Հիմա էլ միջնորդեցին Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը վերացնել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Մեր թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց Սեֆիլյանի փաստաբանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է։ Տիգրան Հայրապետյանը նոր միջնորդություն ներկայացրեց Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Նա նշեց, որ արդեն նախաքննությունը ավարտվել է, դատաքննության ժամանակ Սեֆիլյանը չի կարող խոչընդոտել գործի քննությունը։ Փաստաբանը նաեւ ասաց, որ Սեֆիլյանի կենսագրության մեջ չկա որեւէ կետ, որով նշվի, որ խուսափելու է դատավարությունից։ Մեղադրողը առարկեց՝ նշելով, որ միջնորդությունը հիմնազուրկ է, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Գործով վկա Աշոտ Պետրոսյանը սպասում է իր հարցաքննությանը։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանություն
X