Հայաստանում ներկայացված ամենանոր մեքենաներն ու դրանց տպավորիչ գները

Վերջին մեկ ամսում հայաստանյան տարբեր ավտոսրահներում տեղի ունեցան մի քանի թանկարժեք մեքենաների հայաստանյան շնորհանդեսներ։ Մեկը հայերի սիրելի, Հայաստանում մեծ տարածում գտած Mercedes S-Class-ի նոր սերնդի վերաոճավորված, թարմացված տարբերակն էր, որ ներկայացվեց «Ավանգարդ մոթորս» ավտոսրահում։ Մյուսը BMW-ի նորահայտ մոդելի՝ գրան տուրիզմո դասի հիբրիդային BMW i8 կուպեի շնորհանդեսն էր, որ տեղի ուենցավ «Եվրոմոթորս» ավտոսրահում։ Երրորդ նորությունը «Ֆորա» ընկերության ավտոսրահում էր․ այստեղ հայաստանյան գնորդին պաշտոնապես ցուցադրվեց Range Rover մակնիշի նոր արտաճանապարհային մոդելը՝ Velar-ը։

Մենք զրուցեցինք երեք ավտոսրահների վաճառքի մենեջերների հետ՝ հասկանալու, թե որքանով են պահանջված այս մեքնաները Հայաստանում, ինչպիսին են դրանց վաճառքի ծավալները, հանրության հետաքրքրությունն ավելի շատ շքեղ ու թանկարժե՞ք, թե՞ առավել տնտեսող ու բյուջետային մոդելների կողմն է։ Իհարկե, ոչ բոլոր սրահները մեզ տրամադրեցին համապարփակ ինֆորմացիա, սակայն ընդհանուր պատկերը պարզ դարձավ։ Հայաստանում շքեղ ու թանկարժեք մեքենաների պահանջարկը մեծ է։ Ընդ որում՝ հայերը նախընտրում են պրեմիում դասի մակնիշներ, ինչպիսին հենց Mercedes-ը, BMW-ն, Range Rover-ն են եւ այլն, ամենաթանկ ու բարձրակարգ մոդելները, դրանց դեպքում էլ՝ ամենաշքեղ կոմպլեկտավորմամբ ու հզոր շարժիչներով մոդիֆիկացիաները։ Դրա համար էլ եվրոպական հարուստ երկրներից ժամանածները զարմանում են, թե այս աղքատ երկրում որտեղից այսքան շքեղ մեքենա։ Պատասխանը մեկն է՝ մենթալիտետի հարց է․ հայերը նախընտրում են՝ մի քիչ սոված, մի քիչ պարտքերի տակ, տունը գրավ դրած, բայց կարեւորը Mercedes S-Class, Range Rover Sport կամ BMW X6 վարել, այլ ոչ թե դիզելային Renault Megane կամ Peugeot 207։

Mercedes S-Class-ը՝ 109 մլն․ դրամով, Maybach-ը՝ ավելի բարձր

Mercedes S-Class-ն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի ամենատարածված ու հայտնի ներկայացուցչական դասի սեդանն է։ Այժմ վաճառվում է 1972 թվականից արտադրվող S-Cass-ի արդեն վեցերորդ սերունդը՝ W222 թափքով։ Բայց S-Class-ի ամենահայտնի, ամենահաջողված ու ամենաորակյալ մոդիֆիկացիան եղել ու շարունակում է մնալ 90-ականներին արտադրված W140 թափքով տարբերակը։ Mercedes-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս» ընկերության վաճառասրահում օրերս ներկայացվեց W222-ի վերաոճավորված տարբերակը։ Սրահի վաճառքի գծով մենեջեր Նարեկ Դանիելյանն ասաց, որ այս պահին արդեն մոտ տասը օրինակ վաճառել են։ Նոր S-Class-ն առաջին անգամ ներկայանում է S 560 մոդիֆիկացիայով, նախկինում երբեւէ այսպիսի թվագրմամբ S-Class չի թողարկվել։ Սա փոխարինելու է S 500 կամ 550 տարբերակներին։ Նախկին S 400-ն էլ ռեսթայլինգ անցնելուց հետո դարձել է S 450: Այն հագեցած է 3 լիտր աշխատանքային ծավալով, կրկնակի տուրբոներմղիչով V6 շարժիչով, որը նախկին 333-ի փոխարեն զարգացնում է 367 ձիաուժ հզորություն։ S 560-ի շարժիչի աշխատանքային ծավալն արդեն 4 լիտր է, V-աձեւ 8-մխոցանի, իսկ հզորությունը կազմում է 469 ձիաուժ։ «Ավանգարդ մոթորսում» S 450-ի գինը՝ հագեցած կոմպլեկտավորմամբ, միջինը 80 մլն․ դրամի սահմաններում է, նույնի բազային տարբերակը 65-66 միլիոնից է սկսվում։ Իսկ S 560-ինը՝ հագեցած կոմպլեկտավորմամբ, մոտ 109 մլն․ դրամ է, որը սպորտային AMG փաթեթով է։ Հայ գնորդները հիմնականում նախընտրում են այս մոդելի շքեղ, հագեցած տարբերակները, քանի որ S-Class-ը S-Class է՝ հարուստ ու շքեղ համալրումներով։ Նարեկի խոսքով՝ 109 մլն․ դրամ արժողությամբ S 560-ը «ֆանտաստիկ ֆուլ» համալրումներով է՝ AMG փաթեթ, Nappa Exclusive սրահ, 3D երաժշտական համակարգ, մոնիտորներ, մերսում՝ տաք քարերով, չորս հատ տեսախցիկ, սառնարան, պանորամա տանիք, եւ այսպես շարունակ։ «Այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք այս մոդելից 20-25 հատ վաճառել, սրանցից որեւէ մեկը մյուսին նման չէ, բոլորը տարբեր են ե՛ւ գնով, ե՛ւ տեսքով, ե՛ւ համալրումներով»,-ասաց մեր զրուցակիցը։ Mercedes S-Class-ի ամենաշքեղ ու էքսկլյուզիվ տարբերակը, սակայն, S 600-ն է, որը V12 շարժիչով է, եւ դրա Maybach տարբերակը, որն էլ առաջվա շքեղ Maybach-ը չէ, այն ուղղակի S-Class-ի մի փոքր թանկ տարբերակն է։ Նարեկն ասաց, որ Maybach տարբերակը կունենան ավելի ուշ, իսկ նախկին S 600-ի փոխարեն արդեն S 65 ինդեքսով թողարկվող V12 շարժիչով տարբերակի պահանջարկ Հայաստանում չկա։ Սրա գինը մոտ 300 հազար եվրոյի սահմաններում է, եթե բերեն։ Հայաստանում, ամեն դեպքում, կան մի քանի օլիգարխներ, որոնք, թեկուզ մի քանի տարի հին թողարկման, բայց ունեն V12 շարժիչով S-Class-ներ։ Իսկ S-Class-ի Maybach տարբերակի գինն էլ նախնական կարող է մեկնարկել 115-120 մլն․ դրամից։ Նարեկն ասաց, որ տարվա ընթացքում իրենք S-Class վաճառել են 25-30 օրինակ, միայն վերջին՝ W222 թափքով տարբերակի թողարկումից ի վեր վաճառել են 100-ից ավելի օրինակ։ Մյուս ամենավաճառվող մոդելը Mercedes G-Class-ն է՝ հայերի սիրելի «Յաշիկը», որի ամենաշքեղ տարբերակներից G 63-ի գինը կրկին 104 միլիոնի սահմաններում է։ «Հայաստանում հիմնականում շեշտը դրված է թանկարժեք մեքենաների վրա։ Ասենք՝ A-Class-ի կամ C-Class-ի պահանջարկը շատ քիչ է։ Մեկ էլ E-Classն է լավ վաճառվում։ Մենք հիմա լավ պրոդուկտ ունենք՝ 2 տարով տարեկան 4.9 տոկոսով լիզինգով վաճառում ենք մեքենաները»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ կան՝ հենց S-Class-ն են վարկով ձեռք բերում։ Հայաստանում, սակայն, Mercedes-ի տարբեր մոդելներ, այդ թվում՝ S-Class, ներմուծում են նաեւ դրսից, երկրորդային շուկայից։ Նարեկն ասում է, որ դրանք երբեմն հավաքված են լինում, օրինակ, Աֆրիկայում, հարմարեցված չեն հայաստանյան պայմաններին ու շահագործման ընթացքում հաճախ խնդիրներ են առաջացնում այստեղ։

Range Rover Velar՝ 2 գնորդ, BMW i8՝ մեկ գնորդ

Մի քանի օր առաջ «Եվրոմոթորս» ընկերության սրահում ներկայացվեց BMW i8 ֆուտուրիստական ոճով սպորտային կուպեն։ Այս մեքենան դիզայներական մտքի նորովի թռիչք է՝ հզոր լուծումներով ու տեխնոլոգիական նորամուծություններով։ BMW-ի ամենաթանկ մոդելներից է, որի գինը միջինը 85 մլն․ դրամի կարգի է։ Այս մեքենայի դեռեւս միակ գնորդը, ըստ մամուլում տեղ գտած ինֆորմացիայի, Գագիկ Ծառուկյանի որդին է՝ Նվեր Ծառուկյանը։ Ավտոսրահն էլ հենց Ծառուկյանին է պատկանում։ Նրանք այն ձեռք են բերել Հայրապետյաններից։ Ավտոսրահի վաճառքի մենեջեր Սամվել Ավետիսյանն ասաց, որ ավտոսրահում այս պահին BMW-ի ամենաթանկ մոդելը ներկայացուցչական դասի 7-Series-ն է, մասնավորապես՝ BMW 750 Li-ը։ Այն Mercedes S-Class-ի գլխավոր մրցակիցներից է, բայց գնով ավելի էժան է՝ 85 մլն․ դրամի սահմաններում, սակայն, կախված համալրումներից, գինը կարող է բարձրանալ։

«Եվրոմոթորսը» միայն BMW-ի պաշտոնական ներկրողը չէ, այն նաեւ լեգենդար Rolls-Royce ու Mini է ներկրում, որոնք BMW գրուպի կազմում ընդգրկված բրենդներ են։ Այս երեքից ամենաշքեղն ու թանկարժեքը, բնականաբար, բրիտանական Rolls-Royce-ի մոդելներն են։ Premium F սեգմենտի, բարձր դասի, ձեռքով հավաքված ներկայացուցչական սեդան Rolls-Royce Phantom-ի գինը, ըստ Սամվել Ավետիսյանի, միջինը 600 հազար դոլարի սահմաններում է։

Մեր ներկայացրած շարքից ամենահամեստն ու էժանը «Ֆորա» ընկերությունում ցուցադրված Range Rover Velar-ն է։ Այն նոր դաս է բացում անգլիական Land Rover մակնիշի արտաճանապարհայինների ընտանիքում։ Velar-ն իր չափերով ու գնով միջին դիրք է զբաղեցնում Range Rover Sport-ի եւ Range Rover Evoque-ի միջեւ։ Սրահի վաճառքի բաժնի ղեկավար Մարգարիտան մեզ ասաց, որ ցուցադրման ժամանակ ունեցել են երեք մոդել, որոնցից երկուսն արդեն վաճառվել է։ Գինն սկսվում է 36-37 մլն․ դրամից, որը 2-լիտրանոց եւ 250 ձ/ու հզորությամբ տուրբոշարժիչով տարբերակն է եւ հասնում է ընդհուպ 53 մլն․ դրամի, որն արդեն 3-լիտրանոց, 380 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի։

«Velar-ը պատկանում է այն մոդելների շարքին, որոնց գինը կարող է սկսվել շատ էժանից ու հասնել բարձր թվերի։ Նույնիսկ մեր պատկերացրած ամենաֆուլ տարբերակի վրա կարելի է եւս մի 40 հազար դոլարի օպցիա հավաքել։ Օրինակ՝ կարող են կաշին փոխել գործվածքով։ Իր համար նախատեսված է գործվածքի սրահ՝ ջինսի կտորով, որի 30 տոկոսը բուրդ է։ Ու պատկերացրեք, որ այդ օպցիան, անկախ նրանից, թե որ կտորից սրահով է, շատ ավելի թանկ է, քան ամենաբարձրակարգ կաշին»։ Վաճառքի ծավալների մասին տեղեկություն, սակայն, «Ֆորայի» աշխատակիցը չտրամադրեց՝ նշելով, թե ինքը լիազորված չէ, քանի որ «տեղեկատվություն կարող է տրամադրել իր վերադասներին, ոչ թե լրագրողին»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X