Դատավորը դո՞ւք եք. վկան` Տաթեւիկ Գրիգորյանին

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր որպես վկա հարցաքննվեց Աշոտ Պետրոսյանը, ով դատարանին հայտնեց, որ աջակցել է Նախախորհրդարանին։ 2013-2014 թթ նա ապրել է Նախախորհրդարանի տրամադրած բնակարանում՝ Մերգելյան ինստիտուտի մոտ։

Աշոտ Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ քննիչներն այցելել են բնակարան։
Մեղադրողի հարցին՝ քննիչների հետ ընթերականներ եկե՞լ են, վկան պատասխանեց՝ այո։

Այնուհետեւ նշեց, որ չգիտի՝ ընթերական ինչ է։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վկային կոչ արեց հարցերին հստակ պատասխանել։ Գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը առարկեց՝ նշելով, որ դատարանը ճնշում է գործադրում վկայի նկատմամբ։ Տաթեւիկ Գրիգորյանը վկային հարցրեց՝ դատավորի կողմից ճնշում զգացե՞լ է։ Աշոտ Պետրոսյանը պատասխանեց՝ դատավորը դո՞ւք եք։

Հետո պարզվեց, որ նշված բնակարանում վկան աշխատել է որպես պահակ, մասնակցել է Նախախորհրդարանի կազմակերպած ցույցերին, քանի որ իրեն համարում է արդարության մարտիկ։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանություն
X