ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերերն իրենց դեռ «դեպուտատ» զգան

Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված oo 11 եւ օօ 01 սերիայով համարանիշներն այլեւս գործածության մեջ չեն։ Բայց մարդիկ կան, որ դեռ դրանք շարունակում են պահպանել իրենց մեքենաների վրա եւ իրենց «դեպուտատ» զգալ։ Մենք գրել էինք, որ ԱԺ-ն այս համարանիշները հետ կանչելու խնդիր ունի։ Դրա համար որոշել է դրանք չեղարկել ու նոր սերիայով համարանիշներ թողարկել՝ կոնկրետ պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ծառայողական մեքենաների քանակով։ Դրանք այժմ HH 01 եւ HH 11 սերիայով են։ Դեռ Հովիկ Աբրահամյանի թվերից ԱԺ պատգամավորական մանդատի նման «անձեռնմխելի» համարվող այս համարանիշները բաժանվեցին աջ ու ձախ, ում ասես, եւ հետո դրանք հետ վերցնելը դարձավ իսկական գլխացավանք։ Աբրահամյանը «լավություն» էր անում ում ասես, կամ էլ ԱԺ գործերի կառավարիչն էր իր հերթին «լավություն» անում իրեն այդ հարցով դիմողներին։

Պատգամավորներ կան, որոնք ուղղակի մոլուցք ունեն ԱԺ համարների նկատմամբ ու օրինական կարգով իրենց հատկացվող մեկ պետհամարանիշով չեն բավարարվում, փորձում են ավելի շատ ԱԺ-ական համարներ ունենալ։ Դրանք հետո փակցնում են իրենց կնոջ, զավակների, թիկնապահների մեքենաների վրա։ Այս կատեգորիային է պատկանում, օրինակ, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ով նախորդ գումարման ԱԺ-ում ինչքան կարողացել, «գոլդ» համար էր ձեռք բերել օօ 01 եւ օօ 11 սերիաներով։ Իհարկե, օօ 01 նրան չէր հասնում, այստեղ, բնականաբար, աշխատել է ԱԺ աշխատակազմի «լավության» օրենքը։ Իսկ օօ 11-ն էլ նա գնում էր պատգամավորներից։ ՍԱՍ-ի Արտակն իր այս «խասյաթը», ասում են, հիմա էլ չի «թարգել»։ Այժմ էլ HH 11 սերիայով համարանիշներ է ձեռք գցել, չնայած, ինչպես նախապես հայտարարվել էր, դրանք պետք է սահմանափակ քանակությամբ թողարկվեին։

Մենք փորձեցինք Հայաստանի ճանապարհային ոստիկանությունից ճշտել, թե ինչ կարգավիճակում են գտնվում օօ 11 եւ օօ 01 սերիայով նախկին ԱԺ-ական համարանիշները, արդյոք դրանք օրինական ուժ ունե՞ն հիմա, ի՞նչ է նախատեսել ոստիկանությունն այս համարանիշների մասով, եւ դրանք մեքենաների վրա հայտնաբերելու դեպքում ի՞նչ են անում։

Պարզվեց՝ ոչ մի բան։ Համարները դեռ ԱԺ հաշվեկշռի վրա են, դրանք կամաց-կամաց հետ են վերցնում, դրա համար որեւէ ժամկետ չկա սահմանված, ավելի շատ թողել են վարորդների բարեխղճությանը, որ տանեն հետ հանձնեն, նման համարներով մեքենաներ կանգնեցնելու դեպքում էլ ՃՈ տեսուչները դրանց համար չեն տուգանում։ Այսինքն՝ նախկին պատգամավորներն ու նրանց մերձավորները դեռ կարող են իրենց «դեպուտատ» զգալ ու հիշեցնել, որ ժամանակին իրենք կամ իրենց պապան «դեպուտատ ա եղել»։ ՃՈ-ն էլ, փաստորեն, «վայիս» չի լինում պետհամարանիշով իրենց կյանքն իմաստավորողների այդ փոքրիկ հաճույքին։

«Օրենքը կոնկրետ չի նախատեսում համարանիշի հանձնման ինչ-որ կոնկրետ ժամկետ, հիմա մենք մեծ քանակությամբ արդեն հետ ենք ստացել։ Եվ հիմա շատ իրավաբանական անձեր հետո դիմել են ու այդ համարները վերցրել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Այսինքն՝ նախկին ԱԺ-ականները տարել հանձնել են իրենց համարները, հետո ուրիշ մեկը կամ գուցե հենց իրենք էլ նորից հետ են վերցրել այդ համարները՝ գրանցելով իրենց ՍՊԸ-ների անունով։ Այսպիսի համարանիշները, նկատենք, ֆիզիկական անձանց չեն տրվում, երեք թիվ հետո երկու թիվ կոմբինացիայով պետհամարանիշը հատկացվում է միայն իրավաբանական անձանց։ Ստացվում է՝ նախկին պատգամավորները հանձնել են սիրելի համարանիշները, հետո դրանք արդեն գնել ու գրանցել իրենց ֆիրմաների անուններով, որ պատգամավորական հիշողությունները միշտ թարմ մնան։

Հարցին՝ նրանք, ովքեր չեն հանձնել իրենց վրա գրանցած համարանիշները, օրենքի խախտո՞ւմ է, Տոնոյանն ասաց՝ դեռ ոչ։ Իսկ որ խախտում են անում, դրա տուգանքներն ո՞ւմ անունով են ուղարկվում։ ՃՈ պետի տեղակալն ասաց, որ համարանիշները դեռեւս հաշվառված են ԱԺ աշխատակազմում, բայց գրանցված են կոնկրետ անձանց անուններով, ում որ տրամադրվել է։ Եթե խախտում է արվում, իրենք պարզում են ԱԺ-ից, նույնականացնում, թե ում անունով է գրանցված այդ համարանիշը, ու տուգանքն ուղարկում նրա հասցեով։ Այստեղ, իհարկե, դեռ պետք է պարզել, թե դրանցից քանիսն են տուգանվել եւ իսկապե՞ս տուգանվում են, եւ այդ տուգանքները գնում են հենց տերերի հասցեով։

Ամեն դեպքում, անհասկանալի է դրանց կարգավիճակը՝ կառավարության որոշմամբ դրանք այլեւս ԱԺ-ին չեն պատկանում, բայց նաեւ սահմանված չէ, թե ում են պատկանում։

Մյուս կողմից Տոնոյանն ասում է՝ ԱԺ-ի վրա են դեռ գրանցված, հետ հանձնելու ժամկետներն էլ անորոշ են, այսինքն՝ ով քանի տարի ուզի, կարող է ի՞ր մոտ պահել։ «Չէ, չէ, չի կարող, որովհետեւ ինչ-որ խելամիտ ժամանակահատված կա, որովհետեւ էդ յուրաքանչյուր փոփոխություն կապված է ինչ-որ գումարային վճարումների հետ՝ պետական տուրքեր եւ այլն, դե, ես հիմա չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել։ Ես պարզապես իրողությունն եմ ներկայացնում, որ կան համարներ, որ դեռ դրսում են, եւ հանձնման գործընթացը շարունակվում է»,- ասաց պարոն Տոնոյանը։

ՃՈ-ն, փաստորեն, ինչպես մուգ ապակիներով մեքենաները տուգանելու եւ շատ այլ հարցերում է անորոշ «վճռականություն» ցուցաբերում, այնպես էլ ԱԺ համարանիշների հարցում։ Այսինքն՝ կառավարության որոշմամբ փոփոխություն են կատարում՝ չվերացնելով նախորդ որոշման հետեւանքները, եւ օրենսդրական տեսակետից անորոշ, տարտամ իրավիճակ ստեղծում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X