«Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց

Ադրբեջանում կա այդ անունով ֆուտբոլային թիմ: Պաշտոնապես այն ներկայացնում է Աղդամը: Փաստացի դա լեգեոներների ակումբ է, որը դարձել է Ադրբեջանի չեմպիոն: Կամ դարձրել են, որպեսզի «Ղարաբաղը» հանդես գա Եվրոպայի չեմպիոնների լիգայում: Հոկտեմբերի 18- ին «Ղարաբաղ»- «Ատլետիկո» խաղն ավարտվել է ոչ ոքի: Նախորդ խաղում ադրբեջանական թիմը ջախջախիչ պարտություն էր կրել անգլիական «Չելսիից»: Թվում է՝ Ադրբեեջանում պետք է ուրախ լինեին, որ իսպանական հեղինակավոր թիմի հետ խաղում «Ղարաբաղը». չի պարտվել: Բայց՝ ոչ: Այդ առթիվ ֆեյսբուքում գրառում է կատարել Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը՝ համարելով, որ Ադրբեջանին հիմա էլ խեղդում են սպորտում: Մամեդովի կարծիքով՝ «Ղարաբաղ»- «Ատլետիկո» խաղի ֆրանսիացի մրցավարը դիտավորյալ չի նկատել իսպանացիների կոպիտ խախտումները, հօգուտ ադրբեջանական թիմի տասնմեկ մետրանոց չի նշանակել: Ընդհակառակը, «չեղած խախտման համար երկրորդ դեղին քարտն է ցույց տվել «Ղարաբաղի» ֆուտբոլիստին եւ նրան հեռացրել դաշտից»: Խաղի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներն այդ մասին գրել են: Նրանց կարելի է հասկանալ՝ տպավորության տակ էին կամ շատ էին երազում, որ իրենց թիմը հաղթեր «Ատլետիկո»-ին: Հնարավոր է՝ մրցավարին «անարդար» է համարում ադրբեջանցիների մեծամասնությունը: Դա էլ է հասկանալի: Բայց որ նախագահի օգնականի մակարդակով է հայտարարություն հնչում, որ Ադրբեջանին «խեղդում են նաեւ սպորտում»՝ երեւակայությունից էլ վեր է: Այդպես, փաստորեն, մտածում եւ, որ ավելի կարեւոր է, արտահայտվում է ինքը՝ Իլհամ Ալիեւը: Եւ կարծես թե բացահայտում է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի սիմվոլիկան: Այսինքն, այդ անվանումով թիմն ստեղծվել եւ Եվրոպայի չեմպիոնների լիգա է հասցվել մի նպատակով՝ որպեսզի աշխարհն իմանա, որ ադրբեջանական ֆուտբոլի առաջատարը «Ղարաբաղն» է, որպեսզի այդ անվանումը հոլովվի, շրջանառվի, տարածվի եվրոպական մարզաշխարհում: Ըստ էության, այդ թիմի ցանկացած հաջողություն Ադրբեջանում ասոցացվում է ԼՂ հարցում ադրբեջանամետ տեսակետի հաղթանակի, իսկ պարտությունը՝ ԼՂ-ն կորցրած լինելու զգացողության հետ: Ֆրանսիացի դատավորը եթե հօգուտ «Ղարաբաղի» տասնմեկ մետրանոց նշանակեր, եւ «Ատլետիկոն» խաղը տանուլ տար, Ալիեւն իրեն կզգար յոթերորդ երկնքում: Դա տեղի չի ունեցել, Ադրբեջանում համոզված են, որ պատասխան խաղում «Ղարաբաղը» պարտվելու է, դուրս է մնալու հետագա մրցապայքարից: Ալիեւյան սիմվոլիկան չի աշխատելու: Դրա համար էլ նախապես հող են նախապատրաստում, որպեսզի սեփական արկածախնդրության ֆիասկոն ներկայացնեն որպես Ադրբեջանին «սպորտում խեղդելու նպատակադրվածություն»: Ադրբեջանցիները մի խոսք ունեն. «Երբ ամբոխը գժվում է, մոլլայի մոտ խորհրդի է գնում, իսկ երբ մոլլան է գիժ, ու՞մ մոտ խորհրդի գնա»: Սա, ահա, այդ դեպքն է, երբ հոգեգար է երկրի իշխանությունը, ի՞նչ սպասես ամբոխից...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X