Կարագը թանկացել է Ռուսաստանում

Սերուցքային կարագը գնաճ է արձանագրել Ռուսաստանում: Այս մասին գրում է ռուսական rg.ru-ն՝ նշելով, որ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ գնաճը կազմել է 21, ըստ Ռուսաստանի նախագահին կից Ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի՝ РАНХиГС-ի փորձագետների եզրակացության:

Սերուցքային կարագից բացի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ եթե նայենք, ապա կաթն էլ թանկացել է 8 տոկոսով: Հայտնի է, որ մեկ կիլոգրամ կարագ ստանալու համար օգտագործվում է 20 լիտր կաթ, եւ մեկի թանկացումը բերել է մյուս ապրանքատեսակի թանկացմանը, քանի որ մի ապրանքատեսակը հումք է հանդիսանում մյուսի համար: Իրականում, սակայն, նշում են պարբերականի վերլուծաբանները, սա ընդամենը այսբերգի երեւացող հատվածն է: Այն, որ կա կաթի դեֆիցիտ, դա փաստ է եւ ռուս վերլուծաբանները դա կապում են անասնագլխաքանակի չպլանավորված կրճատման հետ: Միայն անցած տարի կաթի եւ կաթնային հումքի դեֆիցիտը Ռուսաստանում կազմել է 7-8 միլիոն տոննա, ինչը կազմում է ընդհանուր սպառման ծավալի 23 տոկոսը: Ռուսաստանում սպառվող սերուցքային կարագի 40 տոկոսը բերվում է դրսից, այսինքն՝ ներմուծվում է:

Վերջին մեկ տարում հատկապես մեծացել են Բելառուսից, Ղրղզստանից, Նոր Զելանդիայից եւ Արգենտինայից կատարվող մատակարարումները: Союзмолоко-ի տնօրեն Արտյոմ Բելովը պարբերականի հետ զրույցում պարզաբանել է, որ այս պայմաններում համաշխարհային գները էապես ազդում են ներքին շուկայի վրա գնագոյացման պրոցեսի վրա: Բացի այդ տեղի է ունեցել սպառման այսպես ասած դիվերսիֆիկացում, եւ կարագն այլեւս չի համարվում վնասակար եւ սպառումն ավելացել է, մինչդեռ բուսական յուղի սպառումը կրճատվել է, քանի որ այժմ բուսական յուղի օգտակարության հարցն է դրվել հարցականի տակ: Նշվում է, որ այսօր մեկ կիլոգրամ սերուցքային կարագի գինը կազմում է միջինը 360 ռուբլի: Թանկացման պատճառ որպես համարվում է նաեւ, այն, որ աճել է Չինաստանի կաթնային յուղերի պահանջարկը, որը նույնպես ազդում է շուկայի վրա: Բացի այդ, ռուս արտադրողները խիստ կախված են տեղական հումքից, իսկ կաթը որպես հումք, բավական քիչ է: Մինչ տարեվերջ գների էժանացման սպասել ռուսական շուկայում պետք չէ: Այս պայմաններում փորձագետները Ռուսաստանում չեն բացառում նաեւ մարդկային գործոնը, այսինքն ստեղծված իրավիճակի չարաշահումը որոշ կազմակերպությունների եւ անհատների կողմից, հանուն շահույթի մեծացման:

Մեկնաբանություն
X