Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տիգրան Եգորյանը մեղավոր ճանաչվեց (տեսանյութ)

Երեկ Փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը, նրան մեղավոր ճանաչեց փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար։

Հիշեցնենք, որ Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա, քանի որ բողոքաբեր անձինք կարծում են, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։

Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ՝ իր հաշվին վեց ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն՝ քրեական դատավարության բնագավառում։

Նիստը նախագահող Կարեն Մեժլումյանը որոշումը հրապարակելուց հետո հայտնեց, որ այս գործով ինքն այլ կարծիք ունի, որի մասին չբարձրաձայնեց։

Նշենք, որ ՓՊ-ի խորհուրդը 2 ժամից ավելի խորհրդակցական սենյակում մնաց՝ այս գործի ելքը որոշելու համար։ Այդ ընթացքում չէին դադարում նրանց բղավոցները, ընդհանուր հայտարարի չէին գալիս, թեեւ որոշումը կայացվում էր դռնփակ կարգով, սակայն, դռներից այս կողմ ժամանակ առ ժամանակ լսվում էր նրանց արտաբերած որոշ բառակապակցություններ։

Նշենք նաեւ, որ պաշտպանական կողմը եզրափակիչ ելույթի հնարավորություն չունեցավ։ Տիգրան Եգորյանին տրվել էր 10 րոպե ելույթի համար, ինչին վերջինս առարկեց եւ խնդրեց նիստը հետաձգել, սակայն խորհուրդը որոշեց, որ պետք է որոշում կայացնի։

Նիստի ընթացքում Կարեն Մեժլումյանը պարբերաբար ընդհատում էր Տիգրան Եգորյանին, չէր թողնում խոսքը մինչեւ վերջ ավարտի, հավանաբար, խորհուրդը շտապում էր որոշում կայացնել, քանի որ այս գործով պետք է որոշում կայացվեր մինչեւ հոկտեմբերի 20-ը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X