4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստան»-ի դպրոցում արդեն սովորում է 42 ուսանող

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրել է Լիբերալ քաղաքական դպրոցը։ Այն գործում է հոկտեմբերի 1-ից, դպրոցի տնօրենը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դիմողներ թիվը եղել 120-ից ավելի է, դպրոց ընդունվել է 42 հոգի․ «2 խումբ է, յուրաքանչյուր խմբում՝ 20-21 հոգի։ Նախապես որոշել էինք՝ 25 հոգի, բայց հետո, երբ դիմումները շատ եղան, այդպես որոշեցինք»։

-Ուսանողները կուսակցականնե՞ր են։

-95 տոկոսը կուսակցական չէ։ Մենք շեշտել ենք, որ կուսակցական պատկանելիությունն որեւէ դեր չի խաղում, ցանկացած կուսակցությունից, եթե մարդն ուզում է կրթություն ստանալ եւ համապատասխանում է մեր չափանիշներին, դա է մեզ համար գլխավորը։ Կրկնում եմ՝ 95 տոկոսը կուսակցական չէ, մեզ մոտ նման բան չի ասվել, մենք ոչ իրենց կենսագրության մեջ չենք տեսել, ոչ էլ իրենք ասել են։ Ենթադրենք, եթե ասեին էլ ինչ-որ կուսակցության անդամ են, դա մեզ համար դեր չէր խաղալու։ Ի սկզբանե, մենք ասել ենք, որ մեր խնդիրը կրթական գործառույթ իրականացնելն է, եւ դպրոցի բացման օրը թե ես, թե Էդմոն Մարուքյանը դա շեշտել ենք, որ էստեղ կուսակցական պատկանելիությունը խնդիր չէ, մենք ուզում ենք կրթական գործառույթ իրականացնել եւ կրթությունը չպետք է ունենա կուսակցական նախապատություն։

-Դպրոցում քանի եւ ի՞նչ առարկաներ են դասավանդվում։

-Առարկաների քանակը ես հստակ չեմ կարող ասել, բայց մոտավոր մեր դասընթացները տեւելու են 4 ամիս, մոտ 30 թեմայի շուրջ ունենալու ենք դասախոսությունները։

-Ովքե՞ր են դասավանդում։

-Մեր դպրոցը ունի ֆբ-ում պաշտոնական էջ, էս պահի դրությամբ, ովքեր եկել են, դպրոցում դասավանդել են, նկարներ եւ հայտարարություններ կան։ Հետագայում, ովքեր կլինեն, որովհետեւ ոչ բոլորի հետ ենք վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել, բոլորը դրա մասին կիմանան։ Մեզ համար սկզբունքն այն է, որ դասավանդեն նրանք, ովքեր ունեն համապատասխան կոմպետենտ գիտելիքներ ինչ-որ մի օգտակար բան սովորեցնելու։ Ինչու չէ նաեւ շատ կարեւոր է, որ, եթե դասախոսը լինում է քաղաքական գործիչ, իր գործունեությամբ նպաստի էն ամեն ինչի կայացմանը, հանուն ինչի մենք այս դպրոցը հիմնել ենք։ Ըստ էության, դպրոցի նպատակը ժողովրդավարության, լիբերալ մտածողության տարածումն է, որովհետեւ ժողովրդավարության կայացման համար ամենաֆունդամենտալ խնդիրներից մեկը կրթությունն է, կոմպետենտ հասարկություն ունենալն է։

-Եղե՞լ են անձիք, ում դիմել եք դպրոցում դասավանդելու համար, բայց հրաժարվել են։

-Այս պահի դրությամբ չեմ հիշում նման դասախոսների, այսինքն՝ նման բան եւս հնարավոր է, բայց որ մերժեն դպրոցում դասավանդել, չեմ հիշում։ Եղել են տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգումներ։ Ում մենք դիմել ենք դասախոսության համար, դրական արձագանքել են։

-Դասավանդումը անվճա՞ր է։

-Այո, քանի որ դպրոցը ֆինանսավորում չունի, սա մենք անում ենք բացառապես մեր ջանքերով, մեր ունեցած հնարավորություններով։

Հ․Գ․ Մինչ այժմ «Լիբերալ քաղաքական դպրոցում» դասախոսել են ամերիկանիստ Արեգ Գալստյանը, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նոնա Մելքոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ս. գ. թ Սոնա Սաղաթելյանը, տնտեսագետ Բաբկեն Թունյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ռուս իրավապաշտպան Անդրեյ Յուրովը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X