Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը վրա է հասել սրտի կանգի պատճառով

«Լեւոն Հայրապետյանի կինը գտնվում է սարսափելի, ողբերգական հոգեվիճակում։ Իր բառերն է, որ ինքը շոկի մեջ է։ Այնտեղի մարդիկ ասել էին իրեն, որ Լեւոնը անպայման պետք է ազատվի, դուրս գա, ինքը չէր հավատում, որ այդպես կլինի։ Ես տիկին Մարինային ասել եմ բազմիցս, որ դա ընդամենը փափուկ բարձր էր, որպեսզի նա չընկճվի։ Նա գտնվում է ծանր վիճակում եւ ասում է, որ սա սեւ երազ է։ Սրանից մեկ տարի առաջ կնոջը ասել էին, որ Լեւոնը տվյալ տարվա մարտին պետք է դուրս գա, մարտը դառել էր ապրիլ, հետո մայիս։ Ու էդպես շարունակ խոստումներ։ Ես միշտ ասում եմ՝ տիկին Մարինա, այս սին պատրանքներին մի հավատացեք, որովհետեւ սա իրականության հետ որեւէ կապ չունի։ Երբ նրան ձերբակալեցին, Լեւոն Հայրապետյանը գտնվում էր առողջական սուր, ծանր վիճակում եւ մեծ բարոյական աջակցությունն էր ստանում իր տիկնոջից եւ հատկապես իր դստերից նամակագրական կապի միջոցով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Լեւոն Հայրապետյանի ազատության համար ակցիաներ կազմակերպած, նրա գործին քաջածանոթ իրավաբան Հայկազ Մակարյանը։

Հայկազ Մակարյանի խոսքով՝ Լեւոն Հայրապետյանը նման առողջական վիճակով չէր կարող գտնվել կալանավայրում, նրան որոշ ժամանակ առաջ տնային կալանքի են ենթարկել, այնուհետեւ, կրկին տեղափոխել ՔԿՀ․ «Նրան տարան Մոսկվայից 750 կմ հեռու Մորդովիայի ամենասարսափելի բանտ, որտեղ պահում են ամենավտանգավոր, հանցածին տարրերին։ Սրա ֆոնին, երբ ես հայտարարությամբ հանդես եկա, որ ՄԻՊ-ը նորմալ չի դիմել ՌԴ-ի գործընկերոջը, իրենք սկսեցին հոգեխանգարումների մեջ ընկնել՝ այ քեզ բան, մենք դիմել ենք, Հայկազ Մակարյանը անպատասխանատու հայտարարություններ է արել։ Հարգելիս, ես խոսում եմ նրա մասին, որ ձեր դիմելը կոպեկ չարժեցավ։ Լեւոն Հայրապետյանին հակացուցված էր այդ բանտային պայմաններում մնալ, եւ իշխանության կողմից կարող էր արվել ամենան, որպեսզի այդ մարդուն ազատ արձակեն։ Մահացավ լեգենդար հայը»։

-Լեւոն Հայրապետյանը պատշաճ բուժսպասարկում ստանո՞ւմ էր։

Ինձ ասում էին, որ ստացել է, բայց ես չեմ հավատում, ես խիստ կասկածում եմ եւ ունեմ պատճառ չհավատալու։ Եթե իրեն «Բուտիրկա» բանտում վիզը ծռած վիճակով թողում էին քնել, եթե թողում էին հիվանդ մարդուն ձեռքը շղթայել, քաշքշելով կտտանքների ենթարկել, ես էլ ո՞նց հավատամ աշխարհի ամենասարսափելի բանտում մարդուն նորմալ սպասարկում ցույց տալուն։ Նույնիսկ իր առողջական վիճակն էր գնալով վատթարանում, որովհետեւ բանտային պատերն ու օդը հիվանդին հակացուցված են։ Ես կրկնում եմ հատուկ դեբիլների եւ տխմարների համար, որ շատերն ասում են, ախր գիտեք ինչ կա, միգուցե իրեն լավ պայմաններ կան, բանտը ուզում է ոսկուց մետաղաձողերով լինի, մարդու հոգեվիճակին եւ առողջական վիճակին ազդում է, այն դեպքում, երբ ինֆարկտ, ինսուլտ է տարել, շաքարային դիաբետով հիվանդ է, միզածորանի քաղցկեղ ունի, սա ողբերգություն է։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այսօրվա գործող իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մեղավոր են այնքանով, որ անգործություն են դրսեւորել։ Հլը պետք ա պարզել՝ ով է այս ամենի հետեւում կանգնած։ Անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց պարոն Հայրապետյանն ասում էր, որ կասկածներ կան, որ իշխանությունները կապ ունեն իմ ձերբակալության հետ։ Նշեմ, որ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդի հետ զրույցի ժամանակ ասաց՝ իմ ախպերը գիտես ինչքան ներդրում ա արել, մոտավորապես 1 միլիարդ 200 միլիոն դոլարից ավելի 20 տարվա մեջ՝ Արցախում, նաեւ Հայաստանում։ Այսինքն՝ կներեք, Քըրք Քրքորյանը մեռավ՝ գնա մեռի, արի սիրեմ, նա նեղացած գնաց չէ՞ Հայաստանից, այժմ Լեւոն Հայրապետյանը մահացավ եւ պետք է սկսեն լեգենդներ հյուսել՝ ինչպիսի մեծություն էր։ Ո՞ւմ է պետք, մենք էդպես էլ չհասկացանք «Գնա մեռի, արի սիրեմ»-ի բուն նախապայմանը՝ մարդունք գնահատեք, դրվատեք, խանդաղատանք ցուցաբերեք կենդանության օրոք։ Լեւոն Հայրապետյանին պարտավոր են տան «Ազգային հերոս» կոչումը, ու իշխանությունները, այն բոլոր մարդիկ, ովքեր զբաղվում են այս հարցով՝ կանգնեն բարոյական պատասխանատվության։ Մենք վերջին նամակը դստեր հետ գրել ենք հորը, որ անհամբեր սպասում է վերադարձին, պետք է հայրը գա եւ շարունակի իր բարեգործությունը, պետք է բացի բարեգործական ֆոնդ հայրիկի անունով։ Նամակը գրել է սեպտեմբերի սկզբներին, հիմա դուստրը գտնվում է անելանելի իրավիճակում։

Էդ մարդը խորտավկեց, իսկ սրանք վենետիկյան պոռնիկների նման բարոյականությունից, պատվից են խոսում, որ գիտեք ինչ կա, մենք էս կանենք, էն կանենք։ Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին՝ պարոն Սերժ Սարգսյան, ես Ձեզ 1000 անգամ նորմալ ձեւով դիմել եմ Լեւոն Հայրապետյանի հարցով, ինչի՞ չեք պատասխանել։ Քանի՞ անգամ եմ Ձեզ դիմում գրել։ Ես Սերժ Սարգսյանին հրավիրում եմ բաց քննարկման։ Հարց եմ տալիս՝ նա ինչ-որ պատահական մե՞կն էր, մահացավ, գնաց․ թե՞ մենք հասկացանք մի բան, որ ինչպես Հաց բերող Արթուր Սարգսյանը վախճանվեց հանուն արդարության եւ բարոյականության պայքարելով, այդպես էլ վախճանվեց Լեւոն Հայրապետյանը։ Ճիշտ է՝ ուղղությունները եւ ոլորտները տարբեր են, բայց էությունն նույնն է։ Նա իր բանտում, Արթուր Սարգսյանը այստեղ։ Լեւոն Հայրապետյանը 700 հարսանիք արեց, որոշել էր՝ դուրս գար եւ 1400 հարսանքի եւս աներ։ Զույգեր ամուսնացներ եւ բնակեցներ Արցախի Հանրապետությունում։

-Տեղյա՞կ եք՝ մահը ինչպես է վրա հասել։

-Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել սրտի կանգի պատճառով։ Նախնական բան եմ ասում։ Ես կասկածում եմ, որ էնտեղ նորմալ բուժսպասարկում է եղել։ Ես նույնիսկ զարմացա, որ այդ պայմաններում այդքան կարողացավ դիմանալ, տեսնո՞ւմ եք ինչպիսի աստվածային ուժ։ Մի գաղտնիք ասեմ՝ ես իր մասին սկսել եմ գիրք գրել «Գանձասարի առյուծը» վերնագրով։ Մենք կորցրինք մեր Հայաստանի եւ Արցախի առյուծին։ Նաեւ պետք է հավելեմ, որ, երբ ես եղա Արցախում, ինձ ասացին, որ արգելել են՝ ցույցեր, միտինգներ իրականացնել, իբր թե ասել են՝ դա ավելի կվնասի Լեւոն Հայրապետյանին։ Երեւանում առավել եւս արգելել են։

Մեկնաբանություն
X