Փաստաբանը մոտ մեկ ժամ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, իսկ վկան այդ ընթացքում քնել էր

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը տեւեց մոտ մեկ ժամ։

Ներկայացրած միջնորդությամբ Հայրապետյանը նշեց, որ դատաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, կարեւորը օրենքի սկզբունքն իմանալն է, ոչ թե օրենքը իմանալը, ինչից հետո դատավորը զգուշացրեց անհարգալից չլինել դատարանի նկատմամբ։

Հայրապետյանը շարունակեց միջնորդությունը՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ դատական նիստեր անցկացնելու այլ ժամ էր նշանակված, սակայն դատարանից դուրս ժամը փոխվել էր եւ նշանակվել 11․00-ին, եւ հենց այդ ժամին կալանավորներին տեղափոխելու խնդիր է առաջանում։ Հայրապետյանի խոսքով՝ Տաթեւիկ Գրիգորյանը այլ մարդկանց ցուցումով է առաջնորդվում, գուցե խորհրդակցել է ՔԿՀ-ի պետի հետ։ Տաթեւիկ Գրիգորյանը մեկ անգամ եւս զգուշացրեց հանիրավի մեղադրանքներ չհնչեցնել դատարանի հասցեին։

Տիգրան Հայրապետյանը շարունակեց ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը՝ շրջանցելով այն հատվածները, որոնք հնարավոր է վիրավորեն դատարանի արժանապատվությունը։ Ներկայացված միջնորդությանը միացան պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները, մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ, դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ներկայացվածը հիմնազուրկ է։ «Փաստաբանը ներկայացնում է, թե դատարանը ութ փաստաբանների բացակայությամբ է նիստ անցկացրել, սակայն այդպիսի որեւէ դեպք չի եղել»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Մինչ Տիգրան Հայրապետյանի միջնորդություն ներկայացնելը, դատարան էր հրավիրվել գործով վկա Աշոտ Պետրոսյանը, որը ներկայացված միջնորդության պատճառով չկարողացավ հարցաքննվել եւ փաստաբանի խոսքի ընթացքում քնել էր։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանություն
X