Միջադեպ Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում․ ադրբեջանցիները գողացել են հայկական քարտեզները (լուսանկարներ)

>

Այս օրերին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ ներկայացված հայկական տաղավարում ժամեր առաջ տհաճ միջադեպ է գրանցվել, իրավիճակի սադրիչը եղել է Ադրբեջանի պատվիրակությունը։

Մենք կապ հաստատեցինք Ֆրանկֆուրտում գտնվող մեր պատվիրակության ներկայացուցիչ՝ բանաստեղծ, մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ, ով պատմեց, որ հայկական տաղավարը տոնավաճառում իր բնականոն աշխատանքներն էր տանում, երբ նկատել են, թե ինչպես երկու հոգի մտել են հայկական տաղավար ու վերցնելով ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները հեռացել։ Իրենք՝ լրատվության ներկայացուցիչների հետ հետեւելով այդ մարդկանց, տեսել են, որ վերջիններս Ադրբեջանի տաղավարից են․ «Մենք անվնաս հետ վերցրեցինք քարտեզները, թեեւ իրենք իրենց լրատվականներում գրել էին, որ եկել պատռել են մեր քարտեզները, բայց դա իրականության հետ կապ չունի։ Դրանից հետո մենք հրավիրեցինք եւ ոստիկանությանը եւ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի կազմակերպիչներին, որպեսզի կարգի բերեն ադրբեջանցիներին։ Բնականաբար եւ ոստիկանությունը եւ Հայաստանի հարեւան տաղավարները՝ Հունգարիան, Ուկրաինան եւ էլի ուրիշները տեսան, թե ինչպես էին նրանք փորձում գողություն անել հայկական տաղավարից՝ բոլորիս աչքի առջեւ։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գրքի միջազգային ցուցահանդեսն էլ է փորձում քաղաքականացնել, որը չպետք է լինի քաղաքական»,-ասում է նա ու նկատում, որ Ադրբեջանի տաղավարի 80 տոկոսը քարոզչական գրականություն է ուղղված Հայաստանի, Արցախի դեմ, մինչդեռ հայաստանյան տաղավարում նման բան չես գտնի, բացառությամբ մի քանի քարտեզների, որոնք ամեն տարի ցուցադրվում են գրքի ցուցահանդեսներին։

Այն հարցին, թե Ադրբեջանի պատվիրակությունը որեւէ կերպ բացատրե՞լ է այդ քայլի տրամաբանությունը, Արմեն Սարգսյանն ասաց․ «Նրանք ոչ մի կերպ չէին կարող մեկնաբանել, որովհետեւ ակնհայտ սխալ էին, հետաքրքիր է, որ փորձում էին մեր լրագրողի աշխատանքը խոչընդոտել, բայց իհարկե նա ուներ նկարահանելու թույլտվություն եւ կարող էր նկարել այն, ինչ ուզում է»։ Ի դեպ, մեր պատվիրակությունը շուտով կտարածի նաեւ կատարվածի տեսագրությունը, որտեղ ամեն ինչ պարզ եւ ակնհայտ երեւում է։

Տոնավաճառ-ցուցահանդեսում Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարները գրեթե դեմ դիմաց են, որոնց բաժանում է Ուկրաինայի տաղավարը։ Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա Արմեն Սարգսյանի փոխանցմամբ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի ղեկավարությունը, այդ թվում փոխտնօրեն Թոբիաս Հոսը, որն այս տարի Հայաստան էր այցելել, նկատողություն կտան Ադրբեջանի պատվիրակությանը․ «Եւ հավանաբար հաջորդ տարիներին Ադրբեջանի տաղավարն այլեւս Հայաստանի տաղավարի կողքին չի լինի։ Մեր տաղավարում այս պահին եղել են մշակույթի նախարարության պատվիրակները, «Անտարես», «Զանգակ», «Երեւանի պետական համալսարանի» հրատարակչությունները, «Անի գրական գործակալությունը, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները, ովքեր այս օրերին գալիս ու օգնում են մեզ տաղավարի աշխատանքները կազակերպելու հարցում»։

Արմեն Սարգսյանը նկատում է՝ նմանօրինակ միջադեպերը կրկնվում են ոչ միայն Ֆրանկֆուրտում, այլ նաեւ շատ այլ գրքի ցուցադահանդեսների ժամանակ․ «Օրինակ 2 տարի առաջ Իրանում նման փորձեր եղան։ Փառք Աստծո, որ դեսպանատունը անվտանգության աշխատակիցներ էր մեզ տրամադրել եւ իրանաբնակ ադրբեջանցիները չկարողացան գալ, որովհետեւ իրենք խմբերով են շրջում, բայց իհարկե Գերմանիայում կարգ ու կանոնն ավելի բարձր մակարդակի վրա է եւ հնարավոր չէ նման պահվածք դրսեւորել ու մնալ անպատիժ»։

Թեեւ միջադեպը տհաճ ազդեցություն է թողել, բայց չի խաթարել հայաստանյան պատվիրակության եւ մեր տաղավարի աշխատանքները ցուցահանդես-տոնավաճառում, ավելին՝ այսօր հայակական տաղավարում նախատեսված է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակներում մշակույթի նախարարությունը աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրում, իրենց լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն․ «Մեր պատվիրակությունը նախատեսված գրաֆիկով շարունակում է իր աշխատանքները, հանդիպումները արտերկրի հրատարակիչների ու գործակալների հետ»,-ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում ներկայացված է մոտ 300 գիրք՝ գեղարվեստական, պատմական, մանկական, հանրամատչելի, Հայաստանի մշակույթը ներկայացնող գրականություն տարբեր լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն, եթովպերեն, լեհերեն։

Մեկնաբանություն
X