Հին Երեւանը

Ես այն սերնդին եմ պատկանում, որը հիշում է Խանջյան փողոցի տրամվայի զրնգոցը, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որտեղ դասից փախչում՝ կինո էինք դիտում, «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, որտեղ օրվա ցանկացած ժամի տոմս առնելու համար գոնե մի 20 րոպե պետք է հերթ կանգնեիր։ Հիշում եմ հին «Ցումը», որտեղ ամենից ուշագրավը մոտոների ու սպորտային «ինվենտարի» բաժինն էր։ Մետրոյի կառուցումն ու կանգառների բացումն եմ հիշում՝ մեր կուրսի տղաներն ամռան ամիսներին շինջոկատ էին գնում՝ Բրատսկ կամ «Ռոսիա» մետրոյի ուշացող կայարանի շինարարությանն օգնելու։ Ուսանողական տարիներին էլ ամեն գարուն-աշուն Օղակաձեւ զբոսայգում ծառ էինք տնկում՝ չպատկերացնելով, որ այդ ծառերը մի օր լուրջ այգի են դառնալու, հետո գալու են բարբարոսներն ու արմատախիլ են անելու դրանք՝ տեղում սրճարաններ տեղադրելով։ Եվ ոչ միայն դրանք, այլեւ Օպերայի շրջակայքի կանաչ հատվածը, Մոնումենտի ու Նորքի անտառները։ Եթե այդ ծառերի մի մասը հատվեց մութ ու ցուրտ տարիներին, եւ երեխային տաքացնելու համար ծառ հատողին դեռ ինչ-որ կերպ կարելի է արդարացնել, ապա դղյակներ ու սրճարաններ կառուցելու համար ծառ հատողներին արդարացում չկա։ Եթե կարելի էր Վահագնի թաղամաս սարքել՝ առանց մի հատիկ ծառ կտրելու, ամայի տեղում, հակառակը՝ ծառեր աճեցնելով ու նոր թաղամաս հիմնելով, ինչո՞ւ պետք է Մոնումենտի այգին արմատախիլ անեին՝ հյուրանոց ու ապարանքներ կառուցելու համար։ Անգամ ամենատհասին էլ պարզ է, որ ծառն ու ծաղիկը մայրաքաղաքի թոքերն են՝ այդ նույն դղյակներում եւ հյուրանոցներում ապրողներին եւս անհրաժեշտ։ Մի կիլոմետր հեռվում տուն կառուցելու դեպքում դրանց օգտատերերը շատ չէին տուժի, չէ՞ որ ամեն մեկի տակ մի ջիպ կա, փոխարենը կշահեինք բոլորս, այդ թվում՝ իրենք ու իրենց զավակները։

Մեկնաբանություն
X