Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահատության անհրաժեշտություն լինի

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Քրեական գործից անջատված մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պաշտպաններից մի քանիսը մինչ այս պահը չեն ներկայացել դատական նիստին, ինչպես նաև վատացել է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիշչյանի ինքնազգացողությունը. նրա համար շտապ օգնություն է հրավիրվել դատարան։ Այդ իսկ պատճառով նիստը 15 րոպեով հետաձգվեց։

Նիստը վերսկսվելուն պես Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Գիշչյանը բողոքում էր սրտի շրջանում ծանր ցավերից։ Վերջինս անազատության մեջ ստենդավորվել է, բայց դեղորայքային բուժում չի ստացել։ Արտուշ Գաբրիելյանը զրուցել է նաև Շտապ օգնության բժշկի հետ։ Բժիշկն ասել է, որ պետք է Գիշչյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է՝ շտապ վիրահատության անհրաժեշտություն լինի։ Դատական նիստին Խաչատուր Գիշչյանի ներկա չգտնվելու պատճառով այն հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ հինգշաբթի։

Նիստից հետո նրա պաշտպան Աննա Ջուվանովան լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է ներկայացնելու Գիշչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Խաչատուր Գիշչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Գիշչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով 32 ամբաստանյալների մասով գործը բաժանվել է երեք մասի, հիմնական անդամների մասով գործը քննելու է Կենտրոնից էրեբունու դատարան գործուղված Մեսրոպ Մակյանը, 11 հոգու մասով՝ Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, 11-ի մասով էլ՝ Արտուշ Գաբրիելյանը։ Նրանք են՝ Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդգես Գեւորգյանը, Մանվել Աթոյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանը եւ Խաչատուր Գիշչյանը։

Մեկնաբանություն
X