Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դա մակարդակով մարդ արած լիներ, էդ գիրքը հաստատ կտաներ

Սփյուռքի փոխնախարար Սերժ Սարապիոնյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ իրականում ինչ է պատահել իր մեքենայի հետ։ Նշենք, որ այսօր կայքերում լուր տարածվեց, թե թալանել են սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի ծառայողական Nissan Qashqai ավտոմեքենան, որից 220 հազար դրամի չափով գումար են տարել։ Սրապիոնյանը նախ հերքեց, թե իր մեքենայից 220 հազար դրամ գումար են գողացել։

«Երեկ առավոտյան ես իջել եմ, տեսել եմ՝ հետևի աջ կողմի փոքր ապակին ջարդված է։ Ձեռք չեմ տվել մեքենային՝ մտածելով, որ կարող է տեղի ունեցել գողություն։ Զանգել եմ ոստիկանություն, այնտեղից ինձ համար զարմանալի օպերատիվությամբ, շատ արագ արձագանքել են։ Իմ զանգից 5-7 րոպե հետո եղել են տեղում։ Եկան, բացեցին մեքենան, զննեցին, մեջը եղել են իմ փաստաթղթերը՝ անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և այլն, որևէ բան չեն տարել։ Ուղղակի 20 դրամի կորուստ է եղել։ 220 հազար դրամը ես չգիտեմ՝ որտեղից են վերցրել։ Իսկ այդ 20 հազար դրամը ես սովորաբար, որպես կանխիկ գումար, մոտս պահում եմ, մնացած իմ գումարները իմ պլաստիկ քարտի մեջ են լինում միշտ։ Մենակ էդ 20 հազարը չենք հայտնաբերել, ուրիշ որևէ այլ իր չեն տարել»,-ասաց Սրապիոնյանը։

Նա նշեց, որ իր մեքենայում անգամ թանկարժեք ոսկյա շղթա է եղել, որն ինքը նվեր էր ստացել ընկերներից, և անգամ դա չեն տարել, ուստի վստահ չէ՝ դա գողություն է եղել, թե ուղղակի ինչ-որ մեկը վնասել է ավտոմեքենան։ «Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դա մակարդակով մարդ արած լիներ, էդ գիրքը հաստատ կտաներ»,-ասաց փոխնախարարը։

Հարցին՝ ինչ-որ դիտավորություն տեսնու՞մ է այստեղ, Սրապիոնյանն ասաց․ «Չէ, դա կամ փողոցային թափառական խոիլիգան-մոիլիգան է արել, կամ էդտեղ երեխեքը կլաս-մլաս էին խաղում, հնարավոր է՝ երեխեքն էլ միամիտ վնասած լինեն»։

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ իրեն տրամադրված ծառայողական Nissan Qashqai ավտոմեքենան նա այժմ էլ վարում է, մեքենայի կոտրված ապակին էլ ժամանակավոր փակել է, մինչև կնորոգեն։ Նշենք, որ սփյուռքի նախարարությունում երկու Nissan Qashqai կա, մեկը Սրապինոյանին է սպասարկում, մյուսը՝ մյուս փոխնախարարին։ Իսկ նախարարին սպասարկում է Honda Accord սեդանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X