Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն են, եւ համայնքներում արդեն հայտնի են թեկնածուների անունները: Ինչպես ցույց են տալիս զարգացումները, առաջադրված թեկնածուների շարքերում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք ԱԺ ընտրություններում որպես մեղաղրյալ կանգնել են դատարանի առաջ:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սպասվող ընտրություններին ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար Յուրիկ Ավալյանին: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է եւս մեկ թեկնածու՝ Վիգեն Սահակյանը, եւ կա մեկ ինքնառաջադրված անկուսակցական թեկնածու՝ Վազգեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Վազգեն Ադամյանը դեռեւս ամիսներ առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Վազգեն Ադամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 128-րդ հասցեում գտնվող Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 20/24 ընտրական տեղամասում ժամը 12:03:30-ից 12:08:55-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Աղաբեկի Ղուլյանի քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը: Նա մոտեցել է Արծրուն Ղուլյանին եւ ցանկացել իմանալ, թե ում օգտին է քվեարկելու: Տեսնելով, որ Արծրուն Ղուլյանը չի ցանկանում տեղեկություններ հայտնել իր քվեարկության վերաբերյալ, նրա հետեւից քայլելով մոտեցել է թիվ 2-րդ քվեախցիկի մոտ եւ Արծրուն Ղուլյանի՝ քվեախցիկում գտնվելու եւ քվեարկություն կատարելու ժամանակ, քվեախցիկի առջեւից ձգվելով՝ հետեւել է Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, տեսել, թե ում օգտին է քվեարկում՝ խախտելով քաղաքացու քվեարկության գաղտնիությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X