Անապահով անձինք չեն կարող հասնել «Նուբարաշեն»-ի հոգեբուժարան․ Կարինե Թուխիկյան

Սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է օպտիմալացնել հոգեբուժարանները: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկում է «Նորք» հոգեբուժական կենտրոնը, որը գործում է 100 տոկոս պետական բաժնեմասով, միավորել կրկին 100 տոկոս պետական բաժնեմասով աշխատող «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ, ինչի արդյունքում կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Որոշման նախագծից պարզվում է, որ այն եւս լինելու է 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն։ Միաձուլումից հետո, ըստ նախարարի, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ը կլինի «Նորք» հոգեբուժական կենտրոնի եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի իրավահաջորդը՝ ժառանգելով նաեւ դրանց իրավունքներն ու պարտականությունները:

Լրագրողներն այսօր «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանից հետաքրքրվեցին, թե ինչ փոփոխություն է ակնկալում այդ օպտիմալացումից։ «Ոչ մի լավ փոփոխություն չի լինի։ Այդ միավորումը մեր հիվանդներին ոչ մի լավ բան չի տա, ավելի վատ կլինի։ Մեր շահառուների հիմնական մասն անապահով ընտանիքներից են, շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում «Նուբարաշենը», եւ շատ դժվար է լինելու նրանց համար այնտեղ գնալը։ Երկար տարիներ նրանք գնացել են «Նորք», իսկ հիմա այնտեղ հասնելը բավական ծանր է լինելու իրենց համար։ Տա աստված, որ ես սխալվեմ, բայց չի լինելու ոչ մի լավ բան։ Օպտիմալացումը այս բնագավառում, չեմ կարծում, թե կարող է բարվոք պայմանների վերածվել։ Մեր շահառուների միջին տարիքը 25-40 է, եւ օր օրի ավելանում են նրանք։ Մենք ունենք մի քանի շահառուներ, որոնք «Զիպրեքսիա» դեղը չեն օգտագործում, որովհետեւ իրենց լավ են զգում, երկուսը ուսանում են մագիստրատուրայում եւ այդ դեղն արդեն չեն օգտագործում։ Մեր շահառուներից 40-45 տոկոսը մարզերից են, իսկ մարզերից նրանք չեն կարող գալ, հասնել «Նուբարաշեն»»,- ասաց Կարինե Թուխիկյանը

Մեկնաբանություն
X