Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ

Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում, արդեն հայտնել ենք, ՀՀԿ-ն առաջադրել է հիշյալ համայնքի ղեկավարին՝ վերջերս պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանին, ով «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետն էր: Հովիկ Աբրահամյանն ու նրա թիմը, փաստորեն, թեկնածու չառաջադրեցին, քանի որ Բենիամինյանի մրցակիցը դարձյալ գազի համակարգի ներկայացուցիչ է՝ Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ում որպես հսկիչ է աշխատում: Սարգսյանն անկուսակցական է, ինքնառաջադրվել է եւ, փաստորեն, այլընտրանքային կեղծ թեկնածուի դեր է խաղալու ընտրություններում: Առաջիկայում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Սարգսյանն ինքնաբացարկ կհայտնի՝ Բենիամինյանին ընտրապայքարում թողնելով մենակ:

Արտաշատում այս օրերին նախընտրական իրավիճակը գնահատում են՝ հիշելով հայտնի ասացվածքը. «Ով փռշտա՝ ով գնա սանատորիա»: Ասացվածքը հիշողներն ակնարկում են, որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը մի քանի ամիս ամեն ինչ արեց (փողոցներ ասֆալտապատեց, շենքերի բակերը բարեկարգեց) արտաշատցիների նախընտրական տրամադրությունները վառ պահելու եւ իր նախանշած թեկնածուին՝ Գագիկ Պողոսյանին քաղաքապետ դարձնելու համար, բայց, փաստորեն, Բենիամինյանն է «օդից» քաղաքապետ դառնալու: Նա, ի դեպ, արդեն իսկ սկսել է արտաշատցիների սիրտը նվաճելու գործընթացը․ հոկտեմբերի 1-ին Տարեցների օրվա առթիվ էր այցելություն կազմակերպել, մի քանի օր առաջ էլ Գրադարանավարի օրվա առթիվ այցելել էր Արտաշատի քաղաքային գրադարան, հյուրասիրություն կազմակերպել տեղի աշխատակիցների համար, շրջել գրադարանով, որը, ի դեպ, ոչ բարվոք վիճակում է: Նկատենք, որ Արտաշատի համայնքապետարանի կայքում Գագիկ Պողոսյանը մինչեւ այժմ ներկայանում է որպես համայնքի ղեկավարի տեղակալ: Կայքի փնթի աշխատանքին մենք քանիցս ենք անդրադարձել, սակայն այն շարունակում է նույն ոճով աշխատել:
Մյուս համայնքը, որտեղ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Գորիսն է: Այստեղ էլ, բացի քաղաքապետի պաշտոնակատար 26-ամյա Առուշ Առուշանյանից, առաջադրվել է մեկ այլ ֆիկտիվ թեկնածու՝ ավագանու անդամ Էրիկ Աղաջանյանը: Նա թեեւ ՀՀԿ-ական է, սակայն ինքնառաջադրվել է, ԿԸՀ կայքում էլ նշված է, որ անհատ ձեռնարկատեր է: Աղաջանյանը, ով, ի դեպ, Առուշանյանի ֆեյսբուքյան ընկերներից է, եւ նա էլ, ըստ ամենայնի, որոշ ժամանակ անց ինքնաբացարկ կհայտնի, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին, վարչական տույժի էր ենթարկվել նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի կողմից: Բանն այն է, որ Է. Աղաջանյանը, առանց իրավահաստատող փաստաթղթերի, ինքնակամ զավթել էր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափոր փողոցի թիվ 19 հասցեի հարեւանությամբ գտնվող՝ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, մայթեզրին տեղադրել մեկ տնակ ու դիզելային վառելիքի լիցքավորման մեկ սարք: Նկատի ունենալով, որ Էրիկ Աղաջանյանի արարքը վարչական իրավախախտում է, նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով՝ նա ենթարկվել էր վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակվել էր վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Այս մասին Վ. Ադունցի համապատասխան որոշումը զետեղված է Գորիսի համայնքապետարանի կայքում: Ի դեպ, պարզվում է՝ հիշյալ կայքի պատասխանատուներն էլ են ալարկոտ ու փնթի: Այստեղ որպես համայնքի ղեկավար մինչեւ այժմ հանդես է գալիս մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տված Վաչագան Ադունցը: Գորիսեցիների համար մինչեւ հիմա առեղծված է Ադունցի հրաժարականը։ Նրանք ենթադրում են, որ մարզպետ Վահե Հակոբյանը նրան դիտավորյալ «փուռը տվեց», որ իր դրածո ջահելին՝ Առուշանյանին համայնքապետ դարձնի՝ Սյունիքում անվերապահ վերահսկողությունն իր ձեռքը պահելու համար: Իսկ Ադունցը «սարթ» ղեկավար էր ու համարվում էր նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մարդը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X