Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ

Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման շուրջ քաղաքական-վերլուծական խմորումները շարունակվում են: Բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ նշված է, թե նախագահները համաձայնության են եկել՝ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի կողմից բանակցություններին մասնակցելը ճիշտ որոշում էր: Հակառակ պարագայում միջազգային հանրության կողմից այդ ժեստը կարող էր այլ կերպ ընկալվել: Ըստ քաղաքագետի՝ կարծես դրական արդյունք է երկխոսության հաստատումը եւ սահմանային լարումները նվազեցնելու կողմերի պատրաստակամությունը. «Բայց ինձ համար չափորոշիչն ուրիշ է. եթե սահմանին լարվածությունը ռեալ թուլանա, եւ կրակոցներ չլինեն, ապա հանդիպումն ինչ-որ չափով արդյունավետ կարող ենք համարել»:

Հանդիպումից առաջ եւ հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ խոսք չկար 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք նախատեսում են նախեւառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Ստ․ Գրիգորյանը նշեց, որ այդ պայմանավորվածությունների մասին չհիշատակելը չի նշանակում, որ դրանք այլեւս օրակարգում չեն. «Հայաստանը պարտավոր է դրանք առաջ քաշել, եւ դրանցից հրաժարումը մեզ ամենեւին էլ ձեռնտու չէ: Հույս դնել միայն Ալիեւի բարի կամքի դրսեւորման վրա, այնքան էլ լուրջ չէ: Պետք չէ հույսեր կապել անձի եւ նրա պահվածքի հետ: Հարկավոր են հստակ մեխանիզմներ: Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները հայկական կողմի համար պետք է լինեն անվիճելի սկզբունքներ»: Բանակցություններից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի»: Ըստ Ալիեւի՝ «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Այս համատեքստում բանակցություններին նախագահ Սարգսյանի մասնակցելն ընկալվեց «հետքայլ» որդեգրած դիրքորոշումներից:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ հանրությանը հուզող հիմնական հարցը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասով Հայաստանի դիրքորոշումն էր. «Մինչեւ հանդիպումը Ալիեւը նշեց, որ դրանք, որպես նախապայման, հանվել են: Հայաստանն ասաց, որ դա այդպես չէ, սակայն հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մեր կողմից չի պնդվել պայմանավորվածությունների կատարումը: Ստացվում է՝ Հայաստանը հարժարվել է դրանցից»:

Չնայած համանախագահ երկրների եւ նախագահ Սերժ Սարգսյանի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին առնչվող լռությանը, հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Սարգսյան-Ալիեւ բանակցություններն ամփոփելով եկել էր եզրահանգման, թե վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունն ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ, հետեւաբար՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեւավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում:

Մեկնաբանելով վերը նշված հայտարարությունը՝ պարոն Սարգսյանն ասաց, որ եթե այդ պայմանավորվածություններն օրակարգում լինեին, ապա կհայտարարվեր, որ իրենք քննարկել են սահմանում միջադեպերի հետաքննման մեխանիզմների մշակումը. «Դրա փոխարեն ասվեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, որ առաջնագծում չունենանք զոհեր»:

Մանվել Սարգսյանի խոսքով, հանդիպմանն Ադրբեջանի մասնակցելն ուներ մեկ նապատակ՝ ամբողջ աշխարհին համոզել, որ Հայաստանը հրաժարվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, եւ իրենք չեն ճանաչում որեւէ պայման. «Սա բանակցություն չէր, սա պարզապես հանդիպում էր: Ադրբեջանը վերադարձրել է իր ռազմական դիվանագիտությունը կիրառելու իրավունքը: Այս ամենից հետո ի՞նչ դրական բանակցություն: Մենք այդ նախապայմաններն «ստացել ենք ապրիլյան զոհերի դիմաց» միջազգային հանրության կողմից: Հիմա Շարմազանովն ասում է, թե մենք որեւէ նախապայման չենք դրել, ու «թող իրենք էլ մտածեն (միջազգային հանրությունը՝ հեղ.)»:

Հարցին, թե մինչեւ ապրիլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտ, հնարավո՞ր է նախագահները կրկին հանդիպեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հավանական է: Եթե մեկ-երկու ամիս սահմանում հանգիստ լինի, միգուցե անհրաժեշտություն լինի զարգացնել գործընթացը: Սա բանակցային պրոցես չէր, այլ փորձ՝ մեղմացնելու հարաբերությունները: Դրական դինամիկայի պարագայում այս դրական միտումը շարունակելու կարիք է լինելու»:

Սլավա Բադալյան

Մեկնաբանություն
X