Ռուսական քաղաքականությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին

Մոտենում է ռուսական Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյա տարելիցը: Սա այն պատմական իրադարձություններից է, որոնք հետք են թողել ոչ միայն մեկ ժողովրդի կամ մեկ պետության պատմության մեջ, այլ ողջ համաշխարհային պատմության եւ տասնյակ ժողովուրդների: Մենք բացառություն չենք, հատկապես, որ այդ ընթացքում այն Հայաստանը, որը մենք ենք ընկալում, մաս էր կազմում Ռուսական կայսրության, մոտ մեկ հարյուրամյակ՝ ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում:

Ցարական պետական ապարատն այդ ընթացքում հարաբերվում էր հայկական ազգային նշանակության միայն մեկ կառույցի՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ, եւ բավական ուշագրավ են Մայր Աթոռ Ս Էջմիածին-Ս. Պետերբուրգ հարաբերությունները ընթացել՝ ունենալով եւ դրական էջեր, եւ վայրիվերումներ: Առհասարակ, պետք է ի սկզբանե արձանագրել, որ Ցարական Ռուսաստանը Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները կարեւորում էր եւ դիտարկում իր արտաքին քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով, որ Մայր Աթոռը որպես համազգային կրոնական կենտրոն նաեւ զգալի ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի վրա, որոնց մեջ քիչ չէին նաեւ ազդեցիկ դեմքերը: Այսօր արդեն պատմական վավերագրերը թերթելիս կարելի է որոշակիորեն առանձնացնել այն տրամաբանությունը, որով առաջնորդվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այս հարաբերությունների հարցում: Օրինակ՝ կարելի է արձանագրել, որ ցարական իշխանությունները բավական սիրաշահել են հատկապես Օսմանյան կայսրության ծնունդ հանդիսացող բարձրաստիճան եկեղեցականներին, եւ պատահական չէ, որ ցարական տիրապետության շրջանում այսպես ասած օսմանահպատակ հայ եկեղեցականներից առնվազն հինգը դարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսներ, որոնք են՝ Մատթեոս առաջին Կ Պոլսեցի Չուհաճյանը, Մակար առաջին Թեղուտցի Տեր-Պետրոսյանը Գեւորգ չորրորդ Կ. Պոլսեցի Քերեստեճյանը, Մկրտիչ առաջին Վանեցի Խրիմյանը /Խրիմյան Հայրիկ/, Մատթեոս երկրորդ Կ. Պոլսեցի Իզմիրլյանը: Սա հատուկ քաղաքականություն էր, որը ցարական արքունիքն իրականացնում էր արտաքին գործոց նախարարության խորհրդով եւ ցուցումով՝ հաճախ դեմ գնալով ներքին գործող նախարարության ցուցումներին եւ նպատակ ուներ թուրքահայությանը գրավել դեպի Ռուսաստան եւ ի դեմս թուրքահայության ունենալ հուսալի կողմանկիցների բանակ Օսմանյան կայսրությունում, թեեւ, չպետք է երբեք մոռանալ, որ Ստամբուլում էլ գործում էր Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը, որը ժամանակի քաղաքական հանգամանքների բերումով պետության կողմից ավելի կարեւորված էր, քան ասենք Երուսաղեմի պատրիարքությունը կամ Սսի Կիլիկիո կաթողիկոսությունը:

Պատմական այս փորձառությունը, եթե անկեղծ լինենք, այսօր չափազանց կարեւոր է՝ եւ ուսանելը, եւ դասեր քաղելը: Ինչպես Ռոմանովների օրոք, այնպես էլ այսօր, Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ կայսերականության իդեալներին ու գաղափարներին եւ այս համատեքստում լիովին հնարավոր է, որ օգտագործվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, որպես համահայկական-համազգային ավանդական եւ ամենից հուսալի մարմին լինելու հանգամանքը հանուն սեփական շահերի, հատկապես որ Մերձավոր Արեւելքում ռուսական ներկայության ընթացքում առավել կամ պակաս չափով ասվածի առաջին ազդանշանները կարելի է կարդալ որոշ իրադարձությունների տողարանքից: Այս դեպքում, սակայն, ամենայն հավանականությամբ Մոսկվայի ուշադրությունը կկենտրոնանա ոչ այնքան Մայր Աթոռի վրա, որն այսպես թե այնպես Կրեմլի «գրպանում է», այլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ զույգ պատրիարքական Աթոռների, որոնցից ավելի սաստիկ այդ ազդեցությունը կզգացվի Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա, քանի որ նախ Ս Քաղաքում է եւ ապա Մերձավոր Արեւելքի կարեւոր հատվածներից մեկում, մինչդեռ Կ Պոլսի Հայոց պատրիարքությունը, որ կայուն պետություն Թուրքիայի տարածքում է ավելի նվազ կզգա այդ հետաքրքրությամբ ծնված ազդեցության շունչը թեկուզ եւ Անկարայի հակազդեցության պատճառով:

Ռուսական ազդեցությունը կամ քաղաքական-դիվանագիտական հովանավորությունը նշված եկեղեցական կառույցների վրա տարածելու ռուսների ներկայիս մեդթոդները ըստ էության շատ չեն տարբերվի այն մեթոդներից, որ կիրառվում էին, օրինակ, հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ օսմանահպատակ հայ եկեղեցականներին սիրաշահելու համար՝ հարգանքի ժեստեր, դերի կարեւորում, առաջքաշում տեղի հայության հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունք։

Սրանք այն հիմնական մեթոդները կարող են լինել, որոնք հստակորեն կաշխատեն, քանի որ արդեն աշխատել են եւ փորձված են ու թրծված ժամանակի կրակով: Ոչ հեռու ապագայում, թեկուզ եւ սկսած Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունների մեկնարկից կամ Բաղդադ-Էրբիլ երկխոսության ծավալումից, արդեն, թերեւս ականատեսը կլինենք որոշ իրադարձությունների, որոնց տողարանքում պարզորոշ կերպով հնարավոր կլինի կարդալ այս ազդանշանները:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X