրենք մայիսին հանդիպել էին նախարարի հետ, նա լսել է 17 շահառուի։ Այդ ժամանակ էլ Կարինե Թուխիկյանին հաջողվել է նախարարին տեղեկացնել, որ շահառուների մեծ մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։ «Նա լսեց, ասաց, որ կփորձենք սկզբից մեր զինվորներին աջակցել, իսկ հետո ընթացքում կտեսնենք, թե ինչ ենք անում»,- ասաց Կարինե Թուխիկյանը։ Իսկ այդ հանդիպումից հետո նախարար Ալթունյանը դարձել է անհասանելի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար։

Ի՞նչ արժե «Զիպրեքսիա» դեղը։ Ըստ Կարինե Թուխիկյանի՝ այդ դեղի 5 միլիգրամն արժե 557 դրամ, 10 միլիգրամանոց դեղը՝ 1100 դրամ։ Դեղատներում այդ դեղը վաճառվում է ավելի բարձր գներով։ Շահառուներից Թամարա Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, որ իր ամուսինն ունի հոգեկան խնդիրներ։ Նա, ըստ Թամարայի, այդ հիվանդությունը ձեռք է բերել սթրեսի հետեւանքով, երբ իրենց որդիներից մեկը խեղդվել է Սեւանում։

Թամարա Վարդանյանը հիշեցրեց, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ՝ շրջապատը, գտնվում են վտանգի գոտում։ Թամարա Վարդանյանին եւս Լեւոն Ալթունյանը չի ընդունել, ընդունել է փոխնախարարը։ Այդ ժամանակ էլ շահառուի կինը հիշեցրել է, թե ինչ բարձր գներով է վաճառվում դեղորայքը դեղատներում, եւ իրենք այլեւս այն գնելու հնարավորություն չունեն։ Փոխնախարարն առաջարկել է հայկական «Օլանզապին» դեղը, որից տիկին Թամարան հրաժարվել է՝ ասելով, որ ինքն իր ամուսնուն չի ենթարկի փորձարկումների։ Նա հիշեցրեց, որ «Օլանզապինը» օգնում է ոչ բոլոր հոգեկան խնդիրներ ունեցող անձանց։ Հետեւելով ամուսնու վարքին՝ տիկին Թամարան նկատել է, որ «Զիպրեքսիա» չընդունելը վատ է ազդում նրա վրա։

Թամարա Վարդանյանը եւս վիրավորված է առողջապահության ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից, այն բանից, որ նախարարը չի ընդունել իրենց։ Իսկ երբ կառավարության շենքի մոտ անծանոթ մի կին հրմշտոց է հրահրել, նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն էլ ասել է, որ իրենց ցիվիլ ձեւով չեն պահում։ Մինչդեռ, ըստ Թամարա Վարդանյանի, այդ կինը ոչ մի կապ չի ունեցել իրենց հետ։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք դիմել են նաեւ ՀՀ առաջին տիկնոջը։

Մեկնաբանություն
X