«Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակը դասարանումա, էրեխեքից մեկին ղրգեց բերելու»

Փոթորիկի հետ կապված դպրոցականներին դասերից ազատելը ինձ հիշեցրեց նմանատիպ մի դեպք, որը կարող էր շատ ծանր նստել դպրոցականների վրա։

Արցախյան պատերազմի տարիներն էին։ Հաճախակի էր գնդակոծվում Գորիս քաղաքը։ Ռազմական թղթակից էի և հաճախ էի շրջանային ռադիոյով տեղեկացնում հնարավոր գնդակոծության մասին (չասեմ՝ ինչպես էինք իմանում)։ Կրթության բաժնին տեղեկացրի, որ մեկ ժամվա ընթացքում քաղաքը գնդակոծվելու է, ուշադիր լինեն աշակերտներին։ Նրանք էլ զանգեցին դպրոցի տնօրեններին, ովքեր շտապ բոլոր դպրոցականներին տուն ուղարկեցին։

Երեխաները ճանապարհին էին, երբ սկսվեց գնդակոծությունը: Պատկերացրեք իմ վիճակը։ Երկու երեխաներս էլ դպրոցականներ էին, ու իրենց նույնպես ազատել էին դասերից՝ տուն գալու համար։

Բախտներս բերեց․ արկերը, որ ընկել էին, չէին պայթել։ Ադրբեջանցիները դրա շուրջ ահագին խոսակցություն էին ծավալել՝ իբր ռուսներն իրենց անորակ զենք էին մատակարարել։ Բայց պայթյունի ուժգնությունից երեխաները սարսափահար էին եղել։

Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը Սյունիքում պետնախարար էր։ Կանչեց տնօրեններին ու «շան լափ թափեց գլխներին»։

Հիմա մեր տնօրեններն են։ Երևանում երեխաներին դասերից ազատել են։ Վա՜յ ձեր խիղճը կտրվի։ Շենքի ներսում ապահով կլինեի՞ն, թե շենքից դուրս։ Եթե ծառեր էին կոտրվելու, տանիքներ էին ընկնելու, երեխեքին բաց եք թողել, որ ի՞նչ։ Կամ հակառակը՝ եթե գիտեիք, որ բան չի լինելու, ինչու՞ եք բաց թողել։

Դասերից ազատելու վերաբերյալ ֆեյսբուքյան կատակներն եմ կարդում ու մեկը, որ Արամ Մանուկյանն է գրել, տպավորվում է իմ մեջ, որովհետև շատ բնորոշ է այսօրվա իրավիճակին։

Արամ Մանուկյան

Հիշում եմ , երկրաշարժի օրը արագ մեզ դպրոցից հանում էին , դասղեկը հիշեց ,որ պայուսակը դասարանումա մնացել , էրեխեքից մեկին ղրգեց բերելու ))))))

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, և հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X