Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները

Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող հանձնարարականները։ Նախորդ անգամ նա էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ու շահագործումը հարկերից ազատելու վերաբերյալ հանձնարարական տվեց։ Այսօր էլ նրա հանձնարարականը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող խցանումներին։ Վարչապետը պարզել է, որ «աշխատանքային օրերին Երևանում լինում են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և լուծում են պահանջում»։

Վերջին շրջանում, ըստ վարչապետի, կառավարությունը նախաձեռնել էր օրենսդրական ու գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ուղղությամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելվող տույժերը վերացվել են։ Մշակված նոր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել է նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմ։

«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ»,-հանձնարարեց վարչապետը։

Այնուհետև վարչապետը ճշտեց՝ այսօրվա օրակարգի չզեկուցվող հարցերի վերաբերյալ կա՞ն առաջարկություններ։ Պարզելով, որ չկան, անցավ զեկուցվող հարցերի քննարկմանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X