Բաց նամակ Կարեն Կարապետյանին

«Հարգելի պարոն վարչապետ,

Գիտակցելով Ձեր զբաղվածությունը, համենայն դեպս ստիպված ենք դիմել Ձեզ, արդեն անլուծելի դարձած խնդրի լուծման հույսով:

Երևան քաղաքի Կենտրոն թաղամասի, Պռոշյան նրբանցքի կոյուղաջրերը արդեն ամիսներ շարունակ հեղեղում են Պռոշյան նրբանցքը և հոսում դեպի «Սիրահարների» այգի՝ ապականելով շրջապատը, անտանելի գարշահոտություն տարածելով ողջ հանգստի գոտում, հակասանիտարական վիճակ ստեղծելով թաղամասում, որտեղ գործում են երեք մանկապարտեզներ, թատրոն, գտնվում են բնակելի շենքեր:

Ցավալի է, որ սփյուռքահայ բարերարի միջոցներով վերակառուցված քաղաքի լավագույն հանգստի գոտիներից մեկը, մարդկանց գրավելու փոխարեն, այսօր նրանց վանում է իր գարշահոտությամբ:

Տարածքում գործող մանկապարտեզների երեխաների ծնողներն արդարացիորեն բողոքում են և անհանգստանում երեխաների առողջության համար:

Թատրոնի տնօրինությունը ստիպված է եղել հանել հայտարարված ներկայացումները:

Մոտալուտ ձմռանը տեղանքը վերածվելու է կեղտոտ սահադաշտի:

Խնդրի հետ կապված դիմել ենք «ՎԵՈԼԻԱ ՋՈւՐ» ՓԲԸ –ի ղեկավարությանը, Կենտրոն թաղամասի թաղապետարան, Երևան քաղաքի քաղաքապետարան, որոնք բարեհամբույր ընդունել են դիմումները և դրանց վերաբերյալ տվել լղոզված, անտրամաբանական, իրար մեղադրող պատասխաններ:

Ամենազավեշտալի պատասխանն, որն ստացանք նշված բոլոր կազմակերպություններից այն է, որ մենք՝ բնակիչներս պետք է լեզու գտնենք թաղամասի բնակիչներից մեկի հետ, որ նա թույլ տա իր սեփական այգում նոր դիտահոր կառուցել, և որ քաղաքապետարանը, թաղապետարանը և «ՎԵՈԼԻԱ ՋՈւՐԸ»-ը ի զորու չեն այդ հարցը լուծելու և նրանց նամակ պատասխանը մեզ ավարտվում է «բանակցությունները շարունակվում են» զավեշտալի արտահայտությամբ, իսկ այդ ընթացքում կեղտաջրերը շարունակում են ապականել շրջապատը:

Թե նշված բանակցություններն ինչքան կտևեն, հայտնի չէ, բայց ուզում ենք նշել, որ պատճառն ավելի խորն է: Նոր դիտահորի կամ կոյուղագծերի մաքրելը խնդիրը չի լուծի, այդ աշխատանքները բազմիցս արվել են, բայց՝ անօգուտ:

Պատճառը հետևյալն է:

«Երևան ջուր» կազմակերպությունը 2016 թվականին ապօրինաբար Պռոշյան 21/ա հասցեյի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը միացրել է մի քանի բնակարանի համար նախատեսված կոյուղագծին, առանց տեխնիկական հաշվարկներ կատարելու և առանց քաղաքաշինական նորմերի պահպանման:

Հաշվի չի առնվել ոչ միայն կոյուղագծի տարողունակությունը, այլև չեն կատարվել տարածքի հողաշերտի ուսումնասիրման աշխատանքներ մալուխների և կոմունիկացիաների առկայությունը պարզելու նպատակով, ինչի պատճառով «ՎԵՈԼԻԱ ՋՈւՐ» կազմակերպության մասնագետները բացատրում են, որ նոր կոյուղագիծ կառուցելն այդ տարածքում գրեթե անհնար է:

Մինչ այդ, այս տարածքում երբեք վթար տեղի չի ունեցել: Խնդիրն առաջացել է նշված հասցեում բազմաբնակարան շենքը կառուցելուց և այն շահագործելուց հետո:

Առնվազն տարօրինակ է, որ քաղաքապետարանը և թաղապետարանը ունեն կոմունալ սպասարկման բաժիններ ստվար աշխատակազմով, որոնք վճարվում են մեր հարկերի հաշվին, մինչև այսօր բազմաթիվ բողոքներից հետո նույնիսկ հարկ չեն համարել ներկայացուցիչ ուղարկել նշված տեղամաս բնակիչներին լսելու և խնդրին լուծում տալու համար:

Եկել են միայն «ՎԵՈԼԻԱ ՋՈւՐ» կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հուսահատ փորձերը շտկելու ստեղծված իրավիճակը, առայժմ ապարդյուն է:

Հարգելի Պարոն վարչապետ,

այս իրավիճակում մեր միակ հույսը Ձեր միջամտությունն է այս խնդիրը լուծելու համար, այլապես ստիպված ենք լինելու սպասել հաջորդ ընտրություններին, երբ թեկնածուները շատ սիրալիր են լինում սեփական ժողովրդի նկատմամբ:

Հարգանքով՝ թաղամասի մի խումբ բնակիչներ

Մեկնաբանություն
X