Գյումրու միակ կին տաքսիստը՝ Տիկուշը

68 տարեկան է Տիգրանուհի Գևորգյանը: Գյումրիում միակ կին տաքսու վարորդին բոլորը գիտեն, նրան կանչում են կարճ՝ Տիկուշ: Թեև մեր օրերում կնոջն ավտոմեքենային ղեկին տեսնելիս բացարձակ զարմանալի չէ, բայց այ 90-ականներին, այն՝ էլ Գյումրիում, իսկական հեղափոխություն էր: Տիկին Տիկուշն արդեն 18 տարի է՝ իր հանապազօրյա հացը վաստակում է տաքսի վարելով, կանգառը Զույգ աղբյուր թաղամասն է, ավտոկայան, գնացքի կայարանամերձ տարածքներն են: Այս համարձակ որոշումը կայացրեց, երբ զրկվեց աշխատանքից, երբ փակվեց Գյումրու գուլպաների գործարանը՝ հայտնի Չուլոչնին: Ավտոմեքենա վարելը ժառանգել է հորից, շուրջ 35 տարի է՝ դեռ խորհրդային տարիներից ավտոմեքենա է վարել, բայց փող աշխատելու նպատակով՝ մոտ 18 տարի է:

Երբ Տիկուշի ավտոմեքենա են նստում ուղևորներն ու պատվիրում են՝ ապ ջան քշի, նա այլևս չի զարմանում. Տեղաբնակ չեն եւ իրեն էլ չգիտեն: Տիկին Տիկուշը գրեթե բոլորին պատմել է իր ամենահիշարժան պատմություններից մեկը: Մի տղամարդ, նստելով մեքենան, առանց նայելու վարորդին, ասել է՝ «Դե քշի, ապ ջան, հասնինք տեղ, փողը կուդամ»: Երբ վերադարձել է գումարը ձեռքին, ղեկին կնոջը տեսնելով շատ է զարմացել, հարցրել է, թե վարորդն ուր է: Իսկ երբ հասկացել է, որ վարորդը հենց նա էր, շատ է զարմացել: «Կարևորը մարդու թասիբն է, աշխատել ուզելը»,-ասում է տիկին Տիկուշը՝ նշելով, որ չնայած թոշակառու է, բայց իր աշխատելու ցանկությունը մեծ է: Ու այս ամենով հանդերձ, չզարմանաք, նա լավ տանտիկին է:

Ասում են, որ ժամանակին երեք երազանք է ունեցել: Ունենալ հաստ շղթա՝ վիզը գցելու, ավտոմեքենա, որ միշտ վարի եւ հրամաններ տալ: Ի դեպ, երեքն էլ իրականացել են:

Լուսանկարները՝ Branding Gyumri-ի
Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X