2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6866 անձ, իսկ հրաժարվել է 3.844-ը

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։

-Վերջին մի քանի տարվա ընթացքում քանի՞ հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ո՞ր երկրներից, քանիսի՞ դեպքում է դիմումը բավարարվել, քանիսի՞ դեպքում՝ մերժվել։

2015թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 10.189 անձ, 2016թ. ընթացքում՝ 7.229 անձ, 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 6866։ Այսինքն՝ մինչև տարեվերջ կկազմի մոտ 9.200։ 2015թ. ընթացքում մերժվել է 462 անձի դիմում, 2016թ. ընթացքում ՝ 840 անձի դիմում, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մերժվել է 356 անձի դիմում։

-Օտարազգիների ՀՀ քաղաքացի դառնալու քանի՞ դեպք ունենք, որոնք հայազգի չեն։

Երկրների և ազգությունների մասով առանձին վիճակագրություն չի վարվում։

-ՀՀ քաղաքացիություն ստացածների մեջ քանի՞սն են երկքաղաքացի։

Թեև առանձին վիճակագրություն չի վարվում, այնուամենայնիվ գերակշիռ մասը դիմողներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Քաղաքացիություն չունեցող անձինք փոքր թիվ են կազմում։ Հիմնականում այն կատեգորիան է, որ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի ստանան այլ երկրի քաղաքացիություն, չեն ստացել, կրկին դիմել են ՀՀ քաղաքացիություն վերականգնելու համար։

-Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ո՞ր դեպքերում են դիմումները մերժվում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված է ընդհանուր պայման, պետք է լրացած լինի անձի 18 տարին, լինի գործունակ, վերջին երեք տարին մշտապես բնակված լինի ՀՀ-ում, կարողանա բացատրվել հայերեն լեզվով, ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը։
Վերը նշված պայմանները չբավարարելու առումով օրենքով սահմանված է բացառություն ազգությամբ հայերի համար, այն անձի համար, ով ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար և այլն։ Օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մերժումները չեն հիմնավորվում։

-Օտարերկրյա ներդրողներին հայկական քաղաքացիության տալու իրավունք է սահմանվել, մինչ օրս ովքե՞ր են օգտվել այդ իրավունքից։

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով առանձին արտոնություն նախատեսված չէ օտարերկյա ներդրողների համար։

-Քանի՞ հոգի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

2015թ. ընթացքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմել է 2.487 անձ, 2016թ. ընթացքում՝ 3.863 անձ, 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 3.844 անձ։

Մեկնաբանություն
X