Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝ ինչ բովանդակությամբ

Մի քանի տարի առաջ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված միջպետական համաձայնագրի շրջանակում որոշում ընդունվեց, որ Երեւանում պետք է չինական դպրոց կառուցվի։

Դրա համար պետգույքի կառավարման վարչությունը Չինաստանի կառավարությանը հատկացրեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի 14 հասցեում գտնվող թիվ 103 դպրոցը, որպեսզի այն քանդեն ու փոխարենը նոր դպրոց կառուցեն՝ բաղկացած 4 մասնաշենքից։ ԿԳՆ կայքից տեղեկացանք, որ կառուցման աշխատանքներն ընթանում են։

Դպրոցի կառուցման մեկնարկը նախատեսված էր 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ ավարտը՝ 2018-ին։ Սակայն շինաշխատանքների վերաբերյալ մրցույթի հետ կապված տեխնիկական որոշ խնդիրներով պայմանավորված՝ հետաձգվել է կառուցման աշխատանքների մեկնարկը, եւ սկսել են կառուցել 2017-ի ապրիլի 1-ից, բայց պայմանով, որ վերջնաժամկետը չի փոխվելու։

ԿԳՆ քարտուղարության պետի տեղակալ Մասիս Աղայանցը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը բաղկացած է լինելու չորս մասնաշենքից՝ հիմնական մասնաշենք, սպորտդահլիճ, կաթսայատուն եւ հանրակացարանային մաս։ «Բոլոր չորս շինություններում բետոնային աշխատանքներն արդեն վերջացնում են»,- ասաց պարոն Աղայանցը։

Նա նշեց, որ թիվ 103 դպրոցը պետգույքի միջոցների հաշվին ամբողջությամբ քանդվել է, դպրոցի աշակերտներն ու ուսուցչական անձնակազմն էլ տեղափոխվել են մոտակայքում գործող թիվ 105 դպրոց։ Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորման կարգով նաեւ ազատել է չինացիներին դպրոցի կառուցման նպատակով Հայաստան ներկրվող սարքավորանքների ԱԱՀ-ից՝ դրա համար հատկացնելով 1 մլրդ․ 200 մլն․ դրամ։ Այս գումարը, իհարկե, հետո նորից հետ է գնալու բյուջե, այսինքն՝ կառավարությունն ուղղակի հրաժարվել է այս նպատակով պետբյուջե վճարվելիք ԱԱՀ-ից։ Շինաշխատանքներն իրականացնում է Չինաստանի կառավարության հայտարարած մրցույթի արդյունքում հաղթած չինական կազմակերպությունը։ Տեխնիկան ու աշխատուժի մեծ մասը Չինաստանից են, ներգրավված են նաեւ հայեր։ Աղայանցն ասաց, որ մեր պետությունն իր հաշվին շինարարական ընկերությանը տրամադրել է ջուր, կոյուղի, գազ, հոսանք։

Իսկ ինչո՞ւ հենց չինական դպրոց, կամ՝ ի՞նչ ասել է «չինական դպրոց», այստեղ բոլոր առարկաները չինարե՞ն են անցնելու, չինացինե՞րն են դասավանդելու։ «Դե, բովանդակային մասով արդեն ես չեմ տիրապետում, էդ հարցերի պատասխանը չեմ կարող տալ։ Բայց դե՝ չինական պետությունը բերել նվեր է սարքում։ Ինքը լինելու է հայկական դպրոց՝ չինարենի խորացված ուսուցմամբ։ Ավագ դպրոց է լինելու։ Հենց էդպես էլ գրվելու է՝ չինարենի խորացված դպրոց, դպրոցն էլ անվանվելու է հայ-չինական բարեկամության դպրոց։ Բայց դեռ վերջնական ֆորմատը չկա, թե որ դասարանից են գալու այս դպրոց, բայց չեմ կարծում, թե 9-ից կգան, որովհետեւ երեք տարին քիչ է չինարեն սովորելու համար։ Երեւի ավելի փոքրից կգնան, վարժարանի կարգավիճակ կունենա»,- ասաց Մասիս Աղայանցը։

Հարցրինք՝ հնարավո՞ր է ԿԳՆ-ն մի հատ էլ չինարենի հայեցակարգ ընդունի՝ հատուկ այս նպատակով։ Աղայանցն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Իսկ ունե՞ն Հայաստանում չինարենի պատշաճ մասնագետներ, որ կարողանան դասավանդել այդ դպրոցում, թե՞ մասնագետներն էլ են Չինաստանից ժամանելու։ «Մասնագետներ չունենք, բայց Կոնֆուցիոսի ինստիտուտ ունենք, հնարավոր է՝ նաեւ դրսից մասնագետներ հրավիրենք, չգիտեմ։ Բայց Կոնֆուցիոսի ինստիտուտում մասնագետներ ունենք»,- ասաց Մասիս Աղայանցը։

ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն էլ ասաց, որ դպրոցում ուսուցումը կազմակերպվելու է մեր հանրակրթական դպրոցների ծրագրով, իսկ բովանդակային հարցերի հետ կապված՝ դեռ հստակ ծրագիր չկա, թե ինչպիսին են լինելու կրթակարգը, չափորոշիչները, առարկայական ծրագրերը եւ այլն։ Դրա համար առաջիկայում կձեւավորվի աշխատանքային խումբ, որում չինական կողմից եւս ներկայացուցիչներ կլինեն եւ կքննարկեն այդ բոլոր հարցերը։

Իսկ մենք ունե՞նք այլ երկրի նմանատիպ դպրոց Հայաստանում, ասենք՝ գերմանական, ֆրանսիական, ղազախական եւ այլն։ «Նախաձեռնություններ կան, այսինքն՝ մեր գործընկեր պետությունները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալիս են, օրինակ՝ ուզում են գերմաներենի խորացված ուսուցման կազմակերպումը, նույն իտալական կամ ֆրանսիական դպրոցի ձեւավորումը։ Այսինքն՝ բանակցային փուլում կա նման բան»,- ասաց Պապոյանը։ Այսինքն՝ ցանկացած երկիր, օրինակ՝ Մոնղոլիան, եթե ուզենա, կարող է մեր երկրում դպրո՞ց կառուցել։ «Չէ, էդպես պարզեցված ընթացակարգով չէ, դա համաձայնագրերի շրջանակներում է, երբ երկու պետությունները ստանձնում են պարտավորություն՝ համատեղ ծրագրեր իրականացնելու»։

Նկատեցինք, որ մենք ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի հետ նույն միության մեջ ենք, պամանագրեր ունենք նրանց հետ, կարո՞ղ է մի օր էլ նրանց հետ այդպիսի համաձայնագիր ստորագրենք, եւ ղազախներն ու ղրղզները գան եւ Հայաստանում դպրոց կառուցեն։ Եվ եթե հանկարծ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, հնարավո՞ր է Հայաստանում մի օր էլ ադրբեջանական դպրոց բացվի։ «Հիմա տեսեք, եթե նմանատիպ առաջարկ լինի, բնականաբար, համապատասխան քննարկումները կտարվեն։ Բայց քանի որ նմանատիպ առաջարկ չկա, խոսել, թե որ պետությունը կարող է լինել, մենք ինչպես կվարվենք, չեմ գտնում, որ այդ մոտեցումը ճիշտ է»,- ասաց մեր զրուցակիցը։ Պապոյանի խոսքով՝ այսպիսի դպրոցի կառուցման հիմքում ընկած է մեր երկրի զարգացումը՝ հաշվի առնելով Չինաստանի հետ մեր առեւտրատնտեսական կապերը։

Հարցրինք նաեւ, թե արդյոք լեզվի մասին օրենքի խախտում չի՞ առաջացնի նման դպրոցի գոյությունը մեր երկրում, ԿԳՆ պաշտոնյան ասաց․ «Դուք դա կրթության կազմակերպմա՞ն մասին եք ասում։ Խոսքը վերաբերում է, նորից եմ ասում, տվյալ լեզվի խորացված ուսուցմանը, ոչ թե առարկաների մակարդակով»։

ՀԳ․ Ի դեպ, վերջին շրջանում Չինաստանի ներկայությունը Հարավային Կովկասում եւ, մասնավորապես՝ Հայաստանում, ավելի ու ավելի է զգացվում․ չինական պատվիրակություններ են ժամանում՝ բիզնես առաջարկներով, Չինաստանի դեսպանատուն է կառուցվում՝ ԱՄՆ դեսպանատանը չզիջող, հայ-չինական մշակութային կապերն են խորացվում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X