Հեռացել է ձեռնունայն

Սոչիում ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին նախորդած Բաքվի քարոզչատեղեկատվական ակտիվությունը կտրուկ նվազել է: Տպավորություն է, որ Ալիեւը որոշակի տրամադրվածությամբ է ուղեւորվել Ռուսաստան, սակայն նրա ակնկալիքները չեն արդարացել՝ տեղի չի ունեցել Պուտին-Ալիեւ հանդիպում, եւ ԵԱՏՄ անդամության առաջարկ չի արվել: Ադրբեջանական քաղտեխնոլոգները նման հեռանկար էին ակնկալում: Կարելի է ենթադրել, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվել է, եւ ՌԴ նախագահը հարցը թողել է առկախ: Ամենայն հավանականությամբ, դեր է խաղացել Հայաստանի սկզբունքային կեցվածքը: Իսկ առհասարակ ուշագրավ է, որ Սոչիում Ալիեւը երկկողմ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Մանավանդ՝ Բելառուսի նախագահի հետ, քանի որ տառացիորեն նախօրեին Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Ալիեւի հետ համակողմանի քննարկումների հնարավորություն կունենա: Նշանակո՞ւմ է դա, որ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարը Մոսկվայի դժգոհությունն է հարուցել, եւ Լուկաշենկոն Ալիեւի հետ սեպարատ բանակցություններից ձեռնպահ է մնացել՝ բացառված չէ: Ալիեւը չի շփվել նաեւ Ղազախստանի նախագահի հետ: «Ազերթաջ» գործակալությունը տարածել է Սոչիի գագաթնաժողովում Ալիեւի ելույթի մի հատված, որտեղ նա խոսում է ԱՄՆ եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի կողմից Բաքուն որպես բանակցությունների վայր ընտրելու մասին՝ դա ներկայացնելով իբրեւ իր երկրի ներդրում միջազգային անվտանգության ամրապնդմանը: Խնդրի այդօրինակ ներկայացումը վկայում է, որ Ադրբեջանը դրանից ցանկալի դիվիդենտներ չի շահել, մնացել է առերեւույթ «կարեւորությունը»: Սոչիից Ալիեւը հեռացել է ձեռնունայն: Հակառակ դեպքում ադրբեջանական մամուլը «կպայթեր» համապատասխան հրապարակումներից: Եվրոպական ընկերակցության հետ հարաբերությունների կատարյալ փչացումից հետո Ալիեւին պակասում էր եվրասիական ուղղությամբ մեկուսացումը: Եթե, իհարկե, մինչեւ տարեվերջ տեղի չունենա անսպասելին, եւ Ադրբեջանը հանդես չգա ԵԱՏՄ-ին անդամակցելու խնդրանքով: Բայց այդ դեպքում էլ հարկ կլինի ընդունել Հայաստանի նախապայմանները:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X