Եգիպտոսը չի միանա «ՕՊԵԿ +» համաձայնագրին

Եգիպտոսը մտադիր չէ միանալ նավթ արտահանող երկրների կազմակերպության նավթի արդյունահանման ծավալների կրճատման «ՕՊԵԿ +» համաձայնագրին: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը: Այս որոշումը պաշտոնական Կահիրեն հիմնավորել է այն իրողությամբ, որ ներկայումս Եգիպտոսը չի արտահանում նավթ, իսկ արդյունահանված նավթի հիմնական մասն էլ օգտագործվում է որպես հումք տեղի նավթավերամշակման գործարանների կողմից: «Այն ծավալը, որը մենք արտահանում ենք, չափազանց փոքր է եւ ուշադրության արժանի էլ չէ, ոչ էլ ազդում է շուկայի վրա: Արդյունահանման ծավալների կրճատման մասին պետք է խոսեն այն երկրները, որոնք շուկայում դեր են խաղում՝ մեկ կամ երկու միլիոն բարել նավթ արտահանելով»,-պարզաբանել է Եգիպտոսի վարչապետը:

Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը եւ կազմակերպության ոչ անդամ մի շարք երկրներ պայմանավորվել են դեռ 2016 թվականի տարեվերջին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրճատել նավթի արդյունահանման ծավալները, նավթային շուկան կայունացնելու են նավթի գները բարձրացնելու համար: Համաձայնագիրը կգործի մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը:

Մեկնաբանություն
X