Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայրապետյանը

Րոպեներ առաջ ինձ զանգեց մի կին, ով շատ հուզված էր ու լաց էր լինում։ Իմացա, որ նրա մոտ հարազատը Լևոն Հայրապետյանի հետ նստած է եղել նույն խցում։

Չէր հանգստանում, անընդհատ ասում էր՝ տղաս պապ կորցրեց․․․

-Ես զանգել եմ , որ ձեզ մխիթարեմ, ողջ հայ ազգին մխիթարեմ, ասեմ, որ հանգիստ խաղաղ եղեք՝ Լևոնը եղել է հուսալի ձեռքերում։ Նույն խցում նրա հետ նստած են եղել երկու հայ երիտասարդներ, ովքեր Լևոնին հոր պես խնամել, սիրել, գուրգուրել են։ Տղաները Լևոնի պահապան հրեշտակներն են եղել։

  • Որտե՞ղ էր գաղութը։

  • Այն գտնվում է Մորդովայի Յուգո Պալյանսկի մարզում։ Այդ ուղղիչ տունն անվանում էին «Կարմիր գաղութ», այն առումով, որ այդտեղ ոստիկանությունն էր վերահսկողություն անում, գողական բարքեր չկային։ Բայց ասեմ, որ արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ․ ոչ հեռուստացույց, ոչ ինտերնետ։ Չգիտեին՝ դրսում ինչ է կատարվում։ Առիթ եմ ունեցել Լևոն Հայրապետյանի հետ հեռախոսազրույց ունենալ։ Հարցնում էր Հայաստանից, Արցախից։ Ասացի, որ ուզում եմ գնալ Արցախ, ասաց՝ մերոնց էլ կտեսնես։

Գնացի, իհարկե։ Գանձասարում իր փայտամշակման գործարանում «մժեղի պես աշխատում էին»։

Դրսում մի հինգ, վեց տղամարդ էին կանգնած։ Զրուցեցինք, ասացի, որ Լևոնի հետ խոսել եմ։ «Ի՞նչ էր ասում, ո՞նց էր»,- հուզվել էին։ Ասացի՝ Լևոնը հարցնում էր՝ ինձ մոռացե՞լ են։

Այդ հսկա տղամարդիկ հուզվեցին՝ ո՞նց կարող ենք նրա նման մարդուն մոռանալ։ Գնացի Վանք՝ դպրոց, եկեղեցի․․․ Ամեն տեղ նրա շունչն էր, բոլորը սիրում էին նրան, անասելի ջերմ արտահայտվում։

Իսկ հայ երիտասարդները,- շարունակեց պատմել կինը,- որ մեկ տարի Լևոնի հետ նույն խցում էին, կյանքի մեծ դաս են անցել։ Նրանք պապիկ են կորցրել։

Գիտե՞ք, այդ օրը Լևոնի ճնշումն ընկել է։ Լուսադեմին տղաներին ասել է՝ թեյ եմ ուզում։ Մինչև թեյ հասցնելը՝ Լևոնը հանգել է։ Մինչև վերջին պահը եղել է երիտասարդների գրկում։

ՀԳ․ Հասկանալի պատճառով, պատմողի խնդրանքով, անունները չեմ գրում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X