Ալանի ու թալանի արանքում

ԽՍՀՄ-ում 1977թ. ին Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակը ենթարկվեց կողոպուտի:Սա առաջին խոշոր բանկային թալանն էր, որը խորհրդային պատմության մեջ մնաց որպես «դարի կողոպուտ»: Պահուստային հիմնադրամի պահոցից առևանգվել էր մեծ գումար, որի մեծ մասը վերադարձվեց մեկ տարի անց միայն: Խորհրդային կարգերի տապալմանը զուգահեռ աճեց «բանկ կտրելու» պրակտիկան: Եվ եթե ԽՍՀՄ-ում նույնիսկ «օրենքով գողերն» ունեին հստակ կանոն բանկ չթալանելու, ապա անկախ հանրապետությունում փոխվեց նաև հասարակական տրամադրությունը բանկային համակարգի, նույնիսկ՝ բանկ թալանողների վերաբերյալ՝ «բանկը մեզ է թալանում, մենք՝ բանկը» կարգախոսով:

Անցած դարի 60-ական թվականները բանկ կողոպտելու ավելի մեղմ տարբերակ «առաջարկեցին». ներմուծվեցին առաջին բանկոմատները: Սրանք ավելի պրակտիկ էին ոչ միայն բանկային գործարքների, այլև կողոպուտի համար: Արդյունքում աճեց բանկոմատային կողոպուտը:

Հայաստանում վերջին տասը տարում բանկ կողոպտելու տենդենց է նկատվում: Կիբեռ հանցագործությունից մինչև զինված հարձակում ու բանկոմատների որս. սրանք բանկային կողոպուտների ամենատարածված ձևերն են, որից անմասն չի մնում նաև Հայաստանը:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

«Կոնվերս բանկ»- Հոկտեմբերի 9-ին թալանեցին «Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղը: Զինված անձը մտել էր բանկի կառավարչի սենյակ, զենքի սպառնալիքով գումար պահանջել, վերցրել և հեռացել էր: Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել էր տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:Հարուցվեց քրեական գործ: Մամուլում տարաբովանդակ հրապարակումներ եղան այն մասին, որ հանցագործը այնքան լավ է տեղյակ եղել ու վստահ, որ նույնիսկ դիմակ կրելու անհրաժեշտություն չի ունեցել և չի բացառվում, որ նրան հայտնի են եղել բանկի անվտանկության համակարգի խոցելի կողմերը: «Կոնվերս բանկի» վրա մեկ այլ հարձակում էլ տեղի էր ունեցել 2011թ. մարտի 29-ին: Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել Կոնվերս բանկի Նոր Նորքի մասնաճյուղ և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ՝ հափշտակելով 37 հազար 8 հարյուր ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6 հազար 695 դոլար:

Երբ «գողը տնից է լինում»

«ՎՏԲ Հայաստան բանկ»- 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հանցագործների թիրախում Բաղրամյան 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատն էր: Անհայտ անձինք փորձել էին պայթեցման միջոցով կատարել հափշտակություն, սակայն չէին կարողացել: Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե կա զոհ, սակայն պատկան մարմինները շտապեցին հերքել տեղեկությունը. պատահարի հետևանքով որևէ մեկը չէր տուժել: Կողոպուտի մեկ այլ փորձ «ՎՏԲ Հայաստան բանկի» «Էջմիածին» մասնաճյուղի վրա տեղի էր ունեցել 2015 թվականի մարտի 11-ին: Տղամարդը ներխուժել էր բանկ ու գումար պահանջել աշխատակիցներից: Նրան հաջողվել էր վնասազերծել: Հարուցվել էր քրեական գործ:

ՎՏԲ Հայաստան բանկի շուրջ աղմուկներն ու իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվում: 2017 թվականի մարտին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Քանաքեռցու 123 հասցեում գտնվող թիվ 14 մասնաճյուղի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից հափշտակել է 28 միլիոն դրամ, ավելին՝ գործին խառնված են նաեւ բանկի այլ աշխատակիցներ:

Սա բանկային կողոպուտի թերևս ամենատարածված ձևն է աշխարհում, իսկ Հայաստանում մասշտաբի առումով՝ եզակի դեպքերից: Բանկի կառավարչից բացի՝ այլ աշխատակիցներ ևս ցանկացել էին հափշտակություն իրականացնել: Օրինակ՝ աշխատակիցներից մեկը փորձել էր համակարգչային տեխնիկայի օգնությամբ 5 միլիոն 355 հազար դրամ հափշտակել, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չէր կարողացել: Հափշտակությունից հետո իրավապահները առգրավել էին բանկում առկա տեսախցիկները: Հարուցվել էր քրեական գործ: Այս գործով նախաքննությունը վաղուց ավարտվել է եւ 2017 թվականի մարտի 14-ին ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ալան-թալան

«Հայբիզնեսբանկ»- «Հայբիզնեսբանկի» շուրջ աղմուկն սկսվեց 2013 թվականին, երբ լուրեր տարածվեցին, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը պատրաստվում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը, բայց բանկում ստուգումներ կատարելուց հետո խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին, եւ գործարքը չկայացավ, փոխարենը պաշտոնից հեռացավ բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը։ Լուրեր տարածվեցին, որ Արա Կիրակոսյանի հրաժարականի պատճառն այն էր, որ առանց սեփականատերերի գիտության նա ֆինանսական գործարքներ է արել, կեղծ փաստաթղթերով փողեր է կանխիկացրել ու հանել ինչ-որ անհայտ ընկերությունների միջոցով։ Արա Կիրակոսյանին շուտով կալանավորեցին։ Նրան մեղադրեցին մի խումբ անձանց հետ համաձայնությամբ կեղծ պայմանագրերի միջոցով ռուսական «Միր Բիզնես Բանկի» եւ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկի» գումարները հափշտակելու մեջ։

Երկուսուկես տարի տեւած դատավարությունից հետո «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին դատարանը դատապարտեց 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության (78, մաս 3), փողերի լվացման (190, մաս 3), ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (214, մաս 2), փաստաթղթեր կեղծելու եւ իրացնելու (325, մաս 2)։ «Հրապարակը» ավելի ուշ գրեց, որ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: Այս նշանակումն առավել քան ուշագրավ է, քանի որ ոչ վաղ անցյալում հենց Մնացական Մարուքյանն է քննել «Հայբիզնեսբանկ» ընկերությունից 10 մլն. 980 հազար եվրո գումար հափշտակելու գործը:

Բանկոմատների որս

«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ- «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի՝ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բանկոմատից կոտրելու միջոցով գումար են գողացել: Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին: Թալանված բանկոմատը տեղադրված է եղել Բաշինջաղյան փողոցում:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» -2016 թվականի դեկտեմբերի 16-ին, «ՎՏԲ Հայաստան բանկի» Բաղրամյան 56 հասցեում տեղադրված բանկոմատի կողոպուտին զուգահեռ նույն օրը մեկ այլ դեպք էլ արձանագրվել էր Սարյան փողոցում, որտեղ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» պատկանող բանկոմատներից մեկի վրա հարձակում էր տեղի ունեցել: Պայթեցրել էին, հետո առևանգել 7,5 մլն դրամ, իսկ մնացած 3 մլն դրամը չէին հասցրել տանել:

2017 թվականի սեպտեմբերի 9-ին անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատից «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել էին խոշոր չափի գումար՝ հափշտակելով 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։

«Պրոկրեդիտ բանկ»- 2015 թվականի դեկտեմբրին բանկային հանցագործների սլաքը ուղղվեց «Պրոկրեդիտ բանկի» ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի 36 հասցեում գտնվող «Պրոկրեդիտ բանկ»-ի մասնաճյուղ զինված անձ է ներխուժել: Եղել է գումարի հափշտակություն:

Հ.Գ. _Բանկի կամ բանկոմատի կողոպուտը ոչ միայն նյութական առումով է մեծ վնաս հասցնում բանկին, այլև՝ հեղինակության: Ուստի դրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում ընկերության ղեկավարությունը անում է հնարավորը՝ կողոպուտը ջրի երես դուրս գալ չթողնելու և լրագրողներից մանևրելու համար: Չէ որ հասարակության շրջանում առաջանում է մտավախություն «անթալան ու թալանված» բանկոմատներից օգտվելու կամ թալանված բանկում գործարքներ կնքելու հարցում: Իսկ վերոնշյալ դեպքերը մի չնչին մասն են այն կողոպուտների, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին: Սրանք այն դեպքերն են, երբ լրագրողների աչքերը փակել պարզապես չի հաջողվել: _

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X