Սոչիից հետո

Երեւում է՝ Ադրբեջանում մեծ հույսեր են ունեցել, որ ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին Ռուսաստանի կողմից կարվի ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ, եւ դա հնարավորություն կտա Մոսկվայի հետ նոր երկխոսություն սկսել: Դա տեղի չի ունեցել: Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պատասխանատվություն Ռուսաստանը չի վերցրել: Այսինքն, փակվում է «Լավրովի պլանի», Ադրբեջանին «հինգ շրջան վերադարձնելու» թեման: Ավելին, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Հայաստանին 100 մլն. դոլարի վարկ է տրամադրում՝ սպառազինություններ ձեռք բերելու համար: Ռազմական համագործակցության բնագավառում ռուս-ադրբեջանական նոր պայմանավորվածությունների մասին այս պահին խոսակցություններ չկան: Ադրբեջանը բանակցություններ է վարում Բելառուսի հետ: Շատ հնարավոր է՝ դա միայն քարոզչություն է: Բաց աղբյուրներից հայտնի է, որ համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ կայանքները բելառուսական բանակում մարտական հերթապահության են կանգնել 2016թ.-ին: Ընդ որում, բուն կայանքը չինական է, բելառուսական կողմը դրանք միայն հարմարեցրել է սեփական արտադրության քարշակներին: Այսինքն՝ «Պոլոնեզ»-ի մատակարարումն Ադրբեջանին կախված է նրանից, թե արդյո՞ք չինական կողմը հավելյալ մատակարարումներ կանի Բելառուսին: Ինչպես տեսնում ենք, իրավիճակը շատ խառն է: Եւ անորոշությունը պաշտոնական Բաքվին մղում է հակառուսական քարոզչության, որի նոր փուլի մեկնարկը տրվել է անմիջապես Սոչիից հետո:http://minval.az/news/123729800

Նոյեմբերի 1-ին Թեհրանում սպասվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողով: Օրակարգում, սակայն, «Հարավ-հյուսիս» տրասնպորտային միջանցքի հետ կապված հարցերն են:

Խոսք չկա այն մասին, որ կարող է տեղի ունենալ Պուտին-Ալիեւ երկկողմ հանդիպում: Քարոզչատեղեկատվական աժիոտաժը, որ նախաձեռնել էր եվրասիականության գաղափարախոս Դուգինը՝ նպատակ ունենալով կարեւորել Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը Ռուսաստանի հովանու ներքո ինտեգրացիոն նախագծերում, գնալով մարում եւ կորցնում է հրատապությունը: Ըստ երեւույթին, ինչ-որ բան ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններից ավելի կարեւոր է կամ Ալիեւը պարզապես շատ բարձր գին է առաջարկել: Մոսկվա-Բաքու առանցք, ամենայն հավանականությամբ, չի ստացվի: Դրանում, երեւի, դեր է խաղացել ՎՈՒԱՄ-ը վերակենդանացնելու հարցում Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ վերսկսվող երկխոսությունը: Կիեւ է այցելել Թուրքիայի նախագահը: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինա կայցելի նաեւ Իլհամ Ալիեւը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X