Ալիեւը չի՞ գնա Կիեւ

Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի արտգործնախարար Կլիմկինը Բաքվում էր: Այցի ընթացքում նա ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջ, այլեւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպեց: Անոնսավորվեց, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանի նախագահը կայցելի Կիեւ: Անցյալ տարի Ադրբեջան է այցելել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: Կլիմկինի Բաքու այցից կարճ ժամանակ անց Թբիլիսիում գումարվեց ՎՈՒԱՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում: Ադրբեջանը թեեւ ֆորմալ առումով այդ կառույցի անդամ է, բայց գործնականում չի կիսում Ուկրաինայի եւ Վրաստանի մոտեցումները: Փոխարենը Բաքուն խորացնում է Ռուսաստանի հետ կապերը, բայց միաժամանակ փորձում ԼՂ խնդիրը փաթեթավորել Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքով: Կիեւը եւ Թբիլիսին, բնականաբար, դա չեն ընդունում: Ի՞նչ է տեղի ունեցել ՎՈՒԱՄ անդամ պետությունների արտգործնախարարների Թբիլիսիի հանդիպմանը՝ հայտնի չէ: Փաստ է, որ դրանից մի քանի օր անց ԵԽԽՎ նստաշրջանում ուկրաինական պատվիրակությունը գրեթե ամբողջ կազմով կողմ է քվեարկել Ադրբեջանին վերաբերող երկու բանաեւերին: Ադրբեջանական մամուլն այդ երեւույթը գնահատել է «հարված թիկունքից» (https://haqqin.az/news/113398) եւ անցել սպառնալիքների, որ Բաքուն «սպասում է ուկրաինական կողմի բացատրություններին»:

Հրապարակման հեղինակի կարծիքով՝ «պաշտոնական Բաքուն շատ զգայուն է նման իրավիճակների նկատմամբ», ինչից հասկացվում է, որ Ուկրաինա-Ադրբեջան հարաբերություններում հասունանում է լարվածություն: Այս պայմաններում հազիվ թե Իլհամ Ալիեւի անոնսավորված այցը Կիեւ տեղի ունենա: Մյուս կողմից, սակայն, տպավորություն է, թե Բաքվում նման առիթի սպասում էին, որպեսզի Ուկրաինայի հետ հետագա համագործակցությունը սառեցվի: Ադրբեջանը պատրաստվում է նախագահի ընտրությունների: Եվրոպական ոչ մի երկիր, ինչպես եւ Միացյալ Նահանգները չեն երաշխավորում Ալիեւի հետագա պաշտոնավարումը կամ իշխանության փոխանցումը ժառանգորդին: Նրա միակ հույսն Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցությունն է: Ուկրաինայի հետ համագործակցության սերտացումը կարող է հարուցել Կրեմլի դժգոհությունը: Այս տրամաբանությամբ՝ Կիեւ այց չկատարելը լիովին համապատասխանում է Ալիեւի շահերին: Բայց սեփական մտադրությունները պետք է ինչ-որ կերպ քողարկել: Ընտրվել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության քվեարկության առիթը: Ըստ երեւույթին, կհաջորդեն նաեւ այլ երկրների «երախտամոռությունը» հիշեցնող հրապարակումներ: Հետաքրքրական է, մանավանդ, թե ԵԽԽՎ-ում ինչպե՞ս են քվեարկել Վրաստանի պատվիրակները:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X