Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանիքի «մեղավոր» անդամին կարող են շանտաժի ենթարկել ու փող կորզել. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, դատապարտելով բռնության դրսեւորումները, հատկապես՝ ընտանիքում, կարեւորելով հանրային կարծիքի ազդեցությունն ընդդեմ ընտանիքում կատարված բռնության, անհրաժեշտ համարելով անձի նկատմամբ բռնության դեպքի բացահայտումն ու պատժի անխուսափելիությունը, գտնում է, որ Ընտանեկան բռնության օրինագծի այն դրույթները, որոնք հանրային քննարկումների արդյունքում կարժանանան հավանության, կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող «Ընտանեկան օրենսգրքում», «Քրեական օրենսգրքում» եւ այլ համապատասխան օրենքներում, ինչն էլ կբացառի նոր օրենքի ընդունումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայտարարությունը մեջբերում ենք ստորեւ. «Մեր առաջարկը հիմնավոր է, քանի որ նախագիծը իրավահարաբերությունները կարգավորելու տեսանկյունից կա՛մ բացահայտ թերի է, կա՛մ բոլորովին անտեսում է դրանք:

Համամիտ ենք այն փորձագետների կարծիքին, ովքեր հիմնավոր պնդում են՝ օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին, ընտանիքում ընդունված դաստիարակության կարգին:

Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ, ինչի արդյունքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, ընտանիքի «մեղավոր» անդամին շանտաժի ենթարկելու, ահաբեկելու, կաշառք կորզելու դեպքերը:

Ավելին՝ անհիմն է հսկայական միջոցներ ծախսել օրինագծով նախատեսված ենթակառուցվածքների ստեղծման եւ դրանց ամենօրյա գործունեության ապահովման վրա, երբ այդ գումարները կարող են ուղղվել խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական եւ տնտեսական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, Ազգային ժողովում հավանաբար կկազմակերպվեն հանրային լսումներ, որտեղ առավել մանրակրկիտ կներկայացնենք նաեւ մեր տեսակետը»:

Մեկնաբանություն
X