Ավտոմեքենան Հյուսիսային Օսիայով՝ Վրաստան-Հայաստան

Աշնանը հատկապես են ավելանում Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենայի ներկրումները։ Քաղաքացիների մի մասը ՌԴ-ում աշխատած գումարներով իրենց սեփական կարիքների համար է փոխադրամիջոց ձեռք բերում, մի մասն էլ՝ վաճառելու։

Կան նաեւ կոնկրետ այդ բիզնեսով զբաղված գործարարներ։ Նրանք արդեն նրբություններին տիրապետում են, փորձ ունեն, բայց անփորձ քաղաքացիների վիճակն այս առումով ցավալի է։ Երբ ռուսական տրանզիտ համարանիշներով ավտոմեքենան մոտենում է Վերին Լարսի անցակետին, սահմանապահը հրահանգում է շարքերից հեռու մի տեղ կայանել եւ փաստաթղթերով հերթ կանգնել պատուհաններից այն միակի մոտ, որտեղ զբաղվում են մաքսային ձեւակերպումներով։ Հերթը հիմնականում հասնում է ուշ, երբեմն ժամեր անց։ Այդ ընթացքում հավաքվածները քննարկում են տեղի մաքսավորների դանդաղաշարժությունը, աշխատանքի թափթփվածության մակարդակը եւ համեմատություններ անցկացնում ուրիշ երկրների մաքսակետերի հետ։ Քանի որ վրացականն ամենամոտն է, հիմնական համեմատությունը հարեւան երկրի հետ է։

«Տամ՝ կակ մասլո վ շոկոլադե,- ասում են ոուսները, ղազախները, բելառուսները,- վսեվո 20 մինուտ»։ Հայերը նույնն են ասում՝ հայերեն։ Այդ ընթացքում հանկարծ հայերից մեկի հերթը հասնում է, մտնում է սենյակ, սեղանին դնում փաստաթղթերն ու լսում մեր օս հարեւանի առաջին հանդիմանությունը․ բա ո՞ւր է դեկլարացիադ։ Ի՞նչ դեկլարացիա, բարեկամս։ Այստեղ մի փոքր ուշադրություն, հարգելի ընթերցող, ձեզնից ցանկացածի հետ կարող է նույնը պատահել։ Լսելու եք հետեւյալը․ դու պետք է մի քանի հարյուր մետր ոտքով հետ գնաս, բրոքերներին ներկայացնես թղթերդ, վճարես, նրանք կկազմեն էլեկտրոնային դեկլարացիա, հետո գաս՝ նորից հերթ կանգնես։

Կարծում եմ՝ այն, որ սահմանապահը հերթից դուրս եկած հային ի սկզբանե չէր նախազգուշացրել գործող կարգի մասին, սովորական ամբարտավանություն է, լկտի վերաբերմունք հարեւանի նկատմամբ։ Իսկ նման վերաբերմունքի դրսեւորումները քիչ չեն, նման հրապարակումներ եղել են։

Էլեկտրոնային դեկլարացիան, իրականում, իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, շատ ավելի պարզ ու հեշտ է, քան այն ժամանակավոր ներմուծման հայտարարագրերը, որոնք մեր քաղաքացիները ձեռագիր անվճար լրացնում են 2014-ի հոկտեմբերից հետո գնված ավտոմեքենաներով ՌԴ մտնելիս։ Այս մեկը, սակայն, արժե 1000 ռուբլի։

Տվեք ֆլեշկան, էլեկտրոնային կրիչը՝ ասում է մաքսային բրոքերը։ Ի՞նչ ֆլեշկա, որտեղի՞ց՝ շփոթվում է հայը։ Այդ դեպքում լրացուցիչ 500 ռուբլի վճարեք։ Այստեղ է, որ կցանկանայի հայաստանյան մաքսայինի ղեկավարները տեղեկանային, թե 2017 թվականի դրությամբ հարեւան երկրի անցակետում ինչպես են մեր ժողովրդի հետ դեռ «բիրի կիրպիչ» սովետական խաղ խաղում։ Ֆլեշկայի համար վճարում ես ու վերջում թողնում անցակետում՝ չեն վերադարձնում։ Ֆլեշկան, այսպիսով, վաճառվում է մի քանի հարյուր անգամ։

Գուցե մաքսակետի աշխատակիցները ցածր աշխատավա՞րձ են ստանում, գուցե այսպիսի մեխանիզմներ են մտածվել նրանց համար լրացուցիչ եկամուտ ապահովելո՞ւ նպատակով։ Բայց նկարագրված ամբողջ շղթան ցուցադրաբար անհարգալից վերաբերմունք է անձամբ իմ՝ հարեւանի անցակետով անցնող հայիս հանդեպ։ Այս հարցերին ես ներքեւից չեմ կարող պատասխանել, առաջարկում եմ, որ մեր պետությունը սրան պատասխանի՝ վերեւից։ Ինքս պետության փոխարեն ամաչում եմ, մանավանդ երբ հերթում կանգնած այլազգիները լավ առումով համեմատությունն անում են Վրաստանի հետ։ Հայաստանի հետ համեմատություն չկա, քանի որ Հայաստանում բավականին ռուսականին նման թափթփված վիճակ է։

Վրացական այբուբենի առաջին երկու տառերը կարդացվում են ԱՆ եւ ԲԱՆ։ Հավանաբար նրանց մասին է, ովքեր չեն ցանկանում բարեկրթվել։ Իսկ հաջորդ երկու տառերը, կարծում եմ, բնորոշում են նրանց, ովքեր մտածված կերպով, համառորեն չեն բարեկրթվում՝ մեր ժողովրդի միջին շերտի կամ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման հաշվին։

Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X