Ո՞վ է չարաշահում խոսքի ազատությունը․ ԶԼՄ-նե՞րը, թե՞ շոումեն քաղաքական գործիչները

ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը Հայ մամուլի օրվա առթիվ ասել է․ «Ժուռնալիստիկան ինքն իրեն կորցրել է, շատերը չարաշահում են խոսքի այն ազատությունը, որն ունեն»։ Մարգարիտ Եսայանը, մի քանի տարի լինելով ԱԺ պատգամավոր, լրատվական դաշտում կատարվող փոփոխություններին հետեւում է քաղաքական օլիմպոսից եւ գործող լրագրողներին մեղադրում խոսքի ազատությունը չարաշահելու մեջ։ Իսկ ահա քաղաքական գործիչները երեւի թե չեն չարաշահում խոսքի, նաեւ՝ գործողությունների դիմելու ազատությունը։ Դժվար է ասելը, թե ինչ է նշանակում մեր օրերում խոսքի ազատության չարաշահում։ Ասենք՝ եթե ԱԺ պատգամավորը, Երեւանի ավագանու անդամը հայհոյում է, այդ դեպքում ի՞նչ անի լրագրողը, չմեջբերի՞ այդ հայհոյախառն խոսքը, այն չդարձնի՞ վերնագիր, որքան էլ տհաճ ու հակաէսթետիկական է այդ ամենը։ Կամ՝ եթե կայքում տեղադրված այդ նյութին հաջորդում են նույնաբովանդակ մեկնաբանություններ, ապա դրանք հեռացնելու դեպքում ի՞նչ է փոխվում մեծ հաշվով։ Կայքում հաճախ խմբագիրը ստիպված է հեռացնել բոլոր գռեհկաբանությունները (ի վերջո, խրախուսելի չէ հասարակությանը վարակել լեւոնիգիթյանականությամբ), բայց դրանք արդեն տեղափոխվում են սոցցանցեր, որտեղ չես կարող բոլորին լռեցնել կամ էթիկայի, բարձր արժեքների մասին դասեր տալ՝ հասնելով ցանկալի արդյունքի։

Սենսացիոն վերնագրերի, նյութերի մասին կարծիքներն էլ արդեն նորություն չեն։ Դրանց ընթերցելի լինելը, ազդեցությունը կարող են զգալ մամուլում ամեն օր ջանք թափող լրագրողն ու խմբագիրը, որոնք ստիպված են դիմանալ լրատվական շուկայում դաժան մրցակցությանը։ Եվ եթե քո հանրության մի ստվար հատված ոչ թե խնդիրներ վեր հանող հոդվածների կարիք ունի, այլ՝ սենսացիայի, ապա չես կարող նրան ամեն օր հրամցնել տնտեսական ու քաղաքական «ծանր» վերլուծություններ եւ լինել պահանջված լրատվամիջոց։ Հետեւենք սոցցանցերին եւ տեսնենք, թե ամենից շատ որ նյութերն են տարածվում համացանցում, արժանանում մեկնաբանությունների, եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Հետեւենք նաեւ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու նիստերին ու փորձենք հիշել, թե փոխադարձ գզվռտոցների, հայհոյանքների միջակայքում քանի՞ լուրջ օրինագիծ կամ Երեւանին առնչվող հարց է քննարկվել, հասարակական ինչ արձագանք է գտել եւ ինչ հնչեղություն ստացել։

ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցն է քննարկվում ԱԺ-ում՝ չկա բավարար հետաքրքրվածություն, մասնագիտական, հանրային լուրջ արձագանք։ Մամուլի ակումբներում փորձագետներն ու ոլորտին տեղյակ անձինք չեն հրավիրում բանավեճ-քննարկումներ, թեեւ այդ համաձայնագրի մասին հայտնի էր դեռեւս մեկ տարի առաջ։ Տարկետումը հանելու եւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու առաջարկով է հանդես գալիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման մասին նախագիծ է նա պատրաստվում ներկայացնել կառավարություն՝ դարձյալ չկա քննարկում, հանրային արձագանք, մասնագիտական կարծիքների բախումներ։ ՊՆ նախկին պաշտոնյաներն էլ առանձնապես ոգեւորված չեն այս հույժ կարեւոր հարցերի շուրջ իրենց կարծիքները հայտնելիս։

Իսկ ահա ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը տակնուվրա է արել հանրության մի ստվար հատվածի փխրուն ներաշխարհը։ Մեր հասարակության ողջ դժգոհությունը, կուտակված էներգիան ուղղակի դուրս է թափվում սոցցանցերում, մարդիկ ուղղակի թշնամանքով են ընդունում հակադիր տեսակետները, փաստարկներին փոխարինում են վիրավորանքները, միմյանց հոգեկան առողջության մասին դատողությունները։ Թե որքանով կենսունակ կարող է լինել այդ օրենքը պատերազմի վտանգն ամեն օր իր մաշկի վրա զգացող, սոցիալական խնդիրների բեռան տակ կքած մի երկրում, որտեղ տղամարդկանց՝ տարիներով խոպան գնալը դարձել է ավանդույթ, իսկ կանայք օրվա հացը վաստակելու համար ձմռան ցրտին թե ամռան տապին ստիպված են ամբողջ օրը կանգնել փողոցում՝ սոցիոլոգիական ուսումնասիրության նյութ է։ Իսկ ահա մամուլը ստիպված է հետ չմնալ եւ վազել այդ «օրախնդիր» թեմայի հետեւից, հիշել ու ներկայացնել բռնության զոհերին, ԱԺ-ում քննարկումները լուսաբանել։ Նաեւ՝ ներկայացնել բռնության, «հայրական» ապտակների, կնոջը ապտակով դաստիարակելու մասին տղամարդկանց ու կանանց ուրույն պատկերացումները։ Իսկ այդ պատկերացումները ստվերում են թողնում եւ մոռացության մատնում երկրի, հասարակության համար շատ ավելի էական հարցեր։ Ու դեռ հարց է՝ ժուռնալիստիկա՞ն է իրեն կորցրել, թե՞ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների այն խավը, որը նախընտրում է կա՛մ շոու կազմակերպել, կա՛մ լռության մատնել ու շրջանցել լրագրողների արծարծած հիմնարար հարցերը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X