Ալիեւը «հանձնվե՞լ է»

Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններից Բաքվի լրատվամիջոցները սեփական ոչ մի տեղեկություն այդպես էլ չհրապարակեցին: Չկա՞ր Ալիեւի «շքախմբում» համապատասխան լիազորություններով օժտված մեկը, թե՞ նա ցույց էր տվել սեփական հանրության նկատմամբ բացարձակ արհամարհանքը՝ թողնենք մի կողմ: Կարեւորը բանակցություններին հաջորդած ադրբեջանական հրապարակումների տոնայնությունն է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ժնեւի հանդիպմանը նախորդած օրերին Բաքվի լրատվամիջոցներն այն թեզն էին գեներացնում, որ «դա Հայաստանի վերջին հնարավորությունն է, եթե ճկունություն չցուցաբերի, ապա ապրիլյան կոշմարը կրկնվելու է»:

Ժնեւում եթե որեւէ առաջընթաց ուրվագծվել է, ապա այնքանով, որ կողմերը համաձայնել են թուլացնել շփման գծում լարվածությունը եւ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը: Այս իմաստով կարեւոր է, որ համանախագահները պատրաստվում են աշխատանքային հանդիպումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ երեւույթին, նախագահների մակարդակով քննարկումները դետալացման կարիք ունեն: Այս ֆոնին ադրբեջանական մամուլն սկսել է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահի կողմից «հույժ գաղտնի պահվող սկզբունքների հրապարակման» մասին:

Ընդ որում, եթե մինչեւ Ժնեւի հանդիպումն այդ մասին խոսվում էր ընդհանուր գծերով, ապա հոկտեմբերի 16-ի Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած հրապարակումներում բաց տեքստով համեմատության են դրվում «կարգավորման ռուսական» եւ «ամերիկյան տարբերակները»՝ մանրամասն շարադրելով դրանք: Խնդիրն այն չէ, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում դրանք: Էական է, որ Բաքվի մամուլում բացեիբաց խոսվում է իրավական պարտադիր ուժ ունեցող կոնսենսուսով ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու, Հայաստան-ԼՂ ցամաքային կապի, ԼՂ միջանկյալ կարգավիճակի, որը պետք է երաշխավորի նրա ինքնուրույնությունը եւ անվտանգությունը եւ այլ հարցերի մասին:

Պատկերացնել, թե դա լրատվամիջոցների ինքնագործունեությունն է, կլինի սխալ: Ակնհայտ է, որ նման տոնայնությամբ եւ շեշտադրումներով հրապարակումները հրահանգավորված են Ալիեւի աշխատակազմի համապատասխան ծառայությունից: Եւ ամենահետաքրքրականը հենց դա է: Ի՞նչ է տեղի ունեցել Ժնեւում, եթե դրանից անմիջապես հետո ադրբեջանական աղբյուրներն սկսել են մանրամասնել ԼՂ կարգավորման՝ միջնորդների կողմից առաջարկված հայեցակարգը:
Տպավորություն է, որ Ժնեւում Ալիեւը «հանձնվել է»: Առնվազն այնքանով, որ համաձայնել է շփման գծում լարվածության թուլացման միջոցառումների գաղափարին եւ կարգավորման հայեցակարգի ընդհանուր տրամաբանությանը: Ադրբեջանցի մեկնաբաններից մեկը «բացարձակ անընդունելի» է հայտարարել կարգավորման «ռուսական պլանը» եւ ակնարկել, որ Ալիեւը ջանքեր է գործադրում, որպեսզի կարգավորի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: ԼՂ հարցում ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարության ֆոնին ասվածը պետք է հասկանալ այնպես, որ Ալիեւի համար ամերիկյան մոտեցումները չարյաց փոքրագույնն են:

Իհարկե, մամուլի մի քանի հրապարակումների հիման վրա դժվար է պատկերացում կազմել ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշման «էվուլյուցիայի» մասին: Անակնկալները ոչ միայն բացառված չեն, այլեւ շատ հավանական են պատկերվում: Ժնեւի «անձնատվությունը» Բաքվում կարող է փոխակերպել սովորական ռազմատենչության եւ շփման գծում լարվածության նոր դրսեւորումների: Բայց այն, ինչ այսօր ասվում է, անշուշտ որոշակի նստվածք է տալու ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ: Իսկ այսօր բացահայտ կամ ակնարկներով՝ մի բան է ասվում. կարգավորման ցանկացած տարբերակով ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի կազմելու:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X