Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին

Հոկտեմբերի 31-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստն է տեղի ունենալու։ «Ելք» խմբակցության ավագանու անդամներ Ալեն Սիմոնյանը եւ Դավիթ Խաժակյանը օրերս հանդես են եկել հայտարարությամբ, որ Երևանի ՏԻՄ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ կայանալիք նիստում ավագանու անդամները օրակարգից դուրս կարող են հարցեր ուղղել քաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, եւ խնդրել են երեւանցիներին ուղղել հարցեր, որոնք նիստի ժամանակ իրենք կբարձրացնեն։

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տրված հարցերից յուրաքանչյուրը ըստ իրենց պատկերացրած առաջնայնության կընտրեն․ «Հասկանալի է, որ բազմաթիվ հարցերից պետք է վերցնենք նրանք, որոնք համակարգային են, որովհետեւ հաճախ մարդիկ դիմում են անհատական հարցերով, բայց մենք՝ որպես ավագանու անդամներ, նախընտրում ենք անհատական հարցերին նայել համակարգային լուծման տեսանկյունից եւ հարցադրումը կատարել այդ ուղղությամբ»։

Անդրադառնալով ավագանու հերթական նիստին՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ այդ օրվա օրակարգը հայտնի է, այնտեղ ներառված է հնգամյա զարգացմանը ծրագիրը եւ մի շարք օրակարգային հարցեր, որոնք իրենք այս պահի դրությամբ քննարկում են․ «Էս դեպքում քաղաքապետին եւ քաղաքապետի աշխատակազմին օրակարգից դուրս հնարավորություն է լինելու հարցեր ուղղելու, որին մենք պատրաստվելու ենք»։

-Ի՞նչ թեմայի շուրջ են հարցերը լինելու։

-Տարբեր ավագանու անդամներին տարբեր հարցեր են հետաքրքրում՝ սկսած կրթության ոլորտից վերջացրած տրանսպորտով, եւ մենք առաջիկայում խմբակցության նիստում քննարկելու ենք, թե ինչ հարցեր ենք տալու, ինչ դիրքորոշումներ ենք ունենալու քննարկվող հարցերի վերաբերյալ։

-Լեւոն Իգիթյան պահվածքի, հայհոյելու վերաբերյալ ելույթ լինելո՞ւ է։

-Ես նախատեսում եմ խոսք ասել առհասարակ ավագանու նիստերի անցկացման ձեւի հետ կապված։ Եվ դա չի վերաբերի անհատական դեպքին, այլ ես կարծում եմ, որ պետք է միջոցներ ձեռնարկենք, որ ավագանու նիստերը նման անցկացման ոճ չունենան։

Մեկնաբանություն
X