Փոթորիկն ուղեղներում

Ֆեյսբուքյան հայտնի ստատուսագիրներից մեկը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, նախօրեին զգուշացրել էր՝ Լոռվա, Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում է սպասվում՝ հնարավոր է ծառեր, տանիքներ վնասվեն, եւ կոչ էր արել զգոնություն ցուցաբերել։ Քամու ուժգնացումը մարդիկ որպես փոթորիկ էին ընկալել, Լոռին ու Տավուշը դարձել էին Երեւան, եւ տագնապը մտել էր մարդկանց սիրտը։ Անգամ որոշ դպրոցներում էին լուրջ վերաբերվել եւ փոթորիկի անվան տակ դպրոցականներին տուն էին ուղարկել։ Ողջ օրը մարդիկ տեղեկատվության հավաստի աղբյուրներ էին փնտրում, իսկ մինչ այդ համացանցը լի էր խուճապով։ Անգամ նույն Սուրենյանի հորդորը, որ խոսքը վերաբերում է մարզերին՝ Երեւանում նման երեւույթներ չեն կանխատեսվում, չհանգստացրեց կրքերը։ Մարդիկ ապրում են վատ բանի կանխատեսումով, չարի սպասումով։ Եվ դա եղանակի հետ կապված չէ։ Մենք մահաբեր երկրաշարժ ենք տեսել, ցեղասպանություն, պատերազմ ու արհավիրք, եւ, ըստ ամենայնի, դա մեր գենային համակարգում ամուր արմատներ է ձգել, զրկել անհոգ ու զվարթ ապրելու հնարավորությունից։ Բայց այստեղ նաեւ պաշտոնական մարմինների թերի աշխատանքի խնդիրը կա՝ պետական իրազեկման ինստիտուտներին չվստահելու։ Չէ՞ որ ԱԻՆ-ը, ոստիկանությունը, շտապ օգնությունը միայն հետեւանքներ վերացնելով են զբաղված, այլ ոչ թե կանխարգելելով, նախազգուշացնելով, մարդկանց նախապատրաստելով։ Օրվա ընթացքում մարդիկ պաշտոնական տեղեկություններ էին փնտրում ԱԻՆ-ի պաշտոնական կայքում, բայց, պարզվեց, ֆեյսբուքյան «գործիչ» Գագիկ Սուրենյանն ավելի օպերատիվ ու արագ է արձագանքում բնակչության կարիքներին ու մտահոգություններին, քան մի ամբողջ պետական համակարգ։

Մեկնաբանություն
X