Ինչո՞ւ են հրճվում

Հաջորդ շաբաթ Ժնեւում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ադրբեջանական կողմից դեռեւս արձագանք չկա: Երեւի դա էլ կուլիսային պայմանավորվածությունների ժանրից է, որ հենց հայկական կողմը պետք է հաստատի նախագահների հանդիպումը, տեղը եւ ժամանակը: Բայց դա երկրորդական է: Կարեւոր է, թե հանդիպումից ի՞նչ սպասումներ կան: Այս իմաստով ուշագրավ է, որ հայրենական մեդիա-տիրույթում գլխավոր ընկալումն այն է, որ դա լինելու է անպտուղ հանդիպում, որ սկզբունքային համաձայնության գալու ոչ մի նախապայման չկա, որ... Եւ այս ամենը մատուցվում է որպես հաջողություն: Այսինքն՝ եթե բուն բանակցությունների մասով քննարկումներ չեն լինելու, ամեն ինչ հանգելու է այսպես կոչված «Վիեննայի օրակարգի» շուրջ բանավեճին, ապա պետք է համարել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումների 10-ամյա փուլն ավարտվում է հայկական կողմի համար դրական արդյունքով, քանի որ այդ ընթացքում ստատուս-քվոն պահպանվել է: Հիմնականում սա է այդ մեկնաբանությունների փաստարկը, որը շաղախվում է ԼՂ հարցում ԱՄՆ «տեսակետի» փառաբանությամբ: Ինչ-որ մեկին ձեռնտու է տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ը գրեթե ստատուս-քվոն ճանաչելու կողմնակից եւ Արցախի անկախության ջատագով է: Իսկ թե ո՞վ էր օգոստոսի վերջին հնչեցրել կարգավորման սկզբունքները եւ տարրերը՝ այդ մասին գերադասում են լռել: Բայց դա էլ կարելի է հասկանալ: Արտառոցը ոմանց հրճվանքն է, որ Ժնեւի հանդիպումն ավարտվելու է անարդյունք, ամեն ինչ մնալու է՝ ինչպես կա: Ի՞նչ կա դրանում ուրախալի: Մի՞թե առկա իրավիճակը Հայաստանի եւ Արցախի համար զարգացման հնարավորություն է: Մի՞թե կարելի է հուսալ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան թույլ չեն տա պատերազմ եւ այդ հիման վրա կառուցել մի ամբողջ «տեսություն» առ այն, որ ժամանակը կաշխատի Արցախի միջազգային ճանաչման օգտին: Ընդ որում՝ որպես փաստարկ բերել ԱՄՆ որեւէ նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւը: Վերջապես, մի՞թե բանակցությունների ձախողումը կարող է հրճվանքի նյութ դառնալ:

Մանավանդ երբ հայտնի չէ՝ այդ հանդիպումն իրականում ի՞նչ օրակարգով է լինելու եւ ի՞նչ արդյունք կարող է ունենալ: Պաթետիկայի տեղ չէ, ոչ էլ գեղեցկախոսության: Նորմալ հասարակությունը պետք է ակնկալի, որ հայ-ադրբեջանական ցանկացած հանդիպում կողմերին գոնե կես քայլով մոտեցնում է ընդհանուր հայտարարի: Եթե այդ սպասումը չկա, ապա ու՞մ են պետք եւ ի՞նչ նպատակի են ծառայում բանակցությունները: Մեկնաբաններից մեկը վարկածել էր, որ կողմերը կարող են պայմանավորվել իմիտացիոն գործընթաց սկսելու շուրջ: Եւ դա նրան խորը հրճվանք է պատճառում: Բաց է մնում հարցը՝ իսկ իմիտացիայի ռեսուրս կա՞: Եթե դրական պատասխան գտնվի, կարելի է միանալ հրճվողներին: Իսկ առայժմ Ժնեւից սպասումներ, իրոք, պետք է ունենալ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X