Քաղաքագրություն. Հրապարակը

Շինարարության ինդուստրացումը, շենքերի կառուցման հոսքային մեթոդի արմատավորումը, հավաքովի կոնստրուկցիաների օգտագործումը, ձեռքի աշխատանքի փոխարինումը մեքենաների աշխատանքով թույլ տվեցին իջեցնելու շինարարության ինքնարժեքը, արագացնելուդրա տեմպերը: Դրանում կարեւոր դեր խաղաց նաեւ բնակելի եւ հասարակական շենքերի տիպային նախագծերի արմատավորումը: Վերջին տարիներս շինարարական ամբողջ կոմպլեքսները կառուցվում են տիպային նախագծերով, լայնորեն օգտագործվում են հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաները: Ինդուստրիալ մեթոդների, շինարարական գործի մեջ առաջավոր տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ բուռն զարգացում են ապրում քաղաքի կառուցումն ու բարեկարգումը, յուրաքանչյուր տարի բարձրանում են հարյուրավոր նոր շենքեր: Երեւանը նման է մի խոշոր շինարարական հրապարակի: Ամենուրեք շինարարություն է: Կառուցվում են նոր ձեռնարկություններ, շարք են մտնում նոր բնակելի հսկա զանգվածներ:

Նոր հրապարակները, մայրուղիները եւ փողոցները, վիթխարի ու հոյակապ շինությունները, զբոսայգիները, պուրակները, արհեստական լճերը եւ մյուս կառուցվածքները արդյունաբերության, գիտության ու մշակույթի մարզերում ձեռք բերած մեծ նվաճումների հետ միասին արմատապես փոխել են Երեւանը, որ դարձել է սովետական երկրի բարեկարգ, խոշոր քաղաքներից մեկը: Հայ ճարտարապետների եւ շինարարների, բոլոր աշխատավորների հպարտությունն է Երեւանի Լենինի անվան հրապարակը՝ մայրաքաղաքի կարեւոր ճարտարապետական անսամբլը եւ հանդիսավոր արարողությունների կենտրոնատեղին:

Քաղաքային մայրուղիների այդ հիմնական գլխավոր հանգուցակետի նախագծի վրա Ա. Թամանյանն սկսեց աշխատել 1924 թվականին: Պահպանելով հրապարակով անցնող ճանապարհների պատմականորեն ձեւավորված ուղղությունը՝ նա նախագծեց քաղաքային կենտրոնի այնպիսի ձեւեր եւ ծավալներ, որոնք ապահովում են քաղաքի առավել կարեւոր երթուղիների անմիջական կապը:

Լենինի անվան հրապարակի կառուցապատումն սկսվել է 1926 թվականին, ՀՍՍՀ կառավարական տան առաջին հերթի՝ Հողժողկոմատի շենքի շինարարությամբ: 1935 թվականին ավարտվեց կապի տան շինարարությունը, իսկ 1939 թվականին՝ Կառավարական տան շենքի այն մասը, որն իր ճակատով նայում է դեպի Հոկտեմբերյան պողոտան: Հրապարակի վերջնական ձեւավորման ուղղությամբ քիչ աշխատանք չի կատարվել նաեւ հետպատերազմյան շրջանում: 1948-58 թվականներին կառուցապատվեց դրա հարավ-արեւմտյան մասը, որ այժմ եզերված է գլխավոր փոստի եւ Միությունների տան շենքերով: Կուլտուրայի տան շենքի ճակատի վերակառուցմամբ եւ վարչական շենքի «Արմենիա» հյուրանոցի կառուցմամբ ձեւավորվեցին նաեւ նրա հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան մասերը: Նախատեսվում է կուլտուրայի տան նոր վերակառուցում, որն ավելի կատարյալ կդարձնի հրապարակը:

Հրապարակի վրա իր ուրույն ճարտարապետական ոճով աչքի է ընկնում Կառավարական տան շենքը, որի նախագծի հեղինակը՝ Ա. Թամանյանը, 1941 թվականին հետմահու արժանացել է Պետական մրցանակի: Դրա ճարտարապետության մեջ Ա. Թամանյանը մեծ վարպետությամբ օգտագործել է ազգային դասական ճարտարապետության նվաճումները՝ դրանք ծառայեցնելով մի հասարակական շենքի կառուցմանը, որն իր ձեւով ու բովանդակությամբ լիովին համապատասխանում է առաջադրվող պահանջին: Հրապարակի մյուս շենքերում, որ կառուցվել են հետագայում, կրկնվում են Կառավարական տան մոտիվները, որոնք իրենց անհրաժեշտ ինքնուրույնությունն ունենալով հանդերձ՝ համահնչուն են դրա ձեւերին:
Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X